Կարեն Կարապետյանը՝ Լևոն Մկրտչյանին. Թարմ աչքով նայեք, որպեսզի իներցիայով ծրագրեր չբերեք

- in Կրթություն
Levon Mkrtchyan

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին զգուշացրեց, որ ոլորտին ոչ նպատակային հատկացումներ չեն արվելու բյուջեից:

Նախարարը ներկայացնում էր 2017 Գիտական և գիտատեխնիակակն պետական նպատակային ծրագրին հավանություն տալու մասին նախագիծը: Նա հայտարարեց, որ դրա շրջանակներում իրականացվող բոլոր ծրագրերն արդիական են, ունեն հնչեղություն:

«Ի՞նչ գումարի մասին է խոսք գնում»,- հարցրեց վարչապետը:

«Ընդհանրապես տրամադրվում էր 1 մլրդ 840 մլն դրամ»,- պատասխանեց նախարարը:

Կարեն Կարապետյանը բացատրություն պահանջեց, թե ի՞նչ ծրագրեր էին իրականացվում դրա շրջանակներում. «Սրանք ոլորտային ծրագրեր են, մեծ մասը Պաշտպանության նախարարության համապատասխան ծրագրերն են, իսկ մեր մասով յուրաքանչյուր գիտակրթական կենտրոն ներկայացնում է երկրի համար կարևոր նշանակություն ունեցող գիտատեխնիկական կարևոր ծրագրեր, որոնք իրականացվում են և որոնց արդյունքները չափելի են: Բոլոր ոլորտները կան՝ Մատենադարանը, ակադեմիայի ինտիտուտները»,- շտապեց բացատրել Լևոն Մկրտչյանը:

Կարեն Կարապետյանը նրան մեկ օր ժամանակ տվեց՝ ասելով, որ հարցը պետք է լրացուցիչ քննարկել. «Թարմ աչքով նայեք, որպեսզի իներցիայով ծրագրեր, որոնք ամեն տարի գալիս են, և չենք հասկանում ինչ նպատակ ունեն, չբերեք: Մենք այդ հնարավորությունը, այդ փողը ծախսելու չունենք: Եթե դուք ասում եք՝ արդյունքները հաշվելի են, մեկ օր ժամանակ, մենք դրա մասին հանգիստ կզրուցենք: Մենք գոնե պետք է հասկանանք փիլիսոփայությունը, ինչ հայտանիշներով ենք ասում՝ այստեղ գումար դնում ենք, թե չէ»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments