Յուրի Խաչատուրովը կհեռանա՞

- in Մամուլ
Khachaturov

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է տեղեկությունը, որ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը հունիսի 3-ին ենթարկվել է վիրահատության եւ գտնվում է կենտրոնական կլինիկական հոսպիտալում: Թե հատկապես ինչ վիրահատության է ենթարկվել Յուրի Խաչատուրովը, Հովհաննիսյանը չի հայտնել: Խաչատուրովի վիճակը գնահատվում է նորմալ:

Լավ է, առողջություն ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին: Դա նրան պետք է թե մարդկայնորեն, թե նաեւ պետական գործից ելնելով: Որովհետեւ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը դեռ կարեւոր բացատրություններ պետք է տա հանրությանը, ապրիլյան պատերազմի հետ կապված: Իհարկե ոչ միայն նա, այլ գործնականում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները թե բանակում, թե քաղաքական ղեկավարության կազմում:

Մայիսի 28-ի առումով խոսելով իր պատասխանատվության մասին, պատասխանելով դրա վերաբերյալ հարցադրումներից, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հորդորել էր լրագրողներին չհավատալ խոսակցությունների: «Հո դուք չե՞ք ուզում կազմաքանդել բանակը», ասել էր Խաչատուրովը:

Դա իհարկե հնչում է սպառնալիքի նման: Փաստորեն, նա սպառնում է կազմաքանդել զինուժը, եթե շարունակվեն իր պատասխանատվության վերաբերյալ հարցադրումները: Խաչատուրովի այդ հայտարարությունն անկասկած ուղղված էր ոչ թե հասարակությանը, այլ իշխանությանը: ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այդպիսով փորձում էր կազմակերպել իր պաշտպանությունը: Կասկած չկա, որ սեփական պաշտպանությունը կազմակերպելու հարցում Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն անխտիր գերօպերատիվ են, ի տարբերություն պետության պաշտպանության հարցի:

Իսկ ԶՈՒ բարձրաստիճան ղեկավարության համար «ինքնապաշտպանությունը» ներկայում հրատապ խնդիր է, նկատի ունենալով թե ապրիլյան պատերազմից հետո հանրային տրամադրություններն ընդհանրապես, թե տրամադրությունները առաջնագիծն իրապես պահած զինվորների, սպաների եւ կամավորների մոտ, եւ թե պաշտպանական ոլորտում սկիզբ առած կոռուպցիոն շղթայի բացահայտումը, որի ընթացքում արդեն կան ձերբակալություններ եւ մեղադրանքներ:

Թե որն է այդ գործընթացի բուն մոտիվացիան, այլ հարց է: Բայց ինքնին հասկանալի է, որ մոտիվացիան լուրջ է, քանի որ հակառակ դեպքում զուտ իմիտացիայի համար թիրախ չէր ընտրվի պաշտպանական ոլորտը:

Իսկ քանի որ ակնհայտ է մոտիվացիայի լրջությունը, բավական արդիական է նաեւ հարցը, թե այդ գործընթացը հասնելո՞ւ է բանակի «առաջին» շրջանակի դեմքերի:

Ինչպես երեւում է, զինված ուժերում գործել է կոռուպցիոն հսկա մի ցանց: Թե դրա որ մասն է բացահայտվելու, դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ այդ ցանցը չէր կարող գոյություն ունենալ առանց բարձրաստիճան հովանու: Ըստ այդմ անկասկած է, որ գործընթացը պետք է անխուսափելիորեն բերի առաջին շրջանակից եթե ոչ իրավական, ապա առնվազն քաղաքական պատասխանատվության եւ պաշտոնանկության:

Այստեղ բնականաբար առաջնային երկու դիրքերն են՝ կամ պաշտպանության նախարար, կամ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ: Ակնհայտ է, որ կոռուպցիոն շղթան տարիներ շարունակ ծավավել է նրանց քթի տակ, հետեւաբար նրանք կամ հովանավորել են, կամ այնքան վատ են կառավարել, որ չեն նկատել ու զգացել այդ հսկա «ուռուցքը»: Ըստ այդմ, հարցը դառնում է ավելի ու ավելի կոնկրետ՝ ով է պատասխան տալու, ով է հեռանալու, ում վրա է մնալու ապրիլյան պատերազմի իրողությունների համար ռազմա-քաղաքական պատասխանատվությունը:

Չի բացառվում, որ Խաչատուրովը այդպիսով ակնարկել է, որ եթե փորձ արվի դնել իր պատասխանատվության հարցը, ապա կանի այնպիսի բացահայտումներ, որոնք կկազմաքանդեն պաշտպանական բնագավառը:

Այդ իմաստով շատ ուշագրավ է դառնում Յուրի Խաչատուրովի վիրահատման հանգամանքը: Ինչպես ասում են, Խաչատուրովը գուցե վիրահատվել է ճիշտ պահին եւ ճիշտ տեղում, ու նրա առողջական հանգամանքը կարող է դառնալ իշխանության մեջ յուրօրինակ փոխզիջման առիթ, երբ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը կարող է հեռանալ պարզապես առողջական վիճակից ելնելով, լիարժեք բուժվելու համար, այսինքն հեռանալ ոչ թե իրավա-քաղաքական պատասխանատվության, այլ առողջական համատեքստում:

Հետաքրքիր է, իսկ այդ տեղին կարո՞ղ է հավակնել օրերս Հայաստան վերադարձած Սամվել Բաբայանը, հատկապես պաշտպանական խնդիրների վերաբերյալ նրա վերջին հարցազրույցի ֆոնին: Կասկածից վեր է, որ այդօրինակ հնարավոր նշանակումը տեղավորվելու է 2017 թվականի խորհրդարանի ընտրության եւ իշխանության ձեւավորման խնդրի համատեքստում, գործընթացի գլխավոր մոտիվացիան լինելու է հենց դա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20