Գարեգին Բ-ի «ապրիլյան դասերը»

- in Մշակույթ
Garegin B

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում հանդես է եկել Հանրապետական մաղթանքով, որում անդրադառնալով ապրիլի պատերազմին եւ դրանք որակելով «իրադարձություններ», ասել է, թե դրանք ցույց տվեցին, որ «մենք ունենք մեծ անելիքներ»:

«Նախորդ երկուսուկես տասնամյակները եղան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության զորացման եւ հաջողությունների աստիճանական ամրապնդման տարիներ: Ապրիլյան վերջին իրադարձությունները, սակայն, եկան հավաստելու, որ մենք տակավին մեծ անելիքներ ունենք Արցախի պետականության ամրապնդման եւ մեր հայրենքի սահմանների անվտանգության ապահովման գործում: Թշնամու չդադարող ոտնձգությունների պայմաններում մենք պիտի շարունակենք միասնաբար զորացնել մեր բանակը, շենացնել ու հզորացնել Արցախը: Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին աշխարհասփյուռ իր թեմերով ու եկեղեցական կառույցների ամեն հնարավորությամբ ձեր կողքին է, սիրելի քաջարի արցախցիներ՝ մշտապես սատար ու աջակից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգայնորեն ճանաչման եւ Արցախում արժանապատիվ կյանքի կառուցման ջանքերին», ասել է Գարեգին Երկրորդը:

Փաստացի, նա խոսում է ապրիլի պատերազմի դասերի մասին: Իսկ ի՞նչ դաս է քաղել այդ «իրադարձություններից» Հայ առաքելական եկեղեցու ղեկավարությունը: Երբ Գարեգին Երկրորդը խոսում է այն մասին, որ ունենք մեծ անելիքներ, կոնկրետ ի՞նչ անելիք է պատկերացնում Հայ Առաքելական եկեղեցու՝ իր գլխավորած կառույցի համար:

Գարեգին Երկրորդը Արցախին է նվիրաբերել 500 հազար դոլար՝ ՀԱԵ անունից: Դա իհարկե կարեւոր նվիրատվություն է Արցախին, բայց 500 հազար դոլար նվիրատվությունը ուշագրավ է դիտվում այն պարագայում, երբ միայն Ամենայն հայոց կաթողիկոսին սպասարկող ավտոմեքենաների պարկն ունի մոտավորապես այդ արժեքը, եթե չի գերազանցում այն:

ՀԱԵ ղեկավարի եւ ղեկավարության շքեղ կյանքը վաղուց է Հայաստանի հանրային ուշադրության կենտրոնում, վաղուց է արժանացել հասարակության համարժեք գնահատականին: Այդ իրողությունը հերթական անգամ ցցուն կերպով արտահայտվեց Հռոմի պապի Հայաստան կատարած հունիսյան այցի ընթացքում, երբ ժուժկալ պապի կողքին առավել ընդգծվեց ՀԱԵ ղեկավարության պերճանքը:

Բայց, բանն իհարկե նյութական արժեքը կամ ծավալը չէ: Դա հետեւանք է՝ հետեւանք է մտածողության, մշակույթի, աշխարհայացքի եւ աշխարհընկալման: Խնդիրն այն է, թե Հայ առաքելական եկեղեցու ղեկավարությունն ինչ դեր է պատկերացնում եկեղեցու համար ընդհանրապես հասարակական-քաղաքական, պետական կյանքում, այդ թվում Արցախի ամրապնդման, պաշտպանվածության համատեքստում:

Այդ դերն այն է, որ հաջորդ ռազմական շքերթին հոգեւորականների մեկ գնդի փոխարեն երկուսը, երե՞քը անցնեն, թե՞ այն, որ ՀԱԵ-ն ոչ թե կազմի բանակային գնդեր, այլ պաշտպանության գործը թողնելով մասնագիտական կառույցին, իրականացնի իր հանրային առաքելությունը եւ Հայաստանի ու Արցախի պաշտպանության գործին նպաստի դրա այլ, եւ թերեւս ռազմականից ոչ պակաս կարեւոր բաղադրիչների ուղղությամբ:

Արցախի խնդիրը, անվտանգությունը, հեռանկարները էապես կախված են Հայաստանի հասարակական եւ պետական կյանքի, Հայաստանի քաղաքակրթական որակներից, Հայաստանի արդիականությունից: Դա հանրությանն առաջնորդող արժեքների, մտածողության, մշակույթի, աշխարհաճանաչողության խնդիրներն են: Եվ այդ հարցում եկեղեցին ունի ահռելի դերակատարում, հատկապես նկատի ունենալով, որ այն եզակի աշխարհասփյուռ ցանցային կառույց է: Այն, որ արդիականացման հարցում եկեղեցին ունի ահռելի նշանակություն, վառ օրինակ է նույն Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը, որն իր գործունեության ընթացքում իրականացնում է հեղափոխություն, բայց ոչ միայն կաթոլիկների եւ ոչ միայն ընդհանրապես քրիստոնյաների համար:

Դրանով Պապը ցույց է տալիս կրոնի, հոգեւոր կյանքի, հոգեւոր կառույցի եւ առաջնորդների նոր դերը, նոր առաքելությունը ժամանակակից աշխարհում, ցույց է տալիս, որ հոգեւորը միմիայն շահում է, երբ եկեղեցին չի պարփակվում լոկ իր կրոնական շրջանակներում եւ անմասն չի մնում հանրային տարբեր խնդիրներում իր սկզբունքային դերակատարումից, անկախ դրանցում զուտ կրոնական եւ հոգեւոր բաղադրիչների առկայությունից:

Հայ առաքելական եկեղեցու ղեկավարությունը բացարձակապես անմասն եւ օտար է հանրային խնդիրներից եւ հանրությանը հիշում է միայն լոկ սեփական «գերատեսչական» շահերի, կամ իշխանության համար անհրաժեշտ պահերի թելադրանքով: Դրա վկայությունն է այն, որ եկեղեցու ղեկավարությունը գործնականում զուրկ է հանրային հեղինակությունից ու ազդեցությունից, անմասն է մնում հասարակական եւ պետական նշանակության կարեւորագույն եւ բարդ իրավիճակներում սեփական հեղինակավոր խոսքն ասելուց: Օրինակները բազմաթիվ են, Մարտի 1-ից մինչեւ հուլիսյան իրադարձություններ:

Հայ առաքելական եկեղեցին այդ իմաստով ունի կառուցվածքային իրապես ահռելի, նույնիսկ եզակի պոտենցիալ, ինչի մասին Շուշիի իր Հանրապետական մաղթանքում հիշատակում է նաեւ Գարեգին երկրորդը, բայց հարց է, թե կա՞ արդյոք մտածողության, պատկերացումների, տեսլականների եւ վերջապես երազանքների բավարար պոտենցիալ, եղած կառուցվածքայինը համարժեք բովանդակության վերածելու համար: Թե՞ ՀԱԵ-ն իր այդ ահռելի պոտենցիալով կշարունակի հանդիսանալ Հայաստանի իշխող համակարգի կցորդ կամ գործընկեր, իսկ ՀԱԵ ղեկավարությունը կշարունակի գործարքն այդ համակարգի հետ՝ «գույք լեգիտիմության դիմաց» տարբերակով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments