Ռոբերտ Քոչարյանի կադրը Սերժ Սարգսյանին ձեռքին

- in Մամուլ
Serj Robert

Հայաստանի անվտանգության խորհուրդը ունի նոր քարտուղար՝ Արմեն Գեւորգյան: Սերժ Սարգսյանը հունիսի 6-ին նրան ներկայացրել է խորհրդի աշխատակազմին: Հայաստանի ԱԱԽ քարտուղարի պաշտոնը թափուր է երկու տարուց ավելի: Դրա վերջին քարտուղար Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց 2014 թվականի ապրիլին:

Սերժ Սարգսյանը ներկայացնելով Արմեն Գեւորգյանին նշել է, թե ինչքան կարեւոր է ԱԽ-ն որպես կառույց, որը թեեւ ունի խորհրդատվական բնույթ, բայց որի որոշումները կայացվում են պետական կառավարման շրջանակում:

Ուշագրավ է սակայն, որ այդ կարեւոր կառույցի քարտուղարի պաշտոնը թափուր էր երկու տարի: Ընդ որում, դժվար է ասել, թե արդյոք չէր շարունակի մնալ այդպիսին, եթե հունիսի 7-ին Երեւանում չսպասեին ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւին, որը Հայաստան է ժամանում ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների հավաքի անցկացնելու համար: Բանն այն է, որ Պատրուշեւը գալիս էր, իսկ Հայաստանն ԱԽ քարտուղար չուներ: Սերժ Սարգսյանը հասցրեց նշանակել, եւ հիմա կարելի է հանգիստ խղճով դիմավորել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարին:

Ի դեպ, կատարվել է խորհրդանշական նշանակում, քանի որ Արմեն Գեւորգյանն այսպես ասած «Սանկտ-Պետերբուրգի» դպրոցի սան է, թեեւ իհարկե հասցրել է սովորել նաեւ Տվենտեյում եւ Հարվարդում: Բայց նա Սանկ-Պետերբուրգի ասպիրանտ է, այն էլ Գերցենի անվան մանկավարժականի, այսինքն Գեւորգյանը Սանկտ-Պետերբուրգում «մանկավարժված» գործիչ է: Պատրուշեւն անկասկած կգնահատի այդ փաստը:

Հավանական է, որ Սարգսյանի նշանակումը կգնահատեն նաեւ Եվրոպան ու ԱՄՆ-ն: Փաստացի, Սերժ Սարգսյանը երկրորդ կարեւոր պաշտոնի նշանակումն է, որ կատարում է «եւ-եւ» սկզբունքով, ինչպես ԱԱԾ պետ Կուտոյանի դեպքում, որը նույնպես ուներ ռուսաստանյան եւ արեւմտյան կրթական կենսագրություն: Թեեւ, կադրային քաղաքականության «պարիտետային» այդ սկզբունքը որեւէ կերպ չի արտացոլվում քաղաքականության գործնական դրսեւորումների վրա, որտեղ գրեթե ամբողջական «ռուսահպատակություն» է:

Արմեն Գեւորգյանի նշանակումը ունի նաեւ ուշագրավ ներքին ասպեկտ: Բանն այն է, որ Գեւորգյանը հայաստանյան ներքաղաքական իրականությունում ընկալվում է որպես Ռոբերտ Քոչարյանի կադր: Արմեն Գեւորգյանն իր կարիերան կառավարման համակարգում սկսել է հենց Ռոբերտ Քոչարյանի օգնականի պաշտոնից՝ Քոչարյանի վարչապետության տարիներին: Հետո նա առանցքային պաշտոններ է զբաղեցրել նախագահական աշխատակազմում, երբ Քոչարյանն արդեն նախագահ էր: Գեւորգյանը 2007-08 թվականներին մեկ անգամ արդեն զբաղեցրել է ԱԽ քարտուղարի պաշտոնը:

Դա Հայաստանի իշխանության համար անցումային փուլ էր, երբ իշխանությունը Ռոբերտ Քոչարյանից անցնում էր Սերժ Սարգսյանին: Անցումից հետո Գեւորգյանը հայտնվեց տարածքային կառավարման նախարարի պաշտոնում, որը նույնպես առանցքային տիրույթ է Հայաստանի իշխող համակարգում: 2015 թվականին Արմեն Գեւորգյանը հրաժեշտ տվեց նախարարի պաշտոնին:

Ընդ որում, հետաքրքիր է, որ դրան նախորդեց Հայաստանում ոչիշխանական բեվեռի լուծարումը: Արմեն Գեւորգյանն անցավ գործունեության մասնավոր ոլորտ եւ գլխավորեց գործարար ու բարերար Ռուբեն Գեւորգյանի ստեղծած «Իդեա» հիմնադրամը, բայց կարճ ժամանակով:

Եվ ահա, Գեւորգյանը վերստին վերադառնում է ԱԽ քարտուղարի պաշտոնին, որը մեկ անգամ զբաղեցրել է 2007-08 անցումային փուլում: Արդյոք նրա վերադարձը խորհրդանշում է նոր անցումային փուլ:

Հայաստանը անցումային փուլում է իհարկե՝ նախագահականից խորհրդարանական կառավարման: Արդյոք դա նշանակում է նաեւ այլ անցում: Իսկ ուրիշ ի՞նչ անցում կարող է լինել: ՀՀԿ-ից մեծամասնության անցում ա՞յլ ուժի: Տեսականում կարող է լինել, իսկ գործնականում դա իհարկե դժվար պատկերացնելի է, որովհետեւ չկա ԲՀԿ եւ կարծես թե չկա նաեւ նոր ԲՀԿ ձեւավորելու համակարգային «սոցիալական հենք»:

Ներկայում Հայաստանում հրատապ կարող է լինել անցումային երկու այլ վեկտոր՝ անցում ընդդիմադիր դաշտում՝ հին բեւեռից կամ բեւեռազերծ վիճակից նոր համակարգային բեւեռի, եւ Սերժ Սարգսյանի անցում նախագահի պաշտոնից վարչապետի: Եվ այստեղ եւս Արմեն Գեւորգյանի նշանակումը դառնում է շատ խորհրդանշական, հատկապես Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի ֆոնին: Քոչարյանը դրանում քննադատում էր կառավարությանը՝ Հովիկ Աբրահամյանին, միաժամանակ Արցախի հարցում նրբորեն սատարում Սերժ Սարգսյանի դիրքորոշմանը:

Արդյոք Գեւորգյանի նշանակումը պայմանավորվածությունների փաթեթի մաս էր, որը ենթադրում է նաեւ, որ չվերադարձնելով իշխանությունը, Սերժ Սարգսյանն այդուհանդերձ Ռոբերտ Քոչարյանին մասնակի վերադարձնում է իշխանության, ինչի դիմաց էլ Քոչարյանը ստանձնոմ է իր քաղաքական ռեսուրսներով այդ իշխանության թիկունքը պահելու հանձնառություն՝ որպես ընդդիմություն, ինչպես ԲՀԿ-ն: Այն տարբերությամբ, որ ԲՀԿ-ն ձեւավորել էր Քոչարյանը, իսկ նոր տարբերակի ձեւավորումն արդեն իրականացվել է Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:

Ընդ որում, հատկանշական է Արմեն Գեւորգյանի նշանակման առումով Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, թե գրեթե 20 տարի ճանաչում է Արմեն Գեւորգյանին, եւ նա ոչ մի անգամ չի թերացել իր աշխատանքում: Հավանական է, որ Սերժ Սարգսյանն այդպիսով փորձում է ազդակ հղել իշխող մեծամասնությանը, որը բնականաբար կարող է տագնապել նոր նշանակման հարցում եւ մտավախություն ունենալ, որ դա կարող է լինել Քոչարյանի վերադարձի ազդակ: Բանն այն է, որ այդ մեծամասնությունն այս տարիներին բազմաթիվ անգամներ է գրոհել Քոչարյանին, եւ բնական է, որ նրա վերադարձի որեւէ ուրվագիծ կարող է լինել այդ մեծամասնության համար ռիսկային:

Սերժ Սարգսյանն ասելով 20 տարի ճանաչելու, այսինքն փաստացի Գեւորգյանին «լավ ճանաչելու» մասին, փորձում է հանգստացնել ՀՀԿ-ին, որ ամեն ինչ իր վերահսկողության տակ է եւ անհանգստանալու կարիք չկա: Թեեւ, չի բացառվում իհարկե ՀՀԿ գլխի տակ փափուկ բարձի տարբերակը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20