«Որ ասեմ՝ ամեն ինչ լավ պատկերացրի՝ ինչ ասացիք, չէ». Կարեն Կարապետյանի նկատողությունը Լևոն Մկրտչյանին

- in Կրթություն
Levon Mkrtchyan

Երբ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին հարցը, վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ մինչև վերջ այդպես էլ չհասկացավ, թե ինչ փոփոխություն է առաջարկում Լևոն Մկրտչյանը:

«Վաղվա Հայաստանի Հանրապետության քաղաքացուն պետք է տեսնենք կիրթ, և երբ թիմը վերջնական ձևավորվի, յուրաքանչյուր նախարարի հետ իր ոլորտի մասին կխոսենք»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը:

Կ.Կարապետյանը հետաքրքրվեց, թե այդ որոշմամբ ի՞նչն է փոխվում կառավարման և կանոնների մեջ, սակայն Մկրտչյանի պատասխանները, թե՝ ինստիտուտները ՊՈԱԿ-ներ էին, հետո ձևավորվեցին հիմնադրամներ, որ ավելի ազատ լինեն ֆինանսավորման մեջ, կրկին չբավարարեցին վարչապետին:

«Ի՞նչ թույլ չի տալիս այսօրվա կառավարման համակարգը, որ թույլ է տալիս առաջարկվողը»,- հարցը վերաձևակերպեց Կ. Կարապետյանը:

Լևոն Մկրտչյանը մանրամասնեց, որ կառավարումն է փոխվում, հիմնադրամները շատ ավելի ազատ են իրենց ֆինանսական քաղաքականության մեջ, և լուրջ աշխատանքի պարագայում՝ կարող են իրականացնել լուրջ ֆինանսավորում, ներդրումներ անել և համագործակցել, և աշխարհում ընդունված ձև է:

«Որ ասեմ՝ ամեն ինչ լավ պատկերացրի՝ ինչ ասացիք, չէ, բայց եկեք ընդունենք, հետո վերանայենք,- ընդառաջ գնաց վարչապետը և հավելեց,- Մենք բազմաթիվ քայլեր ենք անում կիսատ-պռատ, համոզված չլինելով, որ դա ճիշտ է: Ես չեմ ուզում Ձեր որոշումը հիմա կանգնացնեմ, բայց եթե ինքներդ վստահ չեք, որ սա օգուտ է տալու, գուցե չանե՞նք»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments