Նաիրա Զոհրաբյանը «փուռն է տալիս» …

Naira Zohrabyan

2017 թ. խորհրդարանական ընտրություններից մեկ տարուց էլ քիչ ժամանակ առաջ ՀՀԿ-ական իշխանությունների կողմից տրամաբանակա՞ն է Հարկային նոր օրենսգրքի ընդունումը, որին դեմ են նաև ՀՀԿ-ական և ՀՀԿ-ամերձ շատ գործարարներ: Իշխանությունը թերևս իր հաշվարկներն ունի ու գործարարներից ոմանց <տրաս հանելով> գուցե հասկացնում է մուծման ու իրենց վերմակի չափաբաժնի մասին:

Սակայն, երբ այդ մասին խոսում ու Հայաստանի վրա գրանիտե գերեզմանաքար է քաշում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ով մատրոսովյան իր գործելաոճով, միևնույն ժամանակ՝ իր կողմից իսկ <ղեկավարվող> կուսակցության և համանուն խմբակցության անդամ – ներկայացուցիչների վրա ազդել չկարողանալով, ընդամենն առաջացնում է հանրության տարակուսանքն ու զարմանքը: «Եթե նոր Հարկային օրենսգիրքն այս տեսքով ընդունվի, սա նշանակում է, որ մենք մի հատ գրանիտից տապանաքար պետք է դնենք Հայաստանի տնտեսության վրա և գրենք՝ վախճանվեց անփառունակ մահով»,- ԱԺ արտահերթ նիստում իր հերթական ճլըթոցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը. «Պարզվում է, ՀՀ կառավարությունը այս օրենսգրքի շահառուների հետ նախագիծը չի քննարկել, հիմա ասում է՝ եկեք առաջին ընթերցմամբ քվեարկեք, հետո կբարելավվի: Քանի օր է ոլորտի շահառուները, մասնավորապես ՓՄՁ ներկայացուցիչները, նաև ֆերմերներն ուղղակի ահազանգ են հնչեցնում, որ այս նախագիծը ոչնչացնելու է Հայաստանի տնտեսությունը: Պարզ է, թե ինչի համար է բերված նախագիծը, ընդամենը հարկերը քամելու համար»:

Իսկ քննադատելուց, մատրոսովյան <տելնյաշկան> պատռելուց հետո՝ հաջորդ օրն առավոտյան, երբ քվեարկվում են օրինագծերն ինչպե՞ս է դրսևորվում Նաիրա Զոհրաբյանը: Միանշանակ՝ քվեարկում է ձեռնպահ: Նա՝ լինելով ԲՀԿ ոչ միայն կուսակցության, այլև համանուն խմբակցության ղեկավարը չի կարողանո՞ւմ կուսակից – խմբակցակիցներին համոզել իր սուր քննադատություններից հետո դեմ քվեարկել նման օրինագծերին, ինքն էլ բոլոր կողմերին՝ և՛ կուսակցության տերերին, և՛ հանրությանը լավամարդ ու չեզոք լինելու կամ՝ ավելի ճիշտ այդպես երևալու համար քվեարկում է ձեռնպահ:

Նաիրա Զոհրաբյանը ժողովրդին աչքին իբրև թե լավամարդ երևալու հույսով է քվեարկում այդպես, բայց հասարակությունը լավ է ճանաչում ով ով է և ինչի է ընդունակ իրականում: Ժողովուրդը լավ գիտե, թե ով է ընդդիմություն, ում են սահամափակ <ընդդիմադիր> տարածք տվել ինքնադրսևորվելու համար: Սակայն, ինչպես խորհրդարանում փաստում են ԲՀԿ խմբակցության անդամ մեր զրուցակիցները, Նաիրա Զոհրաբյանն այդպիսով <փուռն է տալիս> առաջին հերթին իրենց. <Տո լավ, այ ախպեր, արդեն չգիտենք ոնց անենք, որ իրա ստվերից մեր վրա չընկնի>:

Նաիրա Զոհրաբյանն, ըստ ՀՀ կառավարությունում և կառավարամերձ շրջանակներին մոտ մեր աղբյուրների, չափը հաճախ անցնում է նաև տերերի կողմից սահմանված տարածքներն անցնելու առումով, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի հանդեպ գնահատկաններով. «Կոռուպցիայի դեմ սրբազան պայքար էիք հայտարարել, մենք կարո՞ղ ենք ընդունել, որ այդ տարբերակն արդյունավետ չէր: Միասին տոնեցինք կոռուպցիայի դեմ հայտարարաված սրբազան պայքարի մի ամիսը: Պայքարեք ստվերի ու կոռուպցիայի դեմ, ավելացրեք հարկային մուտքերը: Էդ ի՞նչ ա, կարո՞ղ ա կոռուպցիան անորսալի ջոն ա, տեղերը չգիտեք, կամ մենաշնորհներն անորսալի ջոն են, չեք կարողանում Հայաստանի մոնոպոլիստներին գտնեք, գնում եք էս անընդունելի տարբերակով: Կոռուպցիայի տեղն էլ գիտեք, կոռուպցիոներների տեղն էլ, հարկերը շրջանցողների տեղն էլ գիտեք, կոռուպցիայի բոլոր շերտերն իրենց գամային նրբերանգներով գիտեք»:

Ըստ նույն աղբյուրների, Նաիրա Զոհրաբյանը պարզապես ավարտում է քաղաքական կարիերան ու, ցավոք, ԲՀԿ-ի հետ միասին, եթե իհարկե ակտիվության նշաններ ցույց տվեղ Գագիկ Ծառուկյանը չվերադառնա քաղաքականություն ու հատկապես՝ չգլխավորի ԲՀԿ համամասնական ընտրացուցակն 2017 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ: Իսկ այդ մասին նախանշանների ու աղբյուրներից ստացվող տեղեկատվությանն ու վերլուծությանը՝ սպասեք հաջորդիվ:

Այլապես՝ կայքը կոտրելով, սպամելով ու լրատվամիջոցի մասին բանսարկություններ տարածելով ու բամբասելով Նաիրա Զոհրաբյանը հեռուն չի գնա: Ափսոս, որ երբեմնի գործընկերուհի է …

Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆ

Spread the love