«Վշտի» ձայնը «Տաղարանը» վերածում է ապրեցնող նվագի

- in Մշակույթ
Kristina Chtchyan Sedrak Erkanyan

Հնագույն երաժշտության <<Տաղարան>> համույթի հնչեցրած համարյա բոլոր նվագներում ուշադրություն են գրավում ուդի հնչյունները. մի ստեղծագործության մեջ էլ՝ <<Հայկական մեղեդիներում>>՝ կառուցված ժողովրդական պարեղանակներից ու զանազան նվագներից, գերակշռում է ուդի ձայնը: Ուդահար Լուսինե Դավոյանն է մենանվագում:

<<Տաղարանի>> գործիքակազմի կարևորագույն բաղադրիչն է ուդը: Նրա ձայնը հնչում է համարյա բոլոր՝ հայկական ժողովրդական երաժշտարվեստի նմուշների երկանյանական մշակումներում, Մաեստրոյի գործիքավորումներում ուդը երբեք անտեսված չէ: Կան նաև ստեղծագործություններ, որոնցում հնչում է ուդի մենանվագը:

Al-ud (ալ-ուդ) արաբերեն նշանակում է <<փայտ>>: Իրանը ուռուցիկ ձվաձև՝ կոր փայտաշերտերից սոսնձված, հարթ ծածկի վրա ձևավոր ձայնանցքեր ունեցող պարսկական հնագույն ծագում ունեցող ուդ լարավոր-կսմիթային գործիքը մի շարք ազգային նվագարանների նախատիպն է. կա կարծիք, որ պարսկական բարբաթից այն դարձել է արաբական երկրների հիմնական նվագարանը, որ հնարավորություն է տալիս ներկայացնելու արաբական երաժշտության տոնայնությունը: Հնագույն ժամանակներից տարածվելով Մերձավոր Արևելքի երկրներում, Միջին Ասիայում, Հայաստանում՝ այն միջնադարում մուտք է գործել նաև Իսպանիա և Սիցիլիա՝ դառնալով եվրոպական լյուտնյայի նախատիպը: Հայկական ուդը վեցլարանի է՝ առաջին հինգը՝ զույգ-զույգ լարերով, և նրանով այսօր կատարվող նվագները հայկական ազգային բնորոշ հնչողություն ունեն՝ շնորհիվ հայ կոմպոզիտորների արարումների և հայկական ժողովրդական երգերի ու մեղեդիների մշակումների: Նման նրբահյուս մշակումների հեղինակ է <<Տաղարանի>> գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանը: Մեր երգարվեստին անհարիր այլազան ազդեցություններից մաքրազերծ ներկայացված, հայկականությամբ շնչող մեղեդիներն է կատարում Լուսինե Դավոյանը <<Տաղարանի>> համերգներին:

Ուդի նվագն առանձին ինձ մերթ հիշեցնում է խոհուն մարդու մտմտոց, մերթ հանդարտ զրույց կամ անկեղծ մենախոսություն…

Իսկ ի՞նչ զգացողություն ունի ուդը հնչեցնելիս հենց ինքը՝ Լուսինեն՝ հարցնում եմ: Իր կարծիքով այն հատկապես մարդկային ի՛նչ զգացմունք արտահայտելու համար է:

<<Ուդի վրա նվագում են մարդու վիշտը,- բացատրում է Լուսինեն,- այն հոգու մորմոքն արտահայտելու գործիք է: Կա մի ավանդապատում, թե Նոյի Թոռ Լաբեխը, կորցնելով իր որդուն, իրեն չլքող ծանր վիշտն արտահայտելու համար փայտը փորում է, լարեր քաշում և նրա վրա խոսում իր վշտից: Արևելյան, նաև հայկական նվագարաններում մորմոքի լավագույն <<լեզուն>> ուդն է>>: Սակայն իր կատարած <<Հայկական մեղեդիներում>> ուդը <<վշտի լեզվով>> չի խոսում՝ նկատում եմ: Հայկական տարբեր պարեղանակներից և այլ մեղեդիներից հավաքված, մեկտեղված, մի ամբողջական հնչողության ու տրամադրության բերված երկանյանական մշակման մեջ ուդի հնչյունները կենսական ուժով լեցուն, առաջմղիչ, զվարթ են: Մերթ քնարական, մերթ կենսախինդ է ողջ գործը, որում գլխավոր նվագի <<մենաշնորհը>> Լուսինե Դավոյանինն է: Բայց մենանվագով նա ոչ միշտ է հանդես գալիս: <<Սպասում եմ դրան,- անկեղծանում է: – Մաեստրոյի ընտրած երգացանկերից է կախված, թե երբ կունենամ մենանվագ: Այս մշակումը շատ է սրտովս. սիրում եմ <<Հայկական մեղեդիները>>, նրանում տեղ գտած քնարական տրամադրություններից մինչև հրճվանքը, զվարթությունը: Վայելում եմ այս գործը ու ձգտում, որ իմ նվագի միջոցով հանդիսականին էլ հաղորդվի այդ հրճվանքը: Մաեստրոյի առաջարկով փնտրում եմ այլ ստեղծագործություններ, որոնք նորովի մշակելով և գործիքավորելով՝ ինքը կմատուցի՝ ուդի մենանվագով: Եվ ես էլ հնարավորություն կունենամ նոր, բարձրարվեստ գործեր ներկայացնելու>>:

<<Համույթում 13 տարի աշխատում է և աչքի է ընկնում աշխատասիրությամբ, իր կատարողական արվեստն անընդհատ զարգացնելու ձգտումով, նաև իր քաղաքացիական ակտիվ կեցվածքով, շիտակությամբ, հայրենասիրությամբ>>,- սա <<Տաղարանի>> գեղարվեստական ղեկավարի համառոտ կարծիքն է Լուսինե Դավոյանի մասին:

Հայրենասիրությունը Լուսինեի համար վերացական հասկացություն չէ. նա հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարում է իր տեղում՝ իր գործն անելով, այսինքն՝ իր նվագով, արվեստում իր ջանադրությամբ: Իր ակտիվ կեցվածքը բացատրում է ընտանիքում ստացած դաստիարակությամբ: Երազում է, որ հայրենիքի սահմաններին կայուն անդորր տիրի, մեզանում էլ սոցիալական արդարություն հաստատվի: Իրեն Հայաստանի սահմաններից դուրս չի պատկերացնում և հավատացած է, որ սեփական երազանքներն ու ձգտումները կիրականանան, ոնց իրականություն էր դարձել <<Տաղարանում>> նվագելու իր վաղեմի երազանքը: Ուդ գործիքի ընտրությունը թեև խիստ պատահաբար էր եղել, բայց շատ կարճ ընթացքում համոզվել էր՝ դա իրե՛նն է: Ուսանել է Առնո Բաբաջանյանի անվ. ուսումնարանում, ապա կոնսերվատորիայում, նվագել Նորայր Դավթյանի նվագախմբում, ապա անցել աշխատանքի <<Տաղարանում>>: Մաեստրո Ս. Երկանյանը հավանել էր իր նվագը, և ինչպես Լուսինեն է նկատում, անցած տասից ավելի տարիներին, մեծ դպրոց է անցել՝ շնորհիվ Մաեստրոյի: <<Ամեն դիրիժոր, գեղարվեստական ղեկավար իր <<կնիքն>> է դնում երաժշտի կատարողական արվեստի վրա: Ս. Երկանյանի շնորհիվ ես մի ուրիշ աշխարհ բացահայտեցի,-պատմում է Լուսինեն:- Իրենից շատ բան սովորեցի թե՛ հայկական երաժշտության մեկնաբանության առումով, թե՛ բարոկկո ժանրում: Այդ ժանրի գործեր կոնսերվատորիայում երբևէ չէի կատարել, փորձ չունեի: Նա օգնեց պատկերացում կազմելու այդ ժանրի մասին, ինչի շնորհիվ էլ լյուտնյայով սկսեցի նվագել բարոկկո ոճի գործեր, անգամ ունեմ մենանվագ Վիվալդիի սոնատը կատարելիս>>:

Իսկ ահա <<Անոր>> խորագրված համերգին Լուսինե Դավոյանի ուդը հնչում է վստահ ու զգալի զվարթ հնչերանգով՝ բերելով լավատեսության զգացում, ոնց ապրեցնող է <<Հայկական մեղեդիների>> ողջ երկանյանական մշակումը:

Հասմիկ Սարգսյան 

Фото Хасы Саргсян.
Фото Хасы Саргсян.
Фото Хасы Саргсян.

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20