«Սահմանին կանգնած եզդի հերոսը». զինծառայողների մասին նկարահանվել են փաստագրական ֆիլմեր

- in Մշակույթ
Film

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Սահմանին կանգնած եզդի հերոսը» խորագրով ծրագիրը՝ նվիրված Հայաստանի սահմանները պաշտպանած և հանուն Հայոց աշխարհի խաղաղության իրենց կյանքը զոհած հերոս եզդի զինծառայողներին։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Նախաձեռնության շրջանակներում առաջիկա օրերին լույս կտեսնի «Սահմանին կանգնած եզդի հերոսը» վերտառությամբ գրքույկը, որտեղ զետեղվել են հայոց բանակի չորս անմահ զինծառայողների՝ Սիդար Ալոյանի, Համլետ Հաջոյանի, Բորիս Օզմանյանի, Քյարամ Սլոյանի կյանքի և հերոսական գործունեության մասին պատմություններ: Գրքույկը երկլեզու է՝ եզդիերեն և հայերեն: Զինծառայողներից երեքը՝ Համլետ Հաջոյանը, Բոր իս Օզմանյանը և Քյարամ Սլոյանը, զոհվել են 2016թ. ապրիլին։

Ծրագրի շրջանակներում զինծառայողների մասին նկարահանվել են նաև փաստագրական կարճամետրաժ ֆիլմեր:

Ծրագրի ղեկավար Համլետ Սմոյանը նշում է, որ մարզային դպրոցներում, բուհերում, Երևանի՝ եզդիների կիրակնօրյա դպրոցում կկազմակերպվեն քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները կդիտեն պատրաստված ֆիլմերը, կծանոթանան հերոսների կյանքին և կստանան գրքույկներ: Համլետ Սմոյանը նկատում է, որ ծրագրով ցույց է տրվում, որ ՀՀ ազգային փոքրամասնությունները, մասնավորապես եզդիները, իրենց հայ եղբայրների հետ պաշտպանում են սահմանները և հանուն երկրի խաղաղության իրենց կյանքն են զոհում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments