Սամվել Հարությունյան. «Ոլորտում խրախուսելի պետք է լինի «բժշկական ընտանիք» ավանդույթի արմատավորմանը նպաստելը»

- in Առողջություն

«Արամյանց» բժշկական կենտրոնի տնօրեն Սամվել Հարությունյանի հետ այս հարցազրույցը տեղի է ունեցել միջնորդավորված և նախապես ուղարկված գրավոր հարցերի և «ստացված» գրավոր պատասխանների համատեքստում, իր` թերություններով ու առավելություններով հանդերձ: Իսկ զրուցել ենք առողջապահության ոլորտի խնդիրների, հայրեր և որդիներ հարաբերակցության ու կենտրոնի միջազգային հարաբերությունների մասին: Հաջորդիվ` կանդրադառնանք հարցազրույցում առկա այն դրույթներին, որոնք խնդրահարույց են:

– Պարոն Հարությունյան, ներկայացրեք խնդրեմ Ձեր բժշկական կենտրոնը, ի՞նչ բաժանմունքներ են գործում, որոնք կառանձանացնեիք:

– «Արամյանց» բժշկական կենտրոն ԱՓԲԸ /նախկին թիվ 3 կլինիկական հիվանդանոցը/ հիմնադրվել է 1972 թ. նախատեսված 350 մահճակալի համար, 5 մասնագիտական պրոֆիլներով՝ ընդհանուր թերապիա, ընդհանուր վիրաբուժություն. սրտաբանություն. անոթյաին վիրաբուժություն, կրծքային վիրաբուժություն: Տարիների ընթացքում հիվանդանոցը մի քանի անգամ փոխել է իր կարգավիճակը. նունիսկ մի քանի տարի ընդգրկվելով շտապ բժշկական օգնության միավորման կազմում:

1999 – 2011 թթ. ընթացքում կազմակերպչական հետևողական աշխատանքի շնորհիվ հիվանդանոցում կազմակերպվեցին ևս 5 մասնագիտական բաժանմունքներ և ներկայումս գործում են հետևյալ բաժանմունքները՝ ընդհանուր թերապիայի, ընդհանուր և ինվազիվ սրտաբանության, ընդհանուր վիրաբուժության, անոթային վիրաբուժության, օրթոպեդիայի և վնասվածքաբնության, օպերատիվ և վերականգնողական գինեկոլոգիայի, քիթ – կոկորդ ականջաբանության, դիմածնոտային վիրաբուժության, անհետաձգելի բժշկական օգնության, անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման: Մահճակալների թիվը օպտիմալացվեց հասցնելով 160–ի:

Բժշկական անձնակազմի մասնագիտական բարձր մակարդակի առումով հատկապես կցանկանաի առանձնացնել ընդհանուր և ինվազիվ սրտաբանության դիմածնոտային վիրաբուժության, քիթ – կոկորդ – ականջաբանության և օպերատիվ և վերականգնողական գինեկոլոգիայի բաժանմուքները:

– Ժամանակին շատաօգնության հիվանդանոցն այսօր էլ ներառվա՞ծ է այդ բուժծառայության կանչերի ցանկում և հիվադներ ընդունո՞ւմ է շտապօգնության միջոցով:

– Ներկայումս կենտրոնը ընդգրկված չէ Շտապ օգնության ծառայության համակարգում, այն գործում է որպես առանձին կազմակերպություն, սակայն ինչպես մյուս բժշկական կազմակերպությունները մեր կենտրոնը նույնպես սպասարկվում է շտապ օգնության ծառայության կողմից, որը ամսվա ընթացքում կենտրոն է տեղափոխում շուրջ 120 – 130 տարբեր հիվանդներ: Համագործակցությունը շտապ օգնության ծառայության հետ շատ սերտ է, որից շահում են միայն հիվանդները:

– Ինչպիսի՞ն են անցած տարվա արդյունքները «Արամյանց» բժշկական կենտրոնում` նախորդ տարվա համեմատությամբ:

– Կենտրոնի գործունեության 2015 թ. արդյունքները զգալի տարբերվում են 2014 թ. արդյունքներից, այն էլ դրական առումով՝ թե սպասարկված հիվանդների թվաքանակով, թե ֆինանսական աշխուժության և, թե սպասարկման որակի բարձրացման հարցերում:

Կառավարման համակարգի կատարելագործման, բժշկական օգնության որակի բարձրացման, բժշկական անձնակազմի աշխատանքի պայմանների էլ ավելի բարելավման և աշխատավարձերի բարձրացման նպատակով կենտրոնում գործում է բժշկա – ֆինանսական համատեղ խումբ, որը մասնագետների հետ ուսումնասիրում և մշակում է ծրագրային նոր խնդիրներ կենտրոնի ինչպես մասնագիտական, այնպես էլ ֆինանսական գործունեությունը ժամանակի պահանջներին համահունչ դարձնելու համար:

– Ի՞նչ նյութատեխնիակական բազայով և բուժանձնակազմով եք բուժսպասարկում իրականացնում:

– Կենտրոնը հիմնադրման օրվանից համարվել է կադրերի պատրաստման դարբնոց: Լինելով Երևանի բժշկական համալսարանի սրտաբանության, պրոպեդևտիկայի, ընդհանուր վիրաբուժութթյան, անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման, Երևանի բժիշկների վերապատրաստման ազգային ինստիտուտի քիթ – կոկորդ – ականջաբանության և դիմածնոտային վիրաբուժության անբիոննների բազա: Այստեղ աշխատել և դասավանդել են հայ բժշկության այնպիսի պայծառ դեմքեր ինչպիսիք են` պրոֆեսորներ Սուրեն Ավդալբեկյանը, Գուրգեն Բադալյանը, Հովանես Սարուխանյանը, Վիկտոր Ափոյանը, Ֆրիքս Դրամփյանը, Պավել Անանիկյանը:

Այսօր էլ կենտրոնը հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, իրականացնում է լուրջ կադրային քաղաքականություն՝ իր բարի համբավի պահապանման, ազգաբնակչության շրջանում բժշկության և բուժաշխատողի նկատմամբ վստահության պահպանման ուղղությամբ: Այսօր կենտրոնում գործող առաջատար մասնագետները իրենց գործունեությամբ չեն զիջում իրենց ուսուցիչներին և իրավացիորեն վայելում են բնակչության սերն ու հարգանքը՝ ԲԳԴ պրոֆ բժիշկ վիրաբույժ Պ . Անանիկյան, ԲԳԴ պրոֆ էնդոկրին գինեկոլոգ Կ. Թոխունց, ԲԳԹ բժիշկ վիրաբույժ Գ. Պիվազյան, ԲԳԹ բժիշկ վիրաբույժ Ա. Մանուկյան, ԲԳԹ բժիշկ գինեկոլոգ Բ. Մկրտչյան, ԲԳԹ դոց. բժիշկ քիթ – կոկորդ – ականջաբան Ա. Մուրադյան, ԲԳԹ բժիշկ վնասվածքաբան Ա. Սոֆյան, ԲԳԹ դոց. դիմածնոտային վիրաբույժ Գ. Խաչատրյան, ԲԳԹ բժիշկ քիթ – կոկորդ – ականջաբան Գ. Արզումանյան, ԲԳԹ բժիշկ քիթ – կոկորդ – ականջաբան Ե. Հովհաննեսյան, ԲԳԹ դոց. բժիկ թերապևտ Ա. Ջուհանյան, ԲԳԹ բժիշկ սրտաբան Ն. Գրիգորյան, բժիշկ սրտաբաններ Կ. Ադամյան, Ս. Առաքելով, բժիշկ անեսթեզիոլոգներ Կ. Մելքոնյան, Ա. Մելքումյան:

Կենտրոնի նյութատեխնիկական բազան անընդհատ գտնվում է զարգացման պրոցեսում և այսօր կենտրոնը իր հնարավություններով կարողանում է ապահովել բնակչության առողջության ամենահրատապ խնդիրները, իր մոտ գործող մասնագիտական պրոֆիլների շրջանակներում: Ապահովվածության մասով իհարկե մշակված են համապատասխան ծրագրեր նորագույն սարքավորումների ձեռք բերման ուղղությամբ, սակայն դրանք պայմանավորված են լուրջ ֆինանսական խնդիրների հետ և կարիք ունեն լուրջ ուսւոմնասիրման և քննարկման:

– Այսօր, երբ պոլիկլինիկաներում բուժսպասարկումն անվճար է, Ձեր կենտրոն դիմող քաղաքացիների առողջական տվյալներով, քաղաքացիներն ավելի հետևողակա՞ն են դարձել իրենց առողջության հանդեպ:

– Ճիշտ է այսօր ազգաբնակչության ամբուլատոր բժշկական օգնությունը իրականացվում է անվճար սկզբունքներով, սակայն նրանցից ոչ բոլորն են օգտվում անվճար ստացիոնար բժշկական օգնությունից, որի հետևանքով շատերը հիվանդանոց են դիմում ուշացած և բարդացած դեպքերով: Դա իր հերթին նշանակում է ոչ միայն բժշկական օգնության ծավալի աճ, երկարատև բուժման անհրաժեշտություն, այլև ֆինանսական միջոցների չնախատեսված աճ, որն իհարկե ցանկալի չէ, հատկապես` նկատի ունենալով ներկայիս սոցիալական լարված իրավիճակը: Մի բան ակնհայտ է՝ ստացիոնար բժշկական օգնությունը ավելի թանկ է, քան ամբուլատոր բժշկական օգնությունը և պրոֆիլակտիկան էլ ավելի էժան է, քան` բուժումը: Կարծում եմ` խոսքը ապագա համատարած բժշկական ապահովագրությանն է, որի ուղղությամբ դեռ շատ քայլեր պետք է արվեն:

– Բժշկական կենտրոնում աշխատում է նաև Ձեր որդին: Բժշկության ոլորտում հայրեր և որդիներ հանգամանքն առկա՞ է, սերունդների անհամաձայնությունը, թե` քանի որ բժշկությունը ստանդարտներով է իրագործվում, նման խնդիր չկա:

– Հարցը և հետաքրքիր է և ակտուալ: Ծնող – զավակ համգործակցությունը նույն մասնագիտական շրջանակներում, առավել ևս` նույն կազմակերպություններում առկա է վաղուց և ամբողջ աշխարհում: Մեր ընտանիքը նույնպես բացառություն չէ, ավելին ասեմ` կենտրունում աշխատում է նաև դուստրս: Հարցը կայանում է միայն հետևյալում, արդյո՞ք նրանք իրենց մասնագիտությունը ընտրել են սիրով և իրենց նախասիրությամբ, թե` ծնողների հորդորով: Ճիշտն` առաջին տարբերակն է: Այն հնարավություն է տալիս զգալ, թե ծնողն ինչ մասնագիտական ճանապարհ է անցել, ինչպիսի դժվարություններ է հաղթահարել այդ ընթացքում, մոտիկից նկատել և ուսումնասիրել տեղ գտած թերությունները, բժշկագիտության ժամանակակից նվաճումների տեսանկյունից առաջարկություններ անել առողջապահական գործի կատարելագործման ուղղությամբ և, որ կարևորն է, լինել հավատարիմ և ցավացող թիմակից:

Նման հարցում ստանդարտներ չկան: Կազմակերպությունը նույնպես ընտանիք է, իսկ ընտանիքում վեճերն անխուսափելի են, սակայն, որոնք չեն բերում լուրջ տարաձայնությունների, չեն խաթարում կազմակերպության բնականոն գործունեությունը, այլ նպաստում են խնդիրների ճիշտ լուծմանը, որովհետև առողջապահությունը դա անձնական հետաքրքրությունների ոլորտ չէ, այն իր նշանակությամբ հանրային ծառայություն է, իսկ հաշվի չառնել հանրության կարծիքը և պահանջը մեր գործում անթույլատրելի է:

– ՀՀ առողջապահության նախարարությունն ինչպիսի՞ վերահսկողություն է իրականացնում բժշկական կենտրոնների հանդեպ, մասնավորապես` «Արամյանց»-ի:

– Բժշկական կազմակերպությունների նկատմամբ ՀՀ առողջապահության Նախարարության վերահսկման ֆունկցիան իրականացվում է հիմնականում մի քանի ուղղություններով.

* Բժշկական օգնության կազմակերպման, ախտորոշման և բուժման հարցերի վերաբերյալ մեթոդական օգնություն, ինֆորմացիոն տվյալների տեղայնացում, բնակչությանը որակյալ բժշկական օգնության ցուցաբերման, ազգաբնակչության դիմում բողոքների ուղղությամբ համապատասխան ուսումնասիրությունների իրականացում.

* Բժշկական կազմակերպություններում սանիտարա -հակահամաճարակային վիճակի ուսումնասիրում, դրա պահպանման և կատարելագործման ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերահսկում, այդ ուղղությամբ մեթոդական ցուցումների տեղայնացում.

* Կազմակերպության, նրա առանձին օղակների գործունեության, կադրերի իրենց մասնագիտական որակին համատասխանելիության ուսումնասիրում և լիցենզավորում.

* Պետության կողմից ազգաբնակչությանը տրամադրվող անվճար բժշկական օգնության նպատակով պետական պատվերի տեղադրում, և այդ նպատակով հատկացված միջոցների նպատակային օգտագորման վերահսկում.

Ինչ վերաբերվում է ՀՀ ԱՆ և «Արամյանց» ԲԿ ԱՓԲԸ համագործակցությանը, ապա այն իրականացվում է ՀՀ-ում և առողջապահության համակարգում գործող օրենքներին համապատասխան:

– Դուք, որ ժամանակին եղել եք Երևանի քաղաքապետարանի առողջապահության բաժնի պետը, այսօր այդ բաժինն ինչպիսի՞ վերահսկողություն է կատարում կամ աջակցում մայրաքաղաքում գործող բժշկական կենտրոններին, մասնավորապես` «Արամյանց»-ին:

– Իհարկե ժամանակին Երքաղխորհրդի առողջապահության վարչության և այսօրվա Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գործունեւոթյան մեջ կան շատ էական տարբերություններ, որը գալիս է և´ ժամանակի պահանջներից, և´ որ կարևորն է նաև գործող օրենքների պահանջներից:

* նախկինում երևան քաղաքում գործող առողջապահությանն կազմակերպություների 80 տոկոսը գտնվում էր վարչության ենթակայության տակ և բոլորը բացառապես ունեին պետական կարգավիճակ, այսօր շատ կազմակերպություններ մասնավորեցված են և վարչության ենթակայության չեն, չնայած համագործակցում են ազգաբնակչությանը անվճար բժշկական օգնության ցույց տրման նպատակով պետպատվերի տեղադրման հարցերում:

Նախկինում վարչության իրավասության շրջանակներն ավելի լայն էին, որոշումների կայացման հարցերում նա ավելի ինքնուրուն էր, ենթակա կազմակերպությունների ֆինանսավորման հարցերը լուծում էր ինքը համաձայնեցնելով ղեկավարության հետ, մեծ ինքնուրունություն ուներ կադրերի, հատկապես ղեկավար, ընտրման հարցերում: Վարչությանը կից գործում էր մեծ խորհուրդ, որը համակարգի և քաղաքի մասշտաբով կարևորագույն ծրագրային որոշումներ էր կայացնում և համաձայնեցնելով ղեկավարության և ՀՀ ԱՆ հետ իրականացնում էր դրանք: Այսօր դժվարանում եմ ասել, թե վիճակն ինչպիսին է, քանի որ ըստ էության կապը թույլ է:

– «Արամյանց» բժշկական կենտրոնում են աշխատում այնպիսի հեղինակություն ունեցող բժիշկներ, ինչպիսիք են Անանիկյանը, Գրիգոր Խաչատրյանը և ուրիշներ, դա առավելություն տալի՞ս է քաղաքացիների դիմելիության հարցում:

– Այո, «Արամյանց» բժշկական կենտրոնում են աշխատում հայր և որդի Անանիկյանները, հայր և որդի Խաչատրյանները, այժմ արդեն հայր և որդի Հարություննյանները: Հարցի բարոյական կողմի վերաբերյալ, վերևում արդեն նշել եմ, իսկ թե ինչպես է անդրադառնում այդ հանգամանքը ազգաբնակչության վրա, և տալիս է նրան առավելության դիմելիության հարցում, թե` ոչ, պայմանավորված է միայն մասնագիտական բարձր որակի առկայությամբ: Նրանք այն մասնագետներն են, որոնք չեն զիջում բժշկագիտության բնագավառում, քաղաքի և հանրապետության, շատ տիտղոսավորված դեմքերի, ունեն իրենց հաճախորդները և շատերը նպատակային դիմում են կենտրոն` հենց իրենց մոտ բժշկական օգնություն ստանալու ակնկալիքով: Ավելին, կարծում եմ, մեր ոլորտում խրախուսելի պետք է լինի «բժշկական ընտանիք» ավանդույթի արմատավորմանը նպաստելը:

Իսկ ինչ վերաբերվում է երիտասարդներին, ապա մի խոսքով կարելի է ասել՝ նրանց համար կյանքը՝ իր թե դժվարություններով և թե հնարավորություններով, դեռևս առջևում է:

– Դեղերի գնման և այստեղ բուժվող քաղաքացիներին տրամադրման հարցում ինչպիսի՞ն է իրավիճակը:

– Հիվանդների բուժման նպատակով դեղորայքը ձեռք է բերվում կենտրոնի միջոցներով՝ մեր միջոցների շուրջ 25 տոկոսն օգտագործվում է դեղորայքի ձեռք բերման համար: Պետական պատվերով բուժվող հիվանդները բացարձակապես օգտվում են կենտրոնի կողմից հատկացված դեղամիջոցներից: Բացառիկ դեպքերում, այն էլ` հիվանդների համաձայնությամբ և ղեկավարության թույլտվությամբ, հիվանդի կողմից կարող են ձեռք բերվել միմիայն թանկարժեք դեղամիջոցներ, որը նախատեսված է նաև ՀՀ կառավարության պետական պատվերի վերաբերյալ հայտնի որոշումով:

– Ինչո՞վ է առանձնանում «Արամյանց» բժշկական կենտրոնը մայրաքաղաքում գործող մյուս համնման կենտրոններից:

– Որպես բժշկական կենտրոն՝ ոչինչով, բայց նա ունի քաղաքում բացառիկ կենտրոնացված տեղակայում, բարձր որակի բժշկական սպասարկում, գործում են բուժման համեմատաբար ցածր սակագները և զեղչային ճկուն համակարգը:

– Պետպատվերով բուժսպասարկում իրականացնո՞ւմ եք, և եթե այո, ապա ՀՀ առողջապահության գործակալությունից պետպատվերի շրջանակներում ֆինանսները ժամանակին տեղ հասնո՞ւմ են:

– «Արամյանց» ԲԿ ԱՓԲԸ իրականացնում է պետական պատվերով անվճար բշկական օգնություն նախապես ներկայացված մասնագիտական հատերի շրջանակներում, այդ գործընթացը գտնվում է կենտրոնի ղեկավարության մշտական հսկողության տակ:

Ինչ վերաբերվում է ֆինանսական հոսքերի կանոնավոր և ժամանակին հատկացմանը ՀՀ առողջապահության պետական գործակալության կողմից, ապա պետք է նշեմ հստակությունը այդ գործընթացում, որը ավելի քան լուրջ է դրված:

– Մեր հարցերն այսքանն էին, ինչի՞ մասին ինքներդ կցանկանայիք խոսել, բայց հարց չտրվեց:

– 2016 թ. փետրվարին «Արամյանց» ԲԿ ԱՓԲԸ և Հռոմի «Ավգուստո Ջեմելլի» Կաթոլիկ եկեղեցական համալսարանական հոսպիտալի միջև, որն ի դեպ, Եվրոպայի խոշորագույն կլինիկաներից մեկն է, կնքվեց համագործակցության հուշագիր երեք հիմնական ուղղություններով

ա. բժիշկ մասնագետների վերապատրասման և փոխանակման «Ավգուստո Ջեմելլի» հոսպիտալում.

բ. դժվար ախտորոշվող և բուժման ենթակա հիվանդություններով տառապող հիվանդ – բժիշկների հետազոտում և բուժում, ինչպես այստեղ` Երևան քաղաքում. իտալացի մասնագետների կողմից, այնպես էլ` Հռոմում «Ավգուստո Ջեմելլի» հոսպիտալում.

գ . «Ավգուստո Ջեմելլի» հոսպիտալի կողմից «Արամյանց» ԲԿ–ին բժշկական սարքեր և պարագաներ հնարավորինս հատկացնելու վերաբերյալ.

Ի դեպ, 2016 թ. ամռանը և աշնանը «Արամյանց» բժշկական կենտրոնից Հռոմում իրենց մասնագիտական ուսուցումը կանցկացնեն երեք մասնագետներ՝ մեկ վնասվածքաբան, մեկ դիմածնոտային վիրաբույժ և մեկ բժիշկ ռենտգենոլոգ:

Արդեն պայմանավորվածություն կա երեք հիվանդի վերաբերյալ, նրանց բուժումը «Ավգուստո Ջեմելլի» հոսպիտալում իրականացնելու ուղղությամբ:

Այսպիսով` հադես գալով «Արամյանց» ԲԿ – «Ավգուստո Ջեմելլի» բրենդի տակ հնարավորություն է ստեղծվում ևս մեկ ուղղությամբ նպաստել մեր ազգաբնակչության առողջության հրատապ խնդիրների լուծմանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20