Սերժ Սարգսյանի խորհրդավոր խնջույքը

- in Մամուլ
Serzh Sargsyan1

Այսօր իշխող Հանրապետական կուսակցությունը՝ գործադիր ու օրենսդիր, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ «Ֆլորենս» ռեստորանում խնջույքի էր: Սա ավանդական դարձած խնջույք է, որով իշխող կուսակցությունն ազդարարում է քաղաքական սեզոնի փակումը:

Ազդարարում, քանի որ արդեն երկար տարիներ ոչ մի ուժ այդպես էլ չկարողացավ ձեւակերպել ու թելադրել իր օրակարգը: Ամեն ինչ ընթանում է իշխանության օրակարգի ու նախաձեռնությունների համաձայն, մնացյալն ընդամենը բովանդակություն ու «լեգիտիմություն» են հաղորդում դրան:

Սակայն, քաղաքական այս մի սեզոնը բավական բուռն ստացվեց եւ ինչ որ պահի սպառնում էր դուրս գալ վերահսկողությունից:

Սահմանադրության փոփոխությունից հետո Սերժ Սարգսյանը ձեռնամուխ եղավ քաղաքական դաշտի վերաձեւմանը եւ նոր իշխանության ձեւավորմանը, որի վերաբերյալ թեզերը շարադրեց փետրվարի 12-ի ելույթում: Վերաձեւվեց ուժային համակարգը, որը պետք է ապահովեր այս գործընթացի «թիկունքը»:

Թվում էր ամեն ինչ հարթ է ընթանում, եւ ժամանակն է ապահովել նաեւ արտաքին երաշխիքները: Սակայն ապրիլյան պատերազմը որոշակի ճշգրտումներ մտցրեց քաղաքականության մեջ: Ինչ որ պահի տեղի ունեցավ իշխող համակարգի համար ամենավտանգավորը՝ հանրային նախաձեռնություններն ու ինքնապաշտպանության կազմակերպումը:

Դա յուրատեսակ «անհնազանդություն» էր, երբ հանրությունը սկսեց անտեսել իշխանությանը, այդպիսով բացահայտելով այն հանգամանքը, որ Հայաստանն իշխանություն ըստ էության չունի: Հայաստանը բաժանվեց երկու մասի՝ իշխող համակարգն ու քաղաքական դասը մի կողմից, երկիրը եւ ժողովուրդը՝ մյուս:

Սա վտանգավոր իրավիճակ էր, եւ պատերազմից հետո իշխանությունը եւ քաղաքական դասը ձեռնամուխ եղան համախմբմանը՝ ընդդեմ հանրության, եւ կյանքը «բնականոն հուն վերադարձնելու համար»: Պատերազմի օրերին մի քանի կտրուկ ու ինքնիշխան հայտարարություններից հետո իշխանությունն արագորեն նահանջեց այդ դիրքերից, զուգահեռ գործի դրվեցին քարոզչական եւ այլ բնույթի միջոցներ՝ պատերազմական օրերին բացահայտված իրողությունները ծածկելու համար: Օրինակ, հայտարարվեց կոռուպցիայի դեմ պայքար, Ընտրական օրենսգրքի փոփոխություն, Հարկային օրենսգիրք եւ այլն:

Այս ամենի նպատակը նոր իշխանության ձեւավորման գործընթացում ներհամակարգային շտկումներն են՝ անակնկալները բացառելու ու սեփական դիրքերը պահպանելու համար: Զուգահեռ, իշխանությունն այդպիսով «ավելի լայն կոնսենսուսի» է բերում քաղաքական դասին, որպեսզի դրսում ոչ ոք չմնա եւ խնդիրներ չհարուցի:

Միով բանիվ, ապրիլյան պատերազմը իշխանությունը տեղափոխել է հանրության դեմ, սակայն առերեւույթ հաջողություն է ունեցել: Բանն այն է, որ չնայած այս ջանքերին, բացահայտվում են նորանոր հանգամանքներ, բարձրացվում են հարցեր, որոնք վերաբերվում են ապրիլի սկզբի իրադարձություններին, եւ որոնց պատասխանը չկա: Իշխանությունը խուսափում է պատասխաններից, ինքը Սերժ Սարգսյանն այդպես էլ այս ողջ ընթացքում չդիմեց հանրությանը, որը ապրիլյան օրերին թույլ չտվեց ազգային-պետական աղետը:

Այս հարցերը մնում են, եւ դրանց ֆոնին առավել խնդրահարույց է դառնում իշխանության պահվածքը առաջիկա ներքին ու արտաքին զարգացումներում: Առջեւում բարդ ու վտանգավոր հերթական փուլն է, որի նախօրեին տագնապալի իրադարձություններ ու հայտարարություններն են տեղի ունենում:

Ահա այս ֆոնին, իշխող կուսակցությունը հավաքվել է խնջույքի: Կան ավանդույթներ, որոնք երեւի չի կարելի խախտել, որքան էլ իրավիճակը լինի բարդ ու վտանգավոր:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20