Վտանգավոր եզրագծին

- in Մամուլ
Serj Sargsyan

Գերմանիայի խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումից հետո նոր իրավիճակ է առաջացել հայկական հարցում: Ցեղասպանությունը ճանաչած այլ երկրների դերն ամենեւին չնսեմացնելով, պետք է ասել, որ Գերմանիայի ճանաչումն առանձնահատուկ է եւ իր մեջ պարունակում է աշխարհքաղաքական լուրջ շերտեր, մասնավորապես հայկական հարցերում:

Գերմանիան, որն առաջին աշխարհամարտի ժամանակ Թուրքիայի դաշնակիցն էր եւ բավական մեծ ներգրավվածություն է ունեցել հայերի ցեղասպանության հարցում, այդպիսով ընդունում է նաեւ իր մեղքը եւ առավել մեծ պատասխանատվության տակ դնում Թուրքիային: Ընդ որում, ոչ միայն պատմական-բարոյական կտրվածքով, այլեւ ժամանակակից քաղաքական իրողությունների: Գերմանիայի ճանաչումը նաեւ ինչ որ իմաստով Հայաստանի դեմ Թուրքիայի հնարավոր քաղաքական եւ նաեւ որոշակի պայմաններում ռազմական ագրեսիան զսպող ակտ է:

Արեւմուտքը անդրադարձել է Գերմանիայի ճանաչմանը եւ հույս հայտնել, որ Թուրքիան եւ Հայաստանը կկարգավորեն հարաբերությունները, այդպիսով Թուրքիայի ցույց տալով հայկական խնդիրները «հաղթահարելու» ճանապարհը: Կրեմլը նույնպես անդրադարձել է այդ ակտին, ասելով ընդամենը, որ դա Գերմանիայի ներքին գործն է:

Ռուսաստանը տարիներ առաջ փորձեց Հայաստանին պարտադրել Թուրքիայի հետ հարաբերությունների նախապայմաններով կարգավորում եւ այս հարցում էլ հաստատել իր քաղաքական «մենաշնորհը», որը կարող էր աղետի առաջ կանգնեցնել Հայաստանը: Սակայն Արեւմուտքի քաղաքականության արդյունքում «ֆուտբոլային» դիվանագիտությունը տապալվեց:

Զուգահեռ, գրեթե նույն զարգացումներն էին ընթանում Արցախի խնդրում: Ռուսաստանը լիովին իր ձեռքն էր վերցրել «կարգավորումը», որը ենթադրում էր հայկական կողմի միակողմանի զիջումներ՝ տարածաշրջանում ռուսական զորքի ներկայությունը հաստատելով: Այս քաղաքականության «հանգուցալուծումը» ապրիլյան պատերազմն էր, թեեւ մինչ այդ էլ սահմանին Ադրբեջանը պարբերաբար գնում էր սրացման:

Այդ պատերազմում սակայն տեղի ունեցավ անսպասելին՝ հայկական բանակը, չնայած Ռուսաստանի քաղաքականության արդյունքում սպառազինության դիսբալանսին, չնահանջեց ու չլքեց մարտի դաշտը: Ռուսաստանի հետագա պահվածքը մատնեց այդ երկրի մտադրությունները եւ այն, որ ռուսական ծրագիրը տապալվել է:

Ընդ որում, կան տեղեկություններ, որ Մինսկի խմբի համանախագահներից մեկը հայկական կողմին տեղյակ էր պահել ադրբեջանական հարձակման ծրագրի մասին:

Ապրիլյան ռազմական գործողություններից հետո Ռուսաստանը փաստացի կորցրեց նաեւ մենաշնորհը Արցախի կարգավորման գործընթացում, ինչը խոստովանում են ռուսական պաշտոնական շրջանակները: Հետաքրքիր է, որ զինադադարից անմիջապես հետո Մոսկվան փորձեց ներգրավել հենց Գերմանիային եւ «պատասխանատվությունը» դնել նրա վրա, մասնավորապես շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման արեւմտյան նախաձեռնության մասով:

Այսպիսով, կարելի է ասել, որ տեղի ունեցավ որոշակի «ճեղքում» հայկական հիմնախնդիրներում, երբ Ռուսաստանը կորցրեց մենաշնորհը արցախյան եւ հայ-թուրքական գործընթացներում, եւ այդպիսով Հայաստանը փաստացի հայտնվեց լիովին նոր իրավիճակում:

Ինչպե՞ս է Հայաստանը դրսեւորելու ինքզինքը: Ընդհանրապես, բավական հետաքրքիր պատկեր է ստացվում: Արեւմտյան նախաձեռնությունների շնորհիվ Հայաստանն առայժմ խուսափում է ազգային-պետական աղետից, որոնց վտանգը գալիս է Ռուսաստանի նախաձեռնություններից: Բայց Հայաստանը մնում է ռուսական քաղաքականության ծիրում եւ ընդառաջ գնում Մոսկվայի նախաձեռնություններին: Համենայնդեպս, Երեւանի պահվածքը հետպատերազմյա ժամանակաշրջանում, չնայած մի քանի ինքնիշխան քայլերին, ընդհանուր առմամբ մնում է այդ տրամաբանության մեջ, համառորեն մերժելով իր բնական շահերի գոտում հայտնվելուց:

Սակայն, ժամանակակից քաղաքականության ողջ «հմայքը» հենց դրա մեջ է՝ երբ առաջանում է նման իրավիճակ, գործընթացները զարգանում են արդեն առանց իշխանությանն ու հանրությանը հարցնելու: Մյուս կողմից, այս իրավիճակը բերում է վտանգավոր սահմանագծի, երբ առաջանում է դիսբալանս քաղաքական գործընթացների տրամաբանության ու վարվող քաղաքականության միջեւ: Այս դեպքում խնդիրների լուծումը կարող է գնալ ամենացավոտ ճանապարհով: Ապրիլյան ռազմական գործողությունները հենց դրա ապացույցն էին:

Հայաստանը պետք է ստանձնի այն դերակատարությունը, որը սահմանված է մեր երկրի համար: Դա հնարավորություն կտա վերականգնել ինքնիշխանությունը եւ լուծել խնդիրները տնտեսության, անվտանգության ու այլ ոլորտներում, քաղաքական ու քաղաքակրթական ավելի լայն համատեքստում ու «դաշտում»: Այդ սահմանագծից այն կողմ Հայաստանն ընդամենը օբյեկտ է, դա չգոյության ճանապարհն է:

ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20