Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀՔԾ և Ոստիկանություն

- in Հասարակություն
Nikol Pashinyan

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հենց նոր ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին ուղարկեցի հետեւյալ պատգամավորական հարցումը.

Պարոն Շահինյան.

Ս/թ հունիսի 17-ին քաղաքացի Արմեն Իսրայելյանը, ով ներկայացել է որպես ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «մոտ» աշխատած անձ, armtimes.com կայքի տեսախցիկի առաջ ներկայացրել է տեղեկություններ, վկայություններ, որոնք վկայում են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից ղեկավարվող հանցավոր սխեմայի գոյության մասին (տես՝http://armtimes.com/hy/read/87736):

Իսրայելյանի ներկայացրած փաստերը վկայում են, որ այդ հանցավոր մեխանիզմի գործունեության մեջ որոշակի դերակատարում ունի նաեւ ՀՀ Ոստիկանության Մալաթիայի բաժինը:

Ճիշտ է, հրապարակման լույս ընծայումից եւ ԱԺ-ում խնդրի հետ կապված իմ արած հայտարարություններից հետո Իսրայելյանը մեկ այլ լրատվամիջոցի միջոցով հրաժարումի հայտարարություն է արել, բայց armtimes.com-ում նրա վկայակոչած փաստերը պիտի գոյություն ունենան (կամ չունենան) անկախ նրանից՝ սկզբնաղբյուր հանդիսացած անձը պնդու՞մ է դրանց վրա, թե ոչ:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի ը) կետի, 7-րդ հոդվածի բ) կետի համաձայն ակնկալում եմ ստանալ հետեւյալ հարցի պատասխանը.

– Ի՞նչ միջոցներ է ձեռնարկել Հատուկ քննչական ծառայությունը վերը նշված հրապարակման մեջ առկա փաստերը ՀՀ օրենսդրության սահմանված կարգով ստուգելու եւ դրանց համապատասխան ընթացք տալու համար:

Կանխավ շնորհակալություն:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Նմանատիպ մի գրություն էլ Ոստիկանության պետ Վ. Գասպարյանին եմ ուղարկել՝ Ոստիկանության Մալաթիայի բաժնի մասով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20