Ո՞վ է ճանաչելու մեր օրերի արտագաղթը

- in Սոցիալական
Migracia

Անկախացումից հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունները քայլեր ձեռնարկեցին, որպեսզի աշխարհը ճանաչի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը և այն դատապարտի:

Ձեռնարակված միջոցառումերի արդյունքում Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, ԱՄՆ-ի տարբեր նահանգներում ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, իսկ Ֆրանսիան և Շվեյցարիան նույնիսկ հատուկ օրենք ընդունեցին:

2016 թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

Այս ամենը խոսում է այն մասին, որ առաջադեմ մարդկությունը, թեկուզև 101 տարի անց, փորձում է առայժմ ճանաչել կատարված իրողությունը՝ 1,5 մլն. զոհեր:

Իշխանությունները շտապում են շնորհակալական խոսքեր ուղղել և ողջունել, որ աշխարհի հզորները կամաց-կամաց ճանաչում են Հայոց ցեղասպանությունը:

Ռուսական հեռուստաալիքները ոգևորված են, որ գերմանա-թուրքական հարաբերությունները կարող են վտանգվել Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով, մոռանալով, որ այս տարվա ապրիլին քառօրյա պատերազմի ընթացքում ցուցաբերեցին մեղմ ասած ոչ դաշնակցային ռազմավարական գործընկերոջ պահվածք՝ լռություն, ավելին, շեշտադրեցին, որ շարունակելու են զինամթերքի մատակարարումը Ադրբեջանին:

Անդրադառնալով մեր այսօրվա իրականությանը՝ հարկ է նշել, որ ՀՀ-ից արտագաղթը շարունակվում է, որի ուղղությամբ առայժմ գործնական քայլեր չեն ձեռնարկվում, թեկուզև այն մեղմելու նպատակով:

Գործազրկությունը, աղքատությունը հուսահատ մարդկանց պարտադրում է բռնել արտագաղթի ճանապարհը: Արտագաղթ, որը ճանապարհին ունի բազում անհայտներ և անորոշություններ: Մարդիկ թողնում են ընտանիքը, միայն թե կարողանան արտերկրում ինչ-որ դժվարություններ կրելով գումար վաստակել և ընտանիքին ուղարկել:

Իշխանությունները ավարտեցին կոռուպցիայի դեմ պայքարի 3-շաբաթյա մարաթոնը, սակայն արտագաղթը, աղքատությունը և գործազրկությունը օր-օրի ավելանում է:

Մայիսի 25-26 Բրյուսելում Եվրոպայի արհմիությունների տարածաշրջանային խորհուրդը քննարկում էր արտագաղթի հիմնահարցերը: Կարևորվում էր ներգաղթ և արտագաղթ ունեցող երկրների խնդիրները, ինչպես նաև տարանցիկ երկրներում նրանց կարգավիճակը:

ՀՀ-ն այսօր ունի ոչ միայն արտագաղթի մեծ չափեր, այլև դարձել է տարանցիկ երկիր՝ Սիրիայից ներգաղթողների համար, որոնցից շատերը փորձում են ժամանակավորապես կացության հարցեր լուծել:

Աշխարհի առաջադեմ մարդկությունը դանդաղ, բայց հաստատուն քայլերով կճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ ո՞վ կամ ե՞րբ պետք է ճանաչի Հայաստանի Հանրապետությունից այսօրվա արտագաղթը:

Գառնիկ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...