Ստեփանակերտը դեմ է տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայմանը

- in Պաշտոնական
Arayik Harutyunyan

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ռուսական «Վզգլյադ» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ դեմ է տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման գաղափարին։

Ծավալուն հարցազրույցում վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից լայնածավալ գործողությունների վերսկսման հնարավորությանը՝ նշելով, որ 1994 թվականի մայիսի 12-ից, երբ ստորագրվեց հրադադարի համաձայնագիրը, զգոնությունը Ղարաբաղում երբեք չի թուլացել, քանի որ ադրբեջանական կողմը բազմիցս ցույց է տվել, որ փորձում է հարցը լուծել ռազմական ագրեսիայի միջոցով։

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար ջանքերին՝ Ադրբեջանը մշտապես դրսևորել է ապակառուցողական մոտեցում ինչպես բանակցային գործընթացի ձախողման, այնպես էլ շփման գծում լարվածության պարբերական էսկալացիայի միջոցով։ «Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլին, կարծում եմ՝ կասկած չի թողնում ադրբեջանական իշխանությունների իրական մտադրությունների հետ կապված»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

«Այդ ամենը թույլ չի տալիս թուլացնել Արցախի բնակչության զգոնությունը, քանի որ մշտապես կախված է հակառակորդի կողմից ֆիզիկական ոչնչացման սպառնալիքը»,- ասել է նա։

Անդրադառնալով մարտական ոգու տարբերություններին և պատասխանելով դիտարկմանը, թե փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանում նկատելիորեն նվազել է վախը հայկական բանակի հանդեպ, որը տիրում էր այնտեղ 1993-94թթ. պարտությունից հետո, ԼՂՀ վարչապետն ասել է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մենք տեսանք, թե ինչպես են 18-20 տարեկան զինվորները հետ շպրտել հատուկ դիվերսիոն-հետախուզական խմբերին, որոնք մարտական պատրաստություն էին անցել թուրքական բանակում»։ «Եթե նույնիսկ նրանց նոր սերունդը չունի նախկին վախը, քանի որ չի տեսել 90-ականների ամոթալի պարտությունը, դա չի նշանակում, թե նոր սերունդն ընդհանրապես չի վախենում, և ադրբեջանական բանակը կարող է կռվել մեր բանակի հետ հոգեբանական և մարտական պատրաստվածության տեսանկյունից»,- ասել է նա։

Արցախի ճանաչումն այլընտրանք չունի՝ ասել է վարչապետը։ Ազգի ինքնորոշման միջազգային իրավունքի հիման վրա պետք է լուծվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ «Մենք, իհարկե, կողմ ենք Հայաստանի կողմից Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը, սակայն միևնույն ժամանակ հասկանում ենք, որ գոյություն ունեն գործոններ, այդ թվում՝ պայմանավորված խաղաղապահ գործընթացով, որոնց հետ պետք է հաշվի նստել»։ Հարությունյանը լավագույն տարբերակ է համարում Ղարաբաղի ճանաչումը խաղաղ կարգավորման շրջանում։

Հարցին՝ ինչո՞ւ է կարծում, որ ո՛չ ռուս, ո՛չ այլ խաղաղապահները չեն կարող երաշխավորել հանրապետության բնակիչների անվտանգությունը՝ այն դեպքում, եթե Բաքվին վերադարձվեն 7 շրջաններից 5-ը, վարչապետը պատասխանել է. «Քանի որ ղարաբաղյան կողմը դեռևս չի մասնակցում բանակցային գործընթացին՝ որպես լիարժեք կողմ, ցանկացած ծրագիր կամ առաջարկություն մատնված է ձախողման։ Մեզ հետ որևէ ծրագիր չի քնարկվել։ …Այսօր Ղարաբաղի բնակչության անվտանգության միակ և իրական երաշխավորը Պաշտպանության բանակն է, որն ապահովում է նրա խաղաղ կենսագործունեությունն ու զսպում Ադրբեջանի ռազմական ագրեսիան»։

Զրույցի ընթացքում շոշափվել է նաև ապրիլյան պատերազմի ընթացքում խաղաղ բնակավայրերի հրետակոծությունը, մասնավորապես թերթը հարց է ուղղել Թարթառի հրետակոծության վերաբերյալ։ Հարությունյանի խոսքով՝ Բաքուն իր մարտական կետերը տեղակայում էր բնակավայրերում, որպեսզի նվազեցներ հայկական կողմի հարվածների հավանականությունը, իսկ հարվածի դեպքում տուժած բնակավայրերն օգտագործեր որպես «քարոզչական խաղաքարտ»:

Արայիկ Հարությունյանն անդրադառնալով զբոսաշրջության ոլորտի կրած վնասներին՝ շեշտել է, որ Արցախի զբոսաշրջային կենտրոնները գտնվում են շփման գծից հեռու և անվտանգ են, ինչի մասին զբոսաշրջիկներն իրազեկված են: «Իհարկե, ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումից հետո որոշ ժամանակ զբոսաշրջիկների մի մասը, որպես կանոն, վախենում են այցելել այդ տարածքներ։ Սակայն կարծում եմ, դա երկար չի տևի, քանի որ Ղարաբաղը շնորհիվ իր բնության ու տեսարժան վայրերի համարվում է Կովկասի հրաշքը, ու անհնար է այնտեղ չայցելել»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20