Օռլանդոյի հրաձիգը 50 մարդ է սպանել, ո՞վ է նա

- in Միջազգային
Atrchanak

Օռլանդոյի հրաձիգ Օմար Մատինը, ով երեկ ամերիկյան քաղաքի գիշերային Pulse գեյ-ակումբում կրակել էր 50 մարդու, 2007 թվականից աշխատել է աշխարհի խոշորագույն մասնավոր պահնորդային G4S ընկերությունում։ 

«Մենք ցնցված ենք Օռլանդոյի գիշերային ակումբում տեղի ունեցած ողբերգական միջադեպից։ Մենք հաստատում ենք, որ Օմար Մատինն աշխատել է G4S-ում 2007 թվականի սեպտեմբերի 10-ից։ Մենք համագործակցում ենք իրավապահ մարմինների, այդ թվում՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ»,- ասվում է ընկերության հյուսիսամերիկյան ստորաբաժանման ղեկավարության հայտարարության մեջ։

Հարձակվողը՝ 29-ամյա էթնիկ աֆղան Օմար Մատինը, ով եղել է ԱՄՆ քաղաքացի, սպանվել է հատուկջոկատայինների գրոհի ժամանակ։

Օռլանդոյի հրաձգությունը եղել է ԱՄՆ պատմության մեջ հասարակական վայրում զինված հարձակման զոհերի թվով ամենազանգվածայինը։

G4S-ի աշխատակիցների ընդհանուր թիվն ավելի քան 620 հազար է, ընկերության կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում։

Օռլանդոյի հրաձգության համար կասկածյալը պաշտոնապես զենք է գնել, Ֆլորիդայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ամերիկյան ATF բյուրոյի ներկայացուցիչը:

«ATF-ն հետևել է այդ հրազենին: Մենք գիտենք, որ այդ մարդը գնել է առնվազն երկու միավոր հրազեն: Նա արգելքի տակ չի եղել: Նա օրենքով կարող էր մտնել խանութ և գնել հրազեն»,- ասել է ATF ներկայացուցիչ Թրևոր Վելինորը: Նրա խոսքով` կասկածյալը ատրճանակ և ինքնաձիգ է գնել վերջին շաբաթում:

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը և արքայազն Ֆիլիպը ցնցված են ամերիկյան Օռլանդո քաղաքի ահաբեկչությունից, որտեղ գեյ-ակումբում հրաձգության հետևանքով զոհվել է 50 մարդ:

Այդ մասին հաղորդվում է Բուքինգհեմյան պալատի Twitter-ի էջում: «Արքայազն Ֆիլիպն ու ես ցնցված ենք Օռլանդոյում տեղի ունեցածով: Մեր մտքերը և աղոթքները ներկա պահին նրանց հետ, ովքեր տուժել են»,- մեջբերում է Եղիսաբեթի խոսքերը բրիտանական թագավորական ընտանիքի մամլո ծառայությունը:

Օռլանդոյի գիշերային ակումբում հրաձգություն իրականացրած Օմար Մատինի նախկին կինը նշել է նրա անհավասարակշիռ բնավորության մասին և պատմել, որ նա իրեն ծեծել է: 29-ամյա Մատինի նախկին կնոջ խոսքով՝ «նա անկայուն մարդ էր»:

Washington Post-ին տված հարցազրույցում կինը հայտնել է պարբերաբար ծեծերի մասին: «Նա կարող էր պարզապես գալ տուն և սկսել հարվածել ինձ այն բանի համար, որ լվացքը վերջացված չէ»:

Ինչպես հայտնում է Fox News հեռուստաալիքը, կինը ԱՄՆ է գնացել Ուզբեկստանից: Երիտասարդի հետ նա ծանոթացել է համացանցով և որոշել է տեղափոխվել Ֆլորիդա: Զույգը պաշտոնապես հարաբերություններ է հաստատել 2009 թվականին:

«Նա սովորական մարդ էր թվում»,- պատմել է կինը ամուսնությունից հետո ժամանակի մասին: Կինը նրան բնութագրել է որպես բավականին ինքնամփոփ: Նրա խոսքով՝ Մատինը շատ կրոնական չէր, աշխատել է պահակ ուղղիչ հաստատությունում և հաճախել է մարզասրահ:

Ամուսնությունից մի քանի ամիս անց, իմանալով ծեծերի մասին, աղջկա ծնողները Մատինի ընտանիքից նրան հետ են տարել: 2011 թվականին պաշտոնապես ձևակերպվել է բաժանումը: Նշվում է, որ Մատինի ընտանիքը ԱՄՆ է եկել Աֆղանստանից, սակայն Օմարը ծնվել է Նյու Յորքում:

Ամերիկյան Օռլանդո քաղաքի հրաձիգ Օմար Մատինը կապված է եղել արմատական իմամ Աբու Թաբահի (Մարկուս Դուեյն Ռոբերթսոն) հետ, որը բանտում է բռնություն հրահրելու և ահաբեկիչների հավաքագրման համար: Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:

«Այն, ինչ տեղի է ունեցել Օռլանդոյում, պատահականություն չէ: Մատինը անդամագրված է եղել Ռոբերթսոնի մուսուլմանական հոգևոր սեմինարիային»,- ասել է աղբյուրը:

47-ամյա Մարկուս Դուեյն Ռոբերթսոնը ԱՄՆ բանակի նախկին ծովային է, դեռևս 90-ական թվականներին նա հավաքել է «Ալի-Բաբան և 40 ավազակները» ավազակախումբը: Հանցագործները թալանել են 10-ից ավելի բանկ, փոստային բաժանմունքներ և մասնավոր տներ, նաև 3 ոստիկանի են սպանել:

Բացի դրանից՝ կասկած կա, որ «Ալի-Բաբան» եղել է եգիպտացի իսլամիստների հոգևոր առաջնորդ և կրոնական ուսուցիչ Շեյխ Օմար Աբդել-Ռահմանի թիկնապահը, որը հայտնի է նաև որպես «Կույր Շեյխ»: Վերջինս պատրաստել և իրագործել է 1993թ. փետրվարի 26-ի առաջին պայթյունը Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնում, որը 6 մարդու մահվան պատճառ է դարձել:

Ավելի ուշ Ռոբերթսոնը սկսել է իրեն անվանել Աբու Թաբահ և կազմավորել է սեփական ուսումնական կրոնական հաստատությունը:

Օռլանդոյի գեյ-ակումբում լույս շաբաթ գիշերը ԱՄՆ պատմության մեջ քաաքացիների ամենախոշոր զանգվածային հրաձգության հետևանքով 50 մարդ զոհվել է, 53-ը վիրավորվել: Կասկածյալ Օմար Մատինը, ՀԴԲ-ի տեղեկությամբ, զանգահարել է արտակարգ օգնության հեռախոսահամարով և հայտնել ԴԱԻՇ-ին իր հավատարմության մասին: Մատինի հայրը հայտարարել է, որ հանցագործությունը կրոնական հիմք չունի, որ պատճառը եղել է իր որդու ատելությունը սեքսուալ փոքրամասնությունների ներկայացուցիչների հանդեպ:

Ավելի ուշ ԴԱԻՇ-ը ստանձնել է գիշերային ակումբում ահաբեկչության պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ զինված հարձակումն իր գրոհայինն է իրագործել:

Օռլանդո քաղաքում զանգվածային սպանություն իրականացրած հանցագործի հայրը՝ Սեդիկ Մատինը, ներողություն է խնդրել որդու` Օմար Մատինի հանցագործության համար NBC-ի եթերում:

«Մենք ցանկանում ենք ասել, որ ներողություն ենք խնդրում ողջ կատարվածի համար: Մենք տեղյակ չենք նրա ձեռնարկած գործողությունների մասին: Մենք ցնցված ենք, ինչպես ողջ երկիրը»,- հայտարարել է Սեդիկ Մատինը NBC-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով` տեղի ունեցածը «կրոնի հետ ընդհանուր ոչինչ չունի»: Ընդ որում՝ նա խոստովանել է, որ հանցագործության շարժառիթ կարող է լինել ոչ ավանդական սեռական կողմնորոշման նկատմամբ ատելությունը: Սադիկ Մատինի խոսքով` իր որդին մի անգամ զայրացել է՝ տեսնելով երկու համբուրվող տղամարդկանց: Pulse ակումբ, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, այցելում են հիմնականում սեռական փոքրամասնության ներկայացուցիչները:

ԱՄՆ պետական դրոշները կիջեցվեն որպես սգո նշան` Օռլանդոյի ահաբեկչության զոհերի հիշատակին, ասված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրամանում:

Մինչև հունիսի 16-ը դրոշներն իջեցված կլինեն Սպիտակ տան և ԱՄՆ բոլոր հասարակական շենքերի և հաստատությունների վրա, ամերիկյան ռազմաբազաներում և նավերում:

Spread the love