Սարգիս Ավետիսյան. «Մեր երկրում անհրաժեշտ է շուտափույթ իշխանափոխություն» – Տեսանյութեր

«Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի հետ զրուցում ենք քառօրյա պատերազմի ու դրանից ստացած դասերի, ՀՀ կառավարությունում ձեռնարկված ռեֆորմների, օպտիմալացման և դրանց արդյունքների, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ – լեյտենանտ Սամվել Բաբայանի վերադարձի ու նրա վերջին հարցազրույցի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ու քաղաքականություն վերադառնալու, ստեղծված իրավիճակից ելքի, մայրաքաղաքում Գարեգին Նժդեհի արձանը տեղադրելու և ռուսական հոխորտանքի մասին:

Հարցազրույցի սկիզբն ամբողջությամբ` տես տեսագրությունում.

– Պարոն Ավետիսյան, ՀՀ վարչապետի կողմից հայտարարվեց ռեֆորմների, օպտիմալացման, նոր ձևով աշխատելու մասին: Անցել է 3 շաբաթ: Ի՞նչ է արվել ըստ Ձեզ և` հավատո՞ւմ եք այս համակարգում փոփոխություններին:

– Իրենք չեն կարող իրենց դեմ պայքարել: Արդյունքում` ստացվում է այնպիսի իրավիճակ, երբ կոնկրետ գործողություններ են պետք, որից էլ կերևա: Մի քաղաքական կուսակցություն, որը սպառել է բոլոր ռեսուրսները, այդ թվում` ամենակարևոր` հավատի ռեսուրսը, այլևս չունի որևէ լուրջ բան ասելու և, որևէ մեկն այլևս իրենցից չի սպասում լուրջ գաղափարներ, հետևաբար` իրենք կառչում են մի քանի կոսմետիկ փոփոխություններից` մի քանի մեքենա ավել, կամ` պակաս … Ի վերջո, այդ մեքենաները շահագործում էին վարորդներ, աշխատավարձ ստանում ու պահում իրենց ընտանիքները: Կամ` միջին օղակներում աշխատողներից մի քանիսին կրճատելով, ընդամենը գործազուրկների թիվն են ավելացնելու, իսկ կրճատվողների թվում չեն լինելու նախարարների խորհրդականները, նրանց յուրայինները: Ե´վ նրանց, և´ մեքենաները կթողնեն, կկրաճատեն «օտարներին»: Այս իշխանությունների գործողությունների տրամաբանությունը դա է հուշում:

Ես որևէ դրական սպասելիք չունեմ և չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանի մոտ ստացվի բաեփոխումներ իրականացնել մեր երկրում: Կարող է ինքը շատ է ուզում, նրա մեջ մարդկային որոշ գծեր կան, սակայն չմոռանանք, թե ինչպե՞ս է նա նշանակվել ՀՀ վարչապետի պաշտոնում` նշանակել ու «ձեռնաշղթաներ են հագցրել»: Որոշումներ կայացնելու իրավունքը գտնվում է նրանից վերևների` ՀՀ նախագահի ձեռքին և յուրաքանչյուր քայլ ճշտվում է նրա հետ:

Ինչ վերաբերում է մենաշնորհների վերացմանն, ապա դա ընդհանրապես ծիծաղելի է: Որևէ անգամ, որևէ մեկին չի էլ արգելվել ապրանք ներկրել, պարզապես` դա ունի հատուկ մեխանիզմ, ընթացակարգ: Որոշ մարդկանց ներկրածները մաքսազերծվում են այլ կարգավիճակով, հետևաբար` ինքնարժեքն ավելի ցածր է: Եթե այլ որևէ մեկն ուզենա ապրանք ներկրել, ապա օրինական մաքսազերծելուց հետո կպարզվի, որ 15 – 20 տոկոսով բարձր ինքնարժեք ունի, չունի սպառելու համար առևտրային ցանց, որովհետև ամեն բաժանված է իշխանականների միջև: Ավելին` խոշոր, մենաշնորհային ներկրողները կարող են տվյալ ապրանքի գները մեկ ամսով իջեցնել և նոր ներկրողներին դնել անելանելի իրավիճակում, իսկ նրա կործանումից հետո կրկնակի բարձրացնել ու վերականգնել շահույթը:

Երբ կլինեն ստարտային հավասար պայմաններ, այն ժամանակ էլ հնարավոր կլինի նոր ներկրողների տեսնել շուկայում, այլապես այսպիսով խնդիրը չի լուծվի: Հայտարարություններով ընդամենն օդ են տատանում: Ցանկությունը լավ է, բայց հնարավոր չէ:

Հակառակը` ներկա պատերազմական պայմաններում կարելի է քվոտաներ սահմանել և գին նշանակել մենաշնորհ ներկրողների համար, որպեսզի հասարակության սոցիալական վիճակը փոքր-ինչ լավանա:

Սամվել Բաբայանը լեգենդ է

– Պարոն Ավետիսյան, հանրապետությունում մեծ աղմուկ բարձրացավ Սամվել Բաբայանի վերադարձի, իսկ ուշադրության ավելացում` նրա հարցազրույցի հետ կապված: Ինչպե՞ս եք վերաբերվում և, ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը:

– Սամվել Բաբայանն` իր վերադարձով և հարցազրույցով պահանջված քաղաքական գործիչ է: Նրա տեսակի գործիչներ են անհրաժեշտ: Եթե նա վերադառնար մեկ տարի առաջ, ապա համոզված եմ, որ մեծամասնության համար դա նույնքան հետաքրքիր չէր լինի: Այժմ, երբ ռազմական գործողություններից հետո նույն իրավիճակում ենք, մեր երկրին անհրաժեշտ են ոչ թե օսլայած մազերով երիտասարդներ, այլ Սամվել Բաբայանի պես ռազմական գործիչներ, ով կարող է անդեմ գեներալներին կարգի հրավիրել: Սամվել Բաբայանը լեգենդ է և ճիշտ պահին է հայտնվել կիզակենտրոնում: Պատահական էլ չէ, որ հանրության մեջ մեծ ոգևորություն կա նրա վերադարձի հետ կապված: Սամվել Բաբայանին` ի տարբերություն իշխանական գործիչների, հավատում են: Աայլապես` անընդունելի է, երբ պետական բարձրագույն պաշտոններում նշանակված են մարդիկ, ովքեր կամ այդ ոլորտների հետ կապ չունեն, կամ` հասարակությունն իրենց չի ճանաչում: Այդ առումով` Սամվել Բաբայանը ճիշտ տեղում է:

Միայն Ռոբերտ Քոչարյանը կարող է

իրավիճակ փոխել մեր երկրում

– Սամվել Բաբայանի հարցազրույցին հետևեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը: Դրան ինչպե՞ս եք վերաբերվում:

– Ռոբերտ Քոչարյանը` քաղաքական առումով, մեր ծանր հրետանին է և, Հայաստանն այժմ նրա կարիքն ունի: Նա իր խոսքի տերն է, երբևէ ետ չի կանգնել իր որոշումներից և` գործով է ապացուցել իր կարողությունները: Երբ ունեցել ենք պատերազմի արդյունքում քարուքանդ եղած Արցախ, նա է հետպատերազմյան շրջանում վերականգնել այն, կայացրել, ապա տեղափոխվել ՀՀ վարչապետի պաշտոնում ու վերականգնել Հայաստանի տնտեսությունը, որի արդյունքում էլ եղել է ներգաղթ, փոխվել է մեր կյանքը, կանգնել է արտագաղթը: Ես ունեմ տասնյակ ընկերներ, ովքեր Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք վերադարձել են հայրենիք, սակայն այս իշխանությունների օրոք` հեռացել: Նրանք տասնյակներով են:

Այժմ մեզ անհրաժեշտ են մարդիկ, ովքեր երկիր են կառուցում, ում կառավարման օրոք որևէ թիզ հող չենք կորցրել, որի ղեկավարման տարիներին ունեցել ենք տնտեսական աճ: Ճիշտ է, եղել են նաև բացասական բազմաթիվ երևութներ էլ, բայց դրականն ավելի շատ է եղել: Միայն Ռոբերտ Քոչարյանը կարող է իրավիճակ փոխել մեր երկրում: Լավ է, թե` վատ, բայց մենք պարզապես ուրիշ տարբերակ չունենք: Այլ տարբերակը` Հայաստանի վերջն է: Ես այս ամենն ասում եմ` հաշվի առնելով նաև Հայաստան – Ռուսաստան, Քոչարյան – Պուտին հարաբերությունները, ՀՀ երկրորդ նախագահի հարաբերությունները միջազգային բոլոր ատյաններում:

Այլապես` այս իշխանությունների օրոք ինչ ասում` հակառակն են անում: Գոռացին` «Առա´ջ Հայաստան», ավելի ետ գնացինք, ասացին` «Ապահո´վ Հայաստան», ամենաանապահովը դարձանք … և այլն: Հիմա կասեն` Ռոբերտ Քոչարյանի օրոք չեն եղե՞լ, թերություններ, այո´, եղել են, բայց երկիրը զարգացել է: Այսօրվա կառավարմամբ մեր երկիրը մեկ – երկու տարի էլ չի դիմանա, հետո` այնպիսի իրավիճակ կարող է լինել, որ մարդիկ չեն էլ հասցնի փախչել այստեղից:

Չի կարելի այսքան անհաստատ լինել

– Ներկա իշխանությունների օրոք ընդամենը Գարեգին Նժդեհի արձանը դնելու արդյունքում ՌԴ քաղաքագետներն ու պաշտոնյաները հոխորտում են, թե Ռուսաստանը կխզի հարաբերությունները Հայաստանի հետ: Գարեգին Նժդեհ, ով անցած դարասկզբին մեկ տարի անկախ է պահել Լեռնահայաստանն, իսկ Ռուսաստանին ասել. «Եկեք, հավաքեք ձեր նետած արկերը, արձան ձուլեք ու վրան գրեք` մենք կարմիր էինք, բայց մեր գործերը` սև, որից հետո միայն կբանակցենք»: Մեկ դար անց այսքան վասալայի՞ն ենք դարձել:

– Գարեգին Նժդեհը մեր ազգային հպարտություններից է, սակայն ՀՀԿ-ի ոճով ծաղրվեց: Իրենք իրենց պատկերը դրեցին այնտեղ, հենց` Պետրոս Առաջինին նման: Նույն կերպ Եվրամիություն էինք գնում, բայց ԵԱՏՄ-ում հայտնվեցինք, այստեղ ենք, բայց եվրոպական խաղեր են տալիս: Ասում են մի բան, անում` հակառակը: Չի կարելի այսքան անհաստատ լինել և ամեն բան վերածել խեղկատակության: Իսկ ռուսները նմաններին փորձում են իրենց ոճով կարգի հրավիրել, իսկ նրանք, ովքեր հոխորտացել են, մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանում անկախ կարծիք գոյություն չունի, բոլոր նրանք արտահայտում են Կրեմլի կարծիքը: Երբ նման կերպ են խոսում, պետք է հետևություն անել, որ ինչ որ բան այնպես չէ հայ – ռուսական հարաբերություններում: Դա էլ ու վերջ: Մնում է Ռուսաստանի հետ էլ տարաձայնություններ ունենանք ու կավարտվի ՀՀ թեման: Այս ամենն արդյունք է այն բանի, որ պետական մտածողություն չունեն մեր իշխանավորները, ամեն բան կենտրոնացած է մեկի ձեռքում, ով այլևս չի տիրապետում իրավիճակին:

– Այս ամբողջ իրավիճակից ո՞րն է ելքը …

– Ելքը միակն է: Մեր երկրում անհրաժեշտ է շուտափույթ իշխանափոխություն, որի ձևերը պետք է որոշի ժողովուրդը: Այս իշխանությունն ամբողջությամբ պետք է հեռանա, որպեսզի երկիրը չկործանվի: Բայց ես համոզված եմ, որ սրանց համար իշխանությունը շատ ավելի կարևոր է, քան` երկիրը, հետևաբար` որևէ հավատ չունեմ, որ ընտրություններով իշխանությունը կփոխվի, ուստի` իշխանափոխությունը պետք է կատարվի ոչ ընտրությունների միջոցով, այլ մասսաների ճնշմամբ, որից հետո կվերադառնանք նախկին, բայց բարեփոխված Սահմանադրությանն ու կվերակառուցենք մեր երկիրը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20