Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը Lragir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ կեսգիշերին Էջմիածնում տեղի ունեցած միջադեպին, ասել է.

«Հիվանդանոցում երկուսն էլ պառկած են շատ ծանր վիճակում, և վաղը Էջմիածնում ընտրություն չպետք է լինի», հայտարարել է նա՝ հավելելով, որ տեղի ունեցածից հետո նախ քրեական գործ պետք է հարուցվի, և ընտրությունը չեղյալ հայտարարվի. «Պառկած են Էրեբունի բժշկական կենտրոնում, Արթուրի վիճակը կարծեք թե ծանր է։ Ընտրությունը չպետք է լինի, եթե օրինականություն լինի»։

Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ երեկ Էջմիածնում կրակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու, Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Կրակոցները հնչել են «Վազ 2106» մակնիշի մեքենայի մեջից, որի մեջ գտնվել է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը: Մեքենան պատկանում է Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդուն՝ Ստեփան Աբգարյանին, ով ևս գտնվել է մեքենայի մեջ:

Կարեն Գրիգորյանի թիմակիցները, ըստ նույն տեղեկությունների, հետապնդել են այդ մեքենան ու ծեծի ենթարկել Արթուր Թումանյանին ու Ստեփան Աբգարյանին:

Հրաչիկ Աբգարյանը հերքել է տեղեկատվությունը. «Ինչպե՞ս կարող են էդ մարդիկ կրակոց անեն, էդ մարդիկ կյանքում զենքի հետ վարվելու ձևը չեն իմացել, ոնց կարող են կրակել։ Սա խայտառակություն է, և կրկնում եմ՝ Էջմիածնում պետք է ընտրությունները չեղյալ հայտարարվեն, վերջ»։

Տեղեկատվությունը, թե իր եղբորորդու մեքենայի միջից են կրակոցներ հնչել, Հրաչիկ Աբգարյանը ասել է.«Իրենք չեն կարող նման բան արած լինել, իմ եղբոր տղան էնքան պրիլիչնի տղա է, որ նման բան չի կարող լինել։ Կարծես թե հեքիաթ պատմելիս լինեք, էդ տղեն զենքից վարվելու ձևը չգիտի, տենց բան չի կարող լինել, ուղղակի սա խայտառակություն է, մենք Էջմիածնում ընտրությունները չեղյալ ենք հայտարարում։ Եթե մեկը գնաց ընտրության, դա վերջն է լինելու», հավելել է նա։

Իսկ թե ինչու նման իրավիճակ ստեղծվեց Էջմիածնում, Հրաչիկ Աբգարյանը ասել է. «Իրենք սովորել են ամբողջ կյանքում շակալի պես ապրել, դրանք իրենց զզվելի վարքագիծը պիտի մի տեղ ցույց տային»։

Նա նաև ավելացրել է, որ որևէ կրակոց չի հնչել, որևէ մեկը հրազենային վիրավորում չի ստացել. «Կրակոց չի եղել ընդհանրապես, իջել են 15-20 հոգով էդ մարդկանց ծեծել են։ Եղել եմ հիվանդանոցում, էնքան էին ծեծել Արթուրին, սպանել էին։ Դա տղու վարքագիծ չի, դա շակալի վարքագիծ ա, որի համար պետք է պատասխան տալ և ընտրությունները Էջմիածնում պետք է չեղյալ հայտարարվեն»

Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվածների առողջական վիճակից որևէ տեղեկատվություն հիվանդանոցից չտրամադրեցին։

Կարդացվել է 17 483 անգամ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.