ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե կհրաժարվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, եթե իրեն արվի այդպիսի առաջարկ:

Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ չի ստացել այդպիսի առաջարկ, սակայն եթե լինի, ինքը կհրաժարվի միարժեքորեն: Նա ասել է, որ ներկայում պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է եւ չի պատրաստվում գլխավորել որեւէ միջազգային կառույց:

Տեղեկությունն այն մասին, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարող է զբաղեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, քանի որ այդ պաշտոնում հոկտեմբերին նշանակվելու է Հայաստանի ներկայացուցիչը, տարածել էր ռուսական Ինտերֆաքս գործակալությունը: Իսկ որ հոկտեմբերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչն է լինելու, մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր ներկայիս գլխավոր քարտուղար Բորդյուժան:

Սեյրան Օհանյանի անունը Ինտերֆաքսը շոշափել էր Հայաստանի կառավարության փոփոխության համատեքստում, գրելով, որ նա կարող է հեռանալ պաշտոնից: Այն, որ Սեյրան Օհանյանը կարող է հեռանալ պաշտպանության նախարարի պաշտոնից, գրել է նաեւ հայկական մամուլը:

Ներկայում պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Օհանյանի հայտարարությունն արդյոք նշանակում է, որ նա չի հեռանալու եւ մնում է իր պաշտոնին նաեւ նոր կառավարության կազմում:

Համենայն դեպս հատկանշական է, որ Սեյրան Օհանյանն անմիջապես չէ, որ հերքել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու, կամ իր հեռանալու մասին տեղեկությունները: Ավելին, նա հայտարարել էր, թե կառավարությունը ձեւավորում է հանրապետության ղեկավարությունը եւ պետք է սպասել:

Ըստ ամենայնի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու հարցն այդուհանդերձ քննարկվել է, այդ պատճառով էլ Սեյրան Օհանյանը անմիջապես չէ, որ հերքել է դրա հավանականությունը: Ավելին, նախարարի մամուլի քարտուղարը այդ տեղեկությունների կապակցությամբ հանդես եկավ սոցցանցային գրառումով, հորդորելով ռազմա-քաղաքական կարեւոր նշանակումների փուլում ցուցաբերել զսպվածություն եւ չանել կանխատեսումներ ու ենթադրություններ:

Հետաքրքիր է, Սեյրան Օհանյանի նշանակման հարցը դուրս է եկել օրակարգից նրա՞ նախաձեռնությամբ, այսինքն նա ի՞նքը չի ընդունել առաջարկը, թե թեկնածությունը չի ընդունել Մոսկվան: Միաժամանակ հետաքրքիր է նաեւ, թե արդյոք Սեյրան Օհանյանի թեկնածության քննարկման ընթացքում դիտարկվել են մի շարք պայմաններ՝ նրա գործունեության հետ կապված, այդ գործունեության համատեքստում ՀԱՊԿ պահվածքի փոփոխության հետ կապված, ինչն էլ ընդունելի չի եղել Մոսկվայի համար:

Բանն այն է, որ ՀԱՊԿ պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի, առավել եւս արցախյան պատերազմ անցած, Հայաստանի պաշտպանության նախարարություն ղեկավարած գեներալի նշանակումը կարող է արժանապատիվ լինել այն դեպքում, երբ դրանից հետո ՀԱՊԿ-ն իրապես փոխելու է իր մոտեցումներն արցախյան հարցում եւ իրապես պահելու է իրեն ինչպես Հայաստանի, ոչ թե Ադրբեջանի անվտանգության ռազմա-քաղաքական դաշինք:

Ըստ այդմ, հնարավոր է ենթադրել, որ այդ հարցում չի եղել համաձայնություն, եւ ՀԱՊԿ չի պատրաստվում փոխել իր կեցվածքն ու քաղաքականությունը, ինչի պատճառով էլ գեներալ Սեյրան Օհանյանը հրաժարվել է գնալ ռազմա-քաղաքական եւ նաեւ բարոյա-հոգեբանական ինքնասպանության:

Ինչ խոսք, ընդհանրապես Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարության, այդ թվում Սեյրան Օհանյանի պահվածքում առկա են բազմաթիվ դրվագներ, որոնք մեղմ ասած հարցեր են առաջացնում պետության ինքնիշխանության եւ արժանապատվության մասով, օրինակ ամենաթարմը՝ Հայաստանի անկախության տոնին հանրապետության հրապարակի ռազմական շքերթում ռուսական դրոշի ծածանումը: Բայց ըստ երեւույթին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը համարվել է այն վերջին կետը, որին Օհանյանը չի գնացել, ինչն իհարկե նշանակում է, կամ ինչից ելնելով գոնե հնարավոր է հուսալ, որ ՌԴ հետ հարաբերությունում այդուհանդերձ Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարության համար կա սահման, որից այն կողմ, պետք է հուսալ, որ այդ ղեկավարությունը չի անցնի:

Եվ այդ իմաստով հարցը, թե արդյոք Օհանյանին եղել է առաջարկ, արդյոք դա քննարկվել է, արդյո՞ք նա է դիմադրել, թե պարզապես չի ընդունել Մոսկվան, իսկապես հետաքրքիր է եւ ամենեւին ինտրիգային մանրուք չէ, այլ թերեւս ռազմա-քաղաքական զարգացումների մասով կարեւոր եզրակացությունների կամ վերլուծությունների համար որոշակի հիմք:

Որովհետեւ ի վերջո հարց է առաջանում նաեւ, թե այդ դեպքում Հայաստանից ո՞վ է համաձայնելու զբաղեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ինչպե՞ս կամ ի՞նչ է փոխվելու այդ կառույցի գործունեության մեջ այդ հանգամանքից, մասնավորապես Արցախի խնդրում: Որովհետեւ եթե չի փոխվում ոչինչ, ապա ստացվում է, որ ՀԱՊԿ-ը ոչ միայն չի կատարելու իր ռազմա-քաղաքական պարտավորությունները եւ ինչպես Սերժ Սարգսյանն էր Մոսկվայում հայտարարում՝ «նույնիսկ հեռախոսը չի վերցնելու Երեւան զանգահարելու համար», այլ դրանով հանդերձ նույնիսկ Երեւանին է զրկելու հեռախոս վերցնելու հնարավորությունից՝ փակելով Հայաստանի բերանը:

Միաժամանակ հարց է առաջանում նաեւ, թե արդյոք Հայաստանն ընդհանրապես հրաժարվում է ՀԱՊԿ այդ պաշտոնից, հենց այդ պատճառով՝ որ ՀԱՊԿ-ը չի պատրաստվում փոխվել, ՀԱՊԿ անդամները չեն տալիս փոփոխության երաշխիքներ ու Երեւանը չի ցանկանում այդպիսով արդարացնել ՀԱՊԿ ադրբեջանանպաստ քաղաքականությունը:

Թե՞ հերթական անգամ հասունանում է այն, որ Հայաստանի ներկայացուցչի նշանակումը հետաձգվելու է նաեւ այս անգամ, ինչպես մեկ տարի առաջ, որի մասին օրերս հայտարարել էր ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը, ասելով, որ Հայաստանի ներկայացուցիչը ավելի շուտ պետք է նշանակվեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, բայց ռուսական կողմի խնդրանքով դա հետաձգվել էր:

Արդյոք այժմ էլ հետաձգվում է: Իսկ ու՞մ խնդրանքով: Ռուսաստանի՞: Իսկ Ռուսաստանն ում խնդրանքն է կատարում այս անգամ, եթե արդեն մի քանի անգամ թե Մոսկվան, թե Աստանան բացահայտորեն կատարել են Ալիեւի խնդրանքը եւ կայացրել Հայաստանի հանդեպ արհամարհական որոշումներ, այդ թվում ապրիլի պատերազմում:

Իհարկե, հնարավոր է նաեւ, որ Սեյրան Օհանյանի թեկնածության չեղարկումը զուտ հայաստանյան «ծագման» խնդիր է եւ չունի որեւէ տարածաշրջանային կամ միջազգային համատեքստ եւ անգամ չի քննարկվել Երեւան-Մոսկվա կամ Երեւան-ՀԱՊԿ ֆորմատում:

Բայց, այդուհանդերձ, այդ պարագայում էլ Սեյրան Օհանյանի հայտարարությունը, թե առաջարկի դեպքում նա միարժեք կմերժի ՀԱՊԿ գլխավորելը, թողնում է հարցեր: Քանի որ Օհանյանը հայտարարում է, որ ինքը կհրաժարվեր, եթե առաջարկեին, դա թերեւս նշանակում է, որ առաջարկել են, եւ հենց ինքն է հրաժարվել: Իսկ դա նշանակու՞մ է, որ նա մնում է պաշտպանության նախարար: Եվ մնում է ա՞յդ պատճառով՝ որ հրաժարվել է գնալ ՀԱՊԿ, թե նրա հեռանալու հարցը չեղարկվել է ավելի լայն հանգամանքների համատեքստում: Բայց չեղարկվե՞լ է նրա հեռանալու հարցը, թե՞ այժմ քննարկվում է, թե ՀԱՊԿ-ին մերժելու դեպքում համարժեք էլ ուր կարող է հեռանալ պաշտպանության նախարարը:

Կարդացվել է 13 089 անգամ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.