ԱՄՆ տհաճ անակնկալն Ալիեւին

- in Մամուլ
Barak Obama

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունիսի 7-ին ժամանում է Գերմանիա, որտեղ նա հանդիպում է ունենալու այդ երկրի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Գերմանիան ներկայում նախագահում է ԵԱՀԿ-ում, որի շրջանակում է գտնվում Արցախի խնդիրը:

Մերկելն ու Ալիեւը անկասկած կքննարկեն նաեւ այդ հարցը: Թե ինչ համատեքստում, այդքան էլ հստակ չէ: Հրապարակային մասով թվում է, որ խոսքը պետք է վերաբերի հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրմանը, առավել եւս, որ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են հակամարտող կողմերին դրա վերաբերյալ նախագծեր ներկայացնելու մասին:

Գերմանիան հանդես է գալիս այդ նախագծի օգտին, այդ մասին հայտարարվել է անգամ ապրիլյան պատերազմից առաջ:

Միեւնույն ժամանակ, Ալիեւը Բեռլին է այցելում այն բանից հետո, երբ Բունդեսթագը ընդունել է հայերի ցեղասպանության ճանաչման բանաձեւ, եւ այդ առումով չի բացառվում, որ Գերմանիան այդ մասով բավարարելով Հայաստանին, կփորձի իրավիճակը հավասարակշռել Ադրբեջանի օգտին որեւէ դիրքորոշմամբ:

Միաժամանակ, այստեղ ակնհայտ է իրադարձությունների զարգացման գլոբալ համատեքստը, որտեղ զուտ Արցախի խնդիրը բաղադրիչներից մեկն է: Լուծվում են շատ ավելի ընդգրկուն խնդիրներ, եւ այդ իմաստով ապրիլյան պատերազմից հետո ձեւավորվել է մի քառանկյուն՝ Գերմանիա-Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա: Այդ քառանկյան շրջանակում տեղի են ունենում գործընթացները, միմյանց ուղղված քաղաքական փոխանցումներ, ինչպես օրինակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը Երեւանում, որով նա Գերմանիային կոչ արեց առավել աշխույժ լինել արցախյան խնդրում:

Արդյոք այս տեսանկյունից պաշտոնական Բեռլինը Մոսկվայի համար դիտվում է ԱՄՆ նախաձեռնողականությունը զսպելու միջոց, առավել եւս, որ Մոսկվան կարծես թե մշտապես փորձել է աշխատել Բեռլինի հետ, խաղալով գուցե Գերմանիայի աշխարհքաղաքական աճող փառասիրության վրա:

Այս կողմից, Եվրոպա է ժամանում Ալիեւը, ով անկասկած նաեւ ռուսական քաղաքականության գործոններից մեկն է, իսկ մյուս կողմից նույն օրը Եվրոպա է ժամանում ամերիկյան բավական առանցքային մի պաշտոնյա: Խոսքը Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարի ահաբեկչության դեմ պայքարի և ֆինանսական հետախուզության հարցերով տեղակալ Ադամ Շուբինի մասին է:

Նա Եվրոպա է գալիս ՌԴ հանդեպ պատժամիջոցների երկարաձգման ամերիկյան տեսակետը առաջ մղելու համար, հատկապես այն ֆոնին, որ Ֆրանսիայում, Գերմանիայում ու Եվրոպայի հարավի մի շարք երկրներում նկատվում են այդ պատժամիջոցները շարունակելու հեռանկարի վերաբերյալ դժգոհություններ:

Պաշտոնը հուշում է, թե ֆինանսական ինչպիսի տեղեկատվության կարող է տիրապետել Շուբինը, եւ ֆինանսական հոսքերի ինչ տվյալներ կարող են հայտնվել Փարիզի եւ Բեռլինի առաջ: Դժվար է ասել, թե այդ տեսանկյունից ինչպիսի առնչություններ կարող են լինել օրինակ Ալիեւի հետ, որն անկասկած համաշխարհային ֆինանսական «ռիսկերի» գոտու ակտիվ սուբյեկտներից մեկն է, բայց Ադրբեջանի նախագահի համար անկասկած տհաճ անակնկալ է դիվանագիտությամբ զբաղվել այն աշխատանքային գոտում, որտեղ պատրաստվում է կարեւոր աշխատանք ծավալել ԱՄՆ ֆինանսների նախարարի ահաբեկչության դեմ պայքարի և ֆինանսական հետախուզության հարցերով տեղակալը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20