Մանվել Բադեյանն իր նշանակման և Լֆիկ Սամվելի գործունեությունը սահմանափակելու մասին

Manvel Badeyan

ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը, ով նշանակվել է Քուվեյթում ՀՀ դեսպան, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր համար սպասելի էր այս որոշումը. «Ինչ վերաբերում է նրան, թե ես անակնկալի եկա, թե չէ, ապա՝ ոչ, որովհետև այդ ազդակները դեռևս վաղուց են եղել, ինձ այդ առաջարկը եղել է դեռևս 10 տարի առաջ: Այն ժամանակ ես տարբեր պատճառներով խուսափել եմ, հրաժարվել եմ իմ անձնական պատճառներով»:

Եթե հեռու է դիվանագիտության ոլորտից, ինչպե՞ս է դիվանագետի աշխատանք կատարելու, Մանվել Բադեյանը պատասխանեց, որ իր պաշտոնն առաջին հերթին քաղաքական պաշտոն է. «Դեսպանները լինում են երկու տեսակի՝ ինչպես կադրային դիվանագետներ, այնպես էլ քաղաքական գործիչներ: Վերցրեք և նայեք զարգացած երկների դիվանագիտական կորպուսը, և դեսպանների մեջ կտեսնեք բավական մեծ թվով ոչ կադրային դիվանագետներ»:

Մանվել Բադեյանը պատրաստ է այդ աշխատանքին, քանի որ հինգ տարի աշխատել է որպես ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, հինգ տարի՝ Եվրաինտեգրացիայի հանձնաժողվի նախագահի տեղակալ. «Դա բավականաչափ փորձ է իմ կարծիքով և ոչ միայն իմ կարծիքով, որը և ինձ թույլ տվեց այդ պարտականությունը ստանձնել, և հանրապետության նախագահին, որն ինձ առաջարկեց այդ պաշտոնը»:

Ի՞նչ գիտի Քուվեյթի մասին, Մանվել Բադեյանը պատասխանեց. «Ես Քուվեյթի մասին բավականաչափ բան գիտեմ, գոնե այն պատճառով, որ մի քանի անգամ եղել եմ Քուվեյթում: Բարեկամական երկիր է մեզ, իսլամական, բայց սերտ կապերով է Հայաստանի հետ»:

Այսօր Քուվեյթում Հայաստանի դեսպան նշանակված Մանվել Բադեյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանում կան մենաշնորհներ, որոնք երկու տեսակ են՝ բնական մենաշնորհներ, որոնք անխուսափելի են, և կան նաև մենաշնորհներ, որոնք կապված են շուկային փոքրության հետ:

«Կան ապրանքախմբեր, որոնց մեծաքանակ ձեռքբերումը հնարավորություն է տալիս շուկայում ունենալ մրցակցային առավելություններ: Օրինակ՝ շաքարավազի ներկրումը չի կարող չլինել մենաշնորհ, որովհետև եթե մեկը նավերով է բերում շաքարավազը, մյուսները չեն կարող պարկերով մրցակցել»:

Ըստ Մանվել Բադեյանի՝ այլ հարց է, որ պետությունը պետք է պայքարի մենաշնորհների դեմ. «Ցանկացած մենաշնորհ չարիք է և պետության համար, և պետությունը պետք է կարգավորի մենաշնորհի աշխատանքի ընթացքը՝ մտցնելով տարբեր տեսակի սահմանափակումներ և պարտավորություններ. օրինակ՝ սահմանափակում շահութաբերության կամ գնի վրա»:

Ըստ Մ. Բադեյանի Սամվել Ալեքսանյանի՝ առանց այն էլ արտոնյալ վիճակը պետք է սահմանափակել:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.