Սամվել Բաբայանի քայլերը ճիշտ հաշվարկված են՝ քաղաքականություն մտնելու համար

- in Կարծիք
Davit Babayan

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հարցազրույցը Արցախում որևէ առանձնակի աժեոտաժ չի առաջացրել: 

Այդ մասին Panorama.am-ի թղթակցին տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով «Սիվիլնեթ»-ին տված Սամվել Բաբայանի հարցազրույցը:

«Շատ հանգիստ ենք ընդունել, ճիշտ է կան վիճահարույց բազմաթիվ դրույթներ, բայց ընդհանուր առմամբ այդպիսի հարցազրույցներ և այդպիսի կարծիքների փոխանակում գրեթե ամեն օր լինում են», -հավելել է պարոն Բաբայանը:

Մասնավորապես, ըստ Դավիթ Բաբայանի՝ վիճահարույց է Բաբայանի այն հայտարարությունը, որ Ադրբեջանի ձեռնարկած գործողությունները ապրիլի 2-ին պարզապես դիվերսիա էին:

«Անձամբ ես, բազմաթիվ այլ մասնագետներ, փորձագետներ ևս, կարծում եմ՝ չեն համաձայնի նրա այն գնահատականի հետ, որ չորսօրյա պատերազմը պատերազմ չէր, այլ ուղղակի դիվերսիա, սադրանք: Դա այդպես չէ: Ադրբեջանը իրոք պատրաստել էր խոշոր հարձակում: Այդպիսի վիճահարույց հարցեր կային հարցազրույցում: Բայց ամեն օր բազմաթիվ այնպիսի մեկնաբանություններ տեղի են ունենում և տարածվում են համացանցում», -նկատել է Դավիթ Բաբայանը:

Դիտարկմանը, թե Սամվել Բաբայանը կարծես սովորական մարդ չէ, Արցախի ՊԲ նախկին հրամանատարն է եղել, երկար ժամանակ բացակայել է երկրից ու փորձում է մասնագիտական գնահատական տալ իրավիճակին, Արցախի նախագահի խոսնակը արձագանքել է. «Նամանավանդ որ երկար բացակայել է երկրից: Սա պարզապես հայտ է քաղաքականություն մտնելու»:

Հարցին, թե հարցազրույցում քաղաքական հայտարարություններ չեն արվել, ինչի՞ց է խոսնակը ենթադրում, որ Սամվել Բաբայանը քաղաքականություն մուտք գործելու հայտ է ներկայացնում, Դավիթ Բաբայանը պատասխանել է. «Չէ, այն, որ այնտեղ կային նման գնահատականներ իր դերակատարության մասին, որ այստեղ սխալ է, պետք է սա անել, նա անել: Սա պարզապես քաղաքական հայտի դրվագներ են: Երևում է, որ մարդը ուզում է մտնել քաղաքական դաշտ: Դե մենք ժողովրդավարական երկիր ենք և խնդիրներ որևէ մեկի մոտ չի լինի»:

Մյուս հարցին, թե որտե՞ղ կարող է Սամվել Բաբայանը քաղաքականությամբ զբաղվել՝ Արցախո՞ւմ, թե Հայաստանում, Արցախի նախագահի խոսնակը պատասխանել է. «Դժվար է ասել, հավանաբար, Արցախում: Ժամանակը ցույց կտա: Եթե այդպիսի զարգացում լինի: Հիմա շատ մարդիկ են հայտ ներկայացնում, հետո վերանայում: Բայց կրկնում եմ՝ սովորական հարցազրույց է մանավանդ որ 2016-ի վերջին Հայաստանում, 2017-ին Արցախում ակտիվ քաղաքական շրջան է: Ճիշտ ժամանակին հաշվարկած քայլ է՝ քաղաքական դաշտ մտնելու համար»:

Spread the love