Vahram Baghdasaryan

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով վարչապետի նշանակման շուրջ քննադատություններին ասաց, թե «Շտապում են մեր ընդդիմադիր գործընկերները: Բնականաբար, այլ կարծիք չէի էլ սպասում, մոտ են ընտրությունները»:

Վահրամ Բաղդասարյանը մասնավորեց, որ ՀՀԿ-ն պատրաստ է քննադատություններ լսել և լծվել աշխատանքի: Փոփոխությունները, նրա խոսքով, ինքնանպատակ չեն լինում, և սա անձերի փոփոխություն չէ, ծրագրային դրույթների փոփոխություն է՝ բխելով սահմանադրական բարեփոխումներից. «Բազմիցս մենք հայտարարել ենք, որ կան լուրջ խնդիրներ և հապաղելու ժամանակ չունենք, և որդեգրված բարեփոխումները մենք պարտավոր ենք պարզապես կյանքի բերելու նոր ոճով, նոր գործիքներով ու նոր ծրագրերով»:

Նա նշեց, որ քաղաքական ուժերի միջև ՀՀԿ-ն տարբերություն չի դնում, թե որ ուժի հետ կարելի է ազգային համաձայնության կառավարություն կազմել, որի հետ ոչ: Այդ համաձայնեցված կառավարությունը հենց ինքնըստինքյան բխում է սահմանադրական բարեփոխումներից, և հաջորդ համապետական, այսինքն՝ ԱԺ ընտրություններից հետո ձևավորվելու է մի Ազգային ժողով, որտեղ բավական բարձրանում է ընդդիմության դերակատարությունը: «Այդ պայմաններում սկզբունքային հարցերի շուրջ առանց համաձայնեցման մենք չենք կարող ընդհանուր հայտարարի գանք: Հետևաբար, մենք պետք է գնանք այդ քային, իսկ համաձայնեցված կառավարությունը միակողմանի չի լինում, պետք է երկուստեք ցանկություններ լինեն: Եթե մենք լինենք մեծամասնություն, մենք որևէ տարբերություն չենք դնում քաղաքական ուժերի միջև, այդ համաձայնեցված կառավարությունը բավականին ընդգրկուն կլինի»,- ասաց նա:

Անդրադառնալով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, որ տնտեսության վիճակը շատ ծանր է, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ամեն ինչ համեմատության դաշտում է. «Եթե 90-ական թվականների հետ համեմատության մեջ ենք մտնում, մենք տեսնում ենք բավական շատ առաջընաց, որը գոհացնող չէ: Եթե ներկայիս վարչապետը, վիճակը գնահատելով ծանր, ինքը գիտակցելով եկել է և ունի դրա բուժման դեղատոմսը, դրան մենք բոլորս կաջակցենք»:

Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հարցին, ինչի մասին ակնարկել էր ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը: Հարցին, թե ինչ-որ բա՞ն է փոխվել, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ Միքայել Մելքումյանի մոտ ինչ-որ բան փոխվել է, թե ոչ, մեզ մոտ չի փոխվել: Գագիկ Ծառուկյանի հետ շփումներից չեմ նկատում, որ բան է փոխվում: Նա խոսքի մարդ է, ես հավատում եմ իր խոսքին, թողնենք ապագային»:

ՀՀԿ-ն թույլ կտա՞ Ծառուկյանին վերադառնալ քաղաքականություն, հարցին ի պատասխան նա հորդորեց սադրիչ հարցեր չտալ, Ծառուկյանը ինքնուրույն ու կայացած անձ է, քաղաքական դաշտում չպետք է թույլտվություն վերցնի: «Եթե պետք է թույլտվությամբ որևէ մեկը գա քաղաքական դաշտ, ավելի լավ է չգա»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ՀՀԿ-ի համար Ծառուկյանը դեռևս չարի՞ք է. «Ես խնդրում եմ, նման գնահատականներ պետք չէ հնչեցնել: Եթե մի մարդ քաղաքականությամբ չի զբաղվում, ես չեմ ցանկանում քաղաքական գնահատականներ տալ: Իսկ որպես գործարարի ու բարերարի՝ ես իմ գնահատականները հնչեցրել եմ: Եթե մի բան իրականության մեջ չկա, ինչո՞ւ դրա վրա ժամանակ կորցնենք»:

Կարդացվել է 7862 անգամ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.