Ս. Խաչվերացի տոնն Արարատյան Հայրապետական թեմում

- in Մշակույթ
ekexeci

Այս տարի սեպտեմբերի 11-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Ս. Խաչվերացը` հինգերորդ տաղավար տոնը: Այդ առթիվ ժամը 11.00-ին տոնական Ս. Պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում:

Նույն օրը երեկոյան ժամերգությունից (ժամը 17.00-ին) հետո բոլոր եկեղեցիներում կկազմակերպվի խաչի թափոր, և ռեհանով զարդարված խաչերը կպտտեցվեն եկեղեցիների բակերում ու համայնքներում: Կկատարվի նաև Անդաստան, որի ընթացքում կօրհնվեն աշխարհի չորս կողմերը: Օրհնված ռեհանը կբաշխվի հավատացյալներին:

Տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ մի շարք համայնքներում կիրականացվեն նաև տոնական միջոցառումներ, կմատուցվի սիրո ճաշ:

Տոնի խորհրդի մասին մանրամասն կարող եք ծանոթանալ այս հղումով. http://www.qahana.am/am/holidays/2016-09-11/1:

Օրհնած խաչեր վարորդներին՝ աչքուլունքների փոխարեն

Տոնի նախօրեին՝ սեպտեմբերի 10-ին, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները Ս. Խաչվերացի տոնի առթիվ Երևանի բանուկ կանգառներում կիրականացնեն Խաչի քարոզ: Այս անգամ նրանք ընտրել են «Կինո Հայրենիք»-ից դեպի «Հայրենիք» առևտրի կենտրոն հատվածի կանգառները։ Երիտասարդներն օրհնված խաչեր կբաժանեն երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները:

Ժամը 10:00-ին ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը կօրհնի մասնակիցներին, որից հետո նրանք կուղևորվեն Արշակունյաց և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկ:

Խաչի քարոզը հասարակության կողմից լայն արձագանքներ է ստանում, ինչն առիթ է տվել երիտասարդներին այն դարձնել շարունակական և իրականացնել Հայ Եկեղեցու՝ խաչին նվիրված բոլոր տոների ժամանակ:

Խաչերթեր Ս. Խաչվերացի տոնի առթիվ

Սիրով հրավիրում ենք մասնակցել Ս. Խաչվերացի տոնակատարություներին, որոնք կազմակերպվելու են Արարատյան Հայրապետական թեմի համայքներում:

Սեպտեմբերի 10-ին` Նախատոնակ

Ժամը 16:00-ին Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միությունը և հավատացյալները, հոգևոր հովիվ Տ. Միքայել քահանա Նուրիջանյանի գլխավորությամբ, Գետազատի միջնակարգ դպրոցից խաչերթ կիրականացնեն դեպի Ս. Դավիթ մատուռ:

Ժամը 17։00-ին Արարատի Ս. Հակոբ եկեղեցու հավատացյալները, հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանի գլխավորությամբ, Արարատ քաղաքի նոր կառուցվող եկեղեցու բակից խաչի թափորով կքայլեն դեպի Արարատ գյուղի Ս. Հակոբ եկեղեցի: Եկեղեցում կկատարվի Անդաստան:

Սեպտեմբերի 11-ին` Ս. Խաչվերաց

Ժամը 11-ին՝ Ս. Պատարագ բոլոր եկեղեցիներում:

Ժամը 17.00-ին` ժամերգության ավարտին.

Ս. Երրորդություն եկեղեցում բակում ժամերգության ավարտին խաչի թափորը կպտտվի եկեղեցու շուրջ: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մշակույթի բաժնի նախաձեռնությամբ բակում կկազմակերպվի տոնախմբություն` ազգային երգուպարով:

Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու հավատացյալները հոգևոր հովիվ Տ. Տիրան ավագ քահանա Առուշանյանի և խորհրդակատար Տ. Գաբրիել քահանա Պետրոսյանի գլխավորությամբ կիրականացնեն տոնին նվիրված խաչերթ: Հավատացյալները շարականների ուղեկցությամբ եկեղեցուց կշարժվեն դեպի Ս. Գրիգոր Նարեկացու արձան, որտեղ քահանան կօրհնի բոլոր մասնակիցներին: Խաչերթի ընթացում շենքերի բնակիչներին և անցորդներին կներկայացնեն տոնի խորհուրդը և աղոթագրքեր կբաժանեն:

Ս. Կաթողիկե եկեղեցու բակից հավատացյալները հոգևոր հովիվ Տ. Ավետիս ավագ քահանա Դանիելյանի գլխավորությամբ թափոր կազմած և շարականների ուղեկցությամբ կքայլեն Տերյան-Աբովյան-Սայաթ Նովա փողոցներով և անցորդներին կպատմեն Ս. Խաչի տոնի մասին:

Սեպտեմբերի 12-ին` Մեռելոց

Ժամը 10.30-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս.Պատարագ: Ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ բոլոր ննջեցյալների:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments