Շվեյցարական պետականապաշտության «մաստեր կլաս» Հայաստանի համար

- in Մամուլ
Hashvark

Հունիսի 5-ին Շվեյցարիայում անցկացվել է ուշագրավ մի հանրաքվե: Այդ երկրի քաղաքացիները պատասխանել են հարցին, թե ուզու՞մ են արդյոք ամսական ստանալ 2500 շվեյցարական ֆրանկ՝ մոտավորապես 2250 եվրո, ստանալ առանց որեւէ պայմանի, առանց աշխատանքի, հենց այնպես, ցմահ: Ընդ որում, անչափահասներն էլ այդ դեպքում ստանալու էին ամսական 625 ֆրանկ:

Շվեյցարացիների ընդամենը 18,2 տոկոսն է դրան տվել դրական պատասխան, իսկ 81,8 տոկոսը հրաժարվել է «օդից եկող» փողից:

Այդպիսով, Շվեյցարիայի բնակչությունը մերժել է այդպիսի օրենք ընդունելու գաղափարը: Փողն իհարկե այնքան էլ օդից չէր գալու, այսինքն դա ձեւավորվելու էր հարկերից, որ վճարում են հենց իրենք՝ շվեյցարացիները: Բայց, բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ մարդիկ հրաժարվել են ամսական պատկառելի փող ստանալու հնարավորությունից, որը կապված չէր լինելու որեւէ զբաղվածության հետ կամ չէր բերելու որեւէ նոր պարտավորության:
Աներկբա է, որ շվեյցարացիներին չեն հասկանա հետխորհրդային պետությունների հասարակությունները; Ինչպե՞ս կարելի է հրաժարվել նվեր տրվող ապահովությունից: Առավել եւս, երբ դա մեծ հաշվով հենց քո իսկ փողն է, քո իսկ հարկերից ձեւավորվող փողը եւ ոչ թե ինչ որ օլիգարխի կամ խմբի լավություն, բարեգործություն:

Բայց, շվեյցարացիների քվեարկությունը ցույց է տալիս, որ նրանք ոչ թե փողն են համարել իրենցը, այլ պետությունը: Կամ, իրենց պետությունը իրենց փողից դասել են ավելի բարձր, եւ փաստացի իրենց փողի երաշխիք եւ գրավական են դիտել իրենց պետությունը: Նրանք քվեարկել են ոչ թե իրենց անձնական գրպանի, այլ իրենց պետական ինստիտուտի համար:

Սա գիտակցություն է, որը գալիս է պետականության զգացումից: Շվեյցարացիները հրեշտակներ չեն: Նրանք էլ մարդիկ են, նրանք էլ ցանկանում են ապրել հնարավորինս բարեկեցիկ, անվտանգ: Բայց հրաժարվում են հավելյալ ամսական 2500 ֆրանկ նվերից, որովհետեւ նրանք սեփական երկրում չեն ապրում թալանվածի կամ թալանվողի զգացումով, սեփական կառավարությունը, սեփական իշխանությունը նրանք չեն դիտում որպես հարստահարող օտար մարմին:

Նրանք չեն համարում, որ այդ 2500 ֆրանկը իրենց գրպանում անմիջապես չհայտնվելու դեպքում արդեն իրենցը չէ: Շվեյցարացիները համոզված են, որ դա իրենցն է, եթե անգամ ամսական անմիջապես չի հանգրվանելու իրենց գրպանում կամ հաշվեհամարի վրա:

Չթալանված լինելու զգացումից էլ ձեւավորվում են գիտակցական բարձր նշաձողեր, որոնք բնականաբար չեն կարող հասկանալի լինել հասարակությունների համար, որոնք իրենց պետություններում ապրում են օտարի զգացումով, թալանվողի զգացումով, երբ պետությանը տվածը դիտարկվում է ուրիշին՝ օտարին տված:

Որովհետեւ իշխող «էլիտան» մսխում է հանրային եւ պետական ռեսուրսը, աշխատում է ոչ թե հանրային գիտակցության բարձր նշաձողեր սահմանելու, այլ ցածր բնազդները հնարավորինս բարձր եկամտաբերությամբ շահագործելու ուղղությամբ:

Այդպիսին է օրինակ հայաստանյան «էլիտան»: Այդ իսկ պատճառով, հայաստանցիների զգալի մասը երեւի թե չի հասկանա շվեյցարացիներին: Կամ, գուցե կհասկանա, ու կհասկանա, թե ինչու ինքը Հայաստանում չի քվեարկի այնպես, ինչպես շվեյցարացիները՝ եթե տրվի այդպիսի հարց:

Շվեյցարացիներն ընտրեցին պետությունը, որը տվյալ պարագայում նույնականացվեց նաեւ անհատի աշխատանքի հետ: Նրանք ընտրեցին առավելապես աշխատելով վաստակելու տարբերակը, այդպիսով նույնականացնելով պետություն եւ անհատի աշխատանք կատեգորիաները՝ պետությունը դա ամեն մի քաղաքացու անհատական աշխատանքի արդյունքն է:

Շվեյցարացիները ցույց տվեցին պետականապաշտության «մաստեր կլասս», ի ցույց դրեցին պետական գիտակցության, քաղաքացիական գիտակցության օրինակելի բանաձեւ, ուղենիշ:

Հայաստանյան «էլիտայի» համար դա ռազմավարական վտանգ ներկայացնող ունեղիշ է, հայկական «էլիտայի» համար գենետիկորեն անհամատեղելի ուղենիշ եւ բանաձեւ:

Հայաստանի հանրության համար, սակայն, շվեյցարական «մաստեր կլասը» կարող է լինել հետաքրքիր ուսումնասիրության եւ դիտարկման առարկա՝ հանրային գիտակցության բաղադրության, պետականության հանդեպ վերաբերմունքի, պետություն-քաղաքացի փոխհարաբերության ելակետերի ձեւավորման տեսանկյունից:

Հայաստանում հանրային մտածողության փոփոխությունը ռազմավարական խնդիր է, եւ շվեյցարական տվյալ օրինակը այդ առումով անկասկած արժեքավոր է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20