Zenq

Ադրբեջանական լրատվամիջոցները Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ կազմակերպվող ռազմական շքերթի փորձից հետո արձանագրել են, որ Հայաստանը առաջին անգամ ցուցադրել է իր Իսկանդերները, նաեւ մի շարք այլ ժամանակակից զինատեսակներ: Ադրբեջանցիները նշել են նաեւ, թե ապրիլի պատերազմից հետո իրենք էլ նոր զինատեսակներ են ձեռք բերել, բայց դեռեւս հայտնի չէ, թե ինչ:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության աղբյուրը մի քանի օր առաջ tert.am-ին հայտնել էր, որ զինատեսակների ցուցադրության հարցում Հայաստանն անակնկալ է պատրաստել: Այդպիսի պատասխան էր հնչել հարցին, թե արդյոք շքերթի ժամանակ կցուցադրվի Ռուսաստանից 200 միլիոն դոլարի վարկով ձեռք բերված սպառազինությունը:

Այդ սպառազինությունը դարձավ խորհրդավոր պատմություն: Հանրությանը հայտնի դառնալով 2015 թվականի ամռանը, այս պատմությունը հետագայում պատվեց խորհրդավորությամբ: Ապրիլի պատերազմից օրեր անց, Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՌԴ վարչապետ Մեդվեդեւի հետ երեւանյան հանդիպմանը «բացահայտեց», որ սպառազինության մատակարարում չկա, այն դանդաղում է, եւ խնդրեց Մեդվեդեւին արագացնել: Հետաքրքիր է, որ ապրիլի 7-ի այդ հանդիպմանը Մեդվեդեւը որեւէ բան չէր պատասխանել, գոնե հրապարակավ:

200 միլիոն դոլարի սպառազինության ցանկը, սակայն, դեռեւս 2015-ի նոյեմբերին գաղտնազերծել էր ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Դրանից անմիջապես հետո Ադրբեջանը բողոք հղեց ՌԴ ԱԳՆ, պահանջելով երաշխիք, որ այդ զենքը չի օգտագործվի Ադրբեջանի դեմ: ՌԴ ԱԳՆ-ն տվեց այդ երաշխիքը, հայտարարելով, թե Ադրբեջանը պետք է ըմբռնումով մոտենա՝ իրենք դաշնակցային պարտավորություն ունեն Հայաստանի հանդեպ, իսկ սպառազինություն մատակարարելիս հաշվի են առնում հավասարակշռությունը:

Պաշտոնական տվյալով, վերջին տարիներին Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել է տասնապատիկ ավելի սպառազինություն, քան Հայաստանին: Ավելին, դեռեւս մինչեւ վերջ պարզ չէ՝ Հայաստանին մատակարարել է, թե ոչ, գոնե ամբողջությամբ: Հետեւաբար, խոսք չի կարող լինել որեւէ հավասարակշռության մասին:

Ապրիլի պատերազմը դրա վկայությունն էր, քանի որ պատերազմը «ոչ հաղթանակ, ոչ պարտություն» ելքով է ավարտվել ոչ թե ռազմա-տեխնիկական հավասարակշռության, այլ հայ մարտիկների անձնական սխրանքի շնոհիվ: Ու քանի որ ավելի երկարատեւ պատերազմը ՌԴ համար արդեն բարդություն էր, քանի որ երկարատեւի դեպքում ուղղակի անհնար կլիներ չլինել Հայաստանի կողքին եւ «հավասարակշռություն» պահել, Ռուսաստանը հրադադար հաստատեց:

Մինչդեռ, տարիների ընթացքում Ադրբեջանի հետ հարաբերությամբ խախտելով ռազմա-քաղաքական եւ ռազմա-տեխնիկական հավասարակշռությունը, ՌԴ ակնկալիքը այն էր, որ Բաքուն ի զորու կլինի մի քանի օրվա ընթացքում այնպիսի հարված հասցնել Հայաստանին, որ Երեւանն անկարող լինի դիմակայել առանց Ռուսաստանից ռազմական օգնություն խնդրելու: Այդպիսով, կարճատեւ պատերազմը պետք է լիներ Կազանի դիվանագիտորեն չհաջողված պլանի «իմպլեմենտացիան»:

Դա չստացվեց, հայկական զինուժը տապալեց նաեւ այդ պլանի ռազմական փորձը եւ թերեւս տեւական ժամանակով հաստատեց իրավիճակ, երբ էապես սահմանափակվել են այդօրինակ նոր փորձի հեռանկարները:

Այդժամ Ռուսաստանին այլ բան չի մնում, քան ապրիլի իր պահվածքից հետո Հայաստանում եւ Արցախում իր արմատախիլ եղած հեղինակությունը վերստին ընձյուղելու փորձը, ինչի միջոց է սպառազինության նոր տեսակների մատակարարումը:

Փաստացի, Ռուսաստանին այդ քայլը պարտադրել է հայկական զինուժը՝ ապրիլին կասեցնելով Ադրբեջանի մեծածավալ գրոհը: Ըստ այդմ, դա եւս հայկական զինված ուժերի, հայ զինվորի եւ սպայի ձեռքբերումն է, ոչ թե դաշնակցի «բարոյականությունը», որի մատակարարած սպառազինությամբ մի քանի ամիս առաջ սպանվում էին հայկական բանակի սպան եւ զինվորը, նաեւ խաղաղ բնակիչներ:

Շատ կարեւոր է հասկանալ, որ դա ձեռքբերում է՝ հայկական զինուժի ձեռքբերումը, ոչ թե Հայաստանին տրված նվեր կամ արված լավություն, ինչպես անկասկած փորձում են եւ փորձելու են ներկայացնել հայտնի «ապոլոգետները»:

Այդ ամենով հանդերձ, ինչն է ամենաառանցքայինը տվյալ պարագայում, նաեւ ապրիլի պատերազմից հետո հատկապես: Իսկանդերները, զենիթահրթիռային ժամանակակից համակարգերը, համազարկային կայանները շատ կարեւոր են, դա անհերքելի է:

Սակայն, հայկական բանակի գլխավոր անակնկալը կարող է լինել հայկական գիտությունը: Ինչ է դա նշանակում: Հայկական զինված ուժերի «ինքնաբավության» աստիճանի բարձրացում հայկական գիտատեխնիկական պոտենցիալի շնորհիվ, ինչը կունենա ոչ միայն պաշտպանական, այլ նաեւ մուլտիպլիկատիվ տնտեսական էֆեկտ այլ ուղղություններով:

Ընդ որում, այդ խնդիրն ու ծանր սպառազինության տեսականին ամենեւին հակադրելի չեն, դրանք փոխլրացնող են: Առավել եւս, որ ծանր սպառազինությունն ունի իհարկե լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգը էապես զսպող նշանակություն, բայց Արցախի խնդրում առկա իրավիճակը գուցե առավել մեծ է պահում «լոկալ մերձամարտերի» վտանգը, որտեղ արդեն պահանջվում է բոլորովին այլ նյութատեխնիկական հագեցածություն: Իսկ այստեղ արդեն հայկական գիտատեխնիկաան պոտենցիալը կարող է լինել բավական կենսունակ, անհրաժեշտ ուշադրության արժանանալու դեպքում:

Կարդացվել է 9852 անգամ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.