Սամվել Բաբայանը տգեղ վարվեց Հայկ Խանումյանի հետ

- in Ով ով է ...
Samvel Babayan

Ստեփանակերտի հիվանդանոցում Հայկ Խանումյանին տեսակցելուց հետո Սամվել Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Հայկ Խանումյանը ղալաթ ա անում, որ ինձ առաջարկում ա պաշտպանության նախարար, որ խնդրեն էլ, պարոն Բաբայանը պաշտպանության նախարար չի ուզում»:

Նախօրեին կազմակերպվել էր Բաբայանի «վերադարձի արարողությունը» Ստեփանակերտ, որից հետո Հայկ Խանումյանը Ստեփանակերտի հրապարակում հանրահավաքի ժամանակ պահանջել էր Բաբայանին նշանակել պաշտպանության նախարար: Հաջորդ օրն առավոտյան նա առեւանգվել ու դաժան ծեծի էր ենթարկվել: Ըստ Հայկի՝ իր դեմ բռնություն կիրառողները իրեն ստիպել են ինչ որ թուղթ գրել եւ տեսանյութ են պատրաստել իր «խոստովանության» մասին:

Եվ ահա, Բաբայանը նման հայտարարություն է անում: Տեղեկություններ չկան, թե արդյոք Հայկ Խանումյանի պահանջը համաձայնեցված է եղել Բաբայանի հետ, ով մինչ այդ հայտարարել էր, թե պաշտոն չի ուզում: Մյուս կողմից էլ, Բաբայանը փաստացի ակնարկում է, որ ողջ խնդիրը հենց դրանում է:

Ամեն դեպքում, Բաբայանի պահվածքը ու հայտարարությունը տգեղ է ու չի վայելում «հերոսին», ում «վերադարձի» ոգեշնչողն ու գաղափարախոսը եղել է Հայկը: Չարժեր այդքան արագ «հանձնել» Հայկին, որքան էլ որ հասկանալի է, որ ի դեմս Հայկի՝ ծեծել են հենց իրեն:

Սամվել Բաբայանի «վերադարձը» տրիումֆի չվերածվեց, այլ միայն՝ սկանդալի: Երեւում է, սկանդալները դեռ շարունակվելու են, հաշվի առնելով թե Բաբայանի կերպարը, թե այն իրողությունները, որոնք ներկայում ստեղծվել են Հայաստանում ու Ղարաբաղում:

Սկանդալների պարարտ հող են նաեւ Բաբայանի մի քանի հարցազրույցները հայաստանյան ԶԼՄ-ներում, որտեղ նա տեղ-տեղ էկզոտիկ, երբեմն անհեթեթ ու նաեւ վտանգավոր մտքեր է հայտնում ներկայիս ռազմա-քաղաքական իրավիճակի մասին, փաստացի կրկնելով ու «լեգիտիմացնելով» իշխանության թեզերը քառօրյա պատերազմի իրողությունների վերաբերյալ: Այս մասին դեռ խոսակցություն կլինի:

Հայկը վաղուց է բնակվում Արցախում, սակայն երեւում է այնքան էլ ծանոթ չէ Արցախի ոչ վաղ անցյալի իրողություններին, ակտիվ գործող անձանց, տեղի ունեցած իրադարձությունների էությանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20