Ֆրանցիսկոս պապի այցը Ծիծեռնակաբերդ կարող է սրել Վատիկանի և Անկարայի հարաբերությունները

- in Միջազգային
Hromi Pap

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ուրբաթ եռօրյա այց կկատարի Հայաստան, որտեղ կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ինչն ըստ ամենայնի հերթական անգամ կսրի հարաբերությունները Վատիկանի և Անկարայի միջև։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։ Պարբերականը նշում է, որ այցը կատարվում է կովկասյան անհանգիստ տարածաշրջան՝ բռնության խոշոր բռնկումից հետո։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի հիմնական հարցն այն է, թե արդյոք Պապը կկրկնի՞ անցած տարի արած բնութագրումը «20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին»: Անցած տարի Սուրբ Պետրոսի տաճարում արարողության ժամանակ արված հայտարարությանն ի պատասխան՝ Թուրքիան անմիջապես հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին խորհրդակցությունների համար։ Դեսպանի վերադարձը 10 ամիս տևեց: Թուրքիայի նախագահը դատապարտեց Պապի հայտարարությունը և նախազգուշացրեց նրան «չկրկնել սխալը»:

2001 թվականին Հայաստան այցի ժամանակ Հովհաննես-Պողոս Երկրորդ պապն օգտագործել է «ցեղասպանություն» բառը՝ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ համատեղ հայտարարությունում: Բայց Ֆրանցիսկոս պապն հեռուն գնաց՝ Ցեղասպանությունն անվանելով 20-րդ դարի «երեք մեծ և աննախադեպ ողբերգություններից մեկը»՝ Հոլոքոստի և Գոլոդոմորի հետ։

Ֆրանցիսկոս պապը 1915 թվականի կոտորածները կապել է մեր օրերում դավանանքի կամ ազգային պատկանելության համար իրականացվող զանգվածային հետապնդումների և բռնությունների հետ: Հռոմի պապը բազմիցս բարձրաձայնել է քրիստոնյաների հետապնդումների մասին։ Պապի այցելության համատեքստում կլինի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը։

Պարբերականը նշում է, որ Պապի այցը հնարավորություն կընձեռի ամրապնդելու Հայ առաքելական եկեղեցու հետ կապերը: Կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցիները անջատվել են 5-րդ դարից։

Կիրակի հեռանալուց առաջ Ֆրանցիսկոս պապը կաղոթի Խոր Վիրապ վանքում, որից մինչև Թուրքիայի հետ սահմանը 15 րոպեի ճանապարհ է։ Սահման այցելություն նախատեսված չէ, սակայն պապը սիրում է զարմացնել մարդկանց, ինչպես տեղի ունեցավ 2014 թվականին, երբ Պապը չնախատեսված կանգ է առել Արևմտյան ափին՝ Իսրայելի բաժանարար պատի մոտ աղոթելու համար: Եթե պապը այնուամենայնիվ ուղևորվի սահման, դա կհիշեցնի 2016 թվականի փետրվարին Մեքսիկա այցի այն դրվագը, երբ Պապը կանգնել էր ԱՄՆ-ի հետ սահմանին և աղոթել Ռիո Գրանդեն անցնելիս զոհված ներգաղթյալների համար։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20