Պետական եկամուտների կոմիտեն նոր վարչապետից հանձնարարություն է ստացել ստուգումներով չանհանգստացնել փոքր ու միջին բիզնեսին: ՊԵԿ-ն առաջին անգամ չէ, որ ստանում է այդպիսի հանձնարարություն:

Դա Հայաստանի իշխանության համար ամենանորաձև կամ միշտ նորաձև հանձնարարություններից է, որը սակայն կամ չի կատարում, կամ կատարվում է շատ կարճ ժամանակում: Մի քանի շաբաթ կամ ամիս ՊԵԿ-ը հանգիստ է թողնում փոքր ու միջին ձեռնարկատերերին, իսկ հետո նորից անցնում է գործի: Ինչպիսին կլինի վարչապետի հանձնարարության ճակատագիրն այս անգամ, որքան կապրի այդ հանձնարարությունը: Դա կլինի ընդամենը նորանշանակությամբ թելադրված քարոզչական քայլ, թե՞ սկզբունքային քաղաքականություն: Ընդհանրապես, այդ չափորոշումը հնարավոր է տարածել Հայաստանի իշխանության ցանկացած խոստման վրա, ցանկացած պաշտոնյայի շուրթերից հնչող:

Պատճառն այն է, որ Հայաստանի իշխող համակարգը սկզբունքային է միայն մեկ հարցում՝ կոռումպացվածության: Մնացյալ բոլոր երևույթները Հայաստանի իշխանության համար կրել են ժամանակավոր բնույթ: Այդ իրավիճակում, որևէ նոր խոստում կամ հայտարարություն չի կարող հանրության մոտ ընկալվել այլ կերպ, քան հերթական ժամանակավոր իրողությունը: Հայաստանի իշխանությունն ընդհանրապես հայտնվել է հանրահայտ պամության հովվի կարգավիճակում, որը մի քանի անգամ գայլի կեղծ հարձակման մասին բղավոցներով և օգնության կանչերով խաղում էր համագյուղացիների հոգու հետ, իսկ երբ գայլը իրապես հարձակվեց, նրան արդեն ոչ-ոք չհավատաց և չշտապեց օգնության:

Հայաստանի իշխանությունն այնքան է ժամանակավոր խոստումներով մանիպուլյացիայի ենթարկել հանրային վստահության ռեսուրսը, որ այլևս ոչ-ոք չի շտապելու «վստահության»: Իսկ առանց դա չի կարող լինել որևէ փոփոխություն, որովհետև Հայաստանում վիճակ փոխելու համար պետք են համակարգային քայլեր, իսկ համակարգի դեմ որևէ կերպ գնալու համար պետք է հանրային վստահություն: Սա փակ շղթա է, որի առաջ կանգնած է Կարեն Կարապետյանը, եթե ենթադրենք, որ նա իրապես ուզում է ճեղքել այդ շղթան:

Սրան զուգահեռ կասկած չկա, որ 2017 թվականի ընտրություններից հետո իշխող համակարգը նրա հանդեպ դառնալու է առավել ագրեսիվ, հատկապես, եթե նա իսկապես ունի փակ շղթան ճեղքելու անկեղծ մտադրություն: Մինչև 2017 թվականը իշխող քրեաօլիգարխիկ համակարգը թույլ կտա, որ Կարեն Կարապետյանը միավորներ հավաքի, թեկուզ իրենց հաշվին: Ի վերջո դա ընտրական թնջուկը հաղթահարելու համար է, բոլորին հասարակական գլխացավանքից ազատելու համար:

Սակայն, 2017 թվականից հետո, երբ վերարտադրության հարցը լուծված կլինի, մեծ է «հակահեղափոխության» կամ համակարգային հակագրոհի հավանականությունը, որի ալիքի տակ առաջինը կարող է հայտնվել Կարեն Կարապետյանը: Ինչպես կվարվի այդ ժամանակ Սերժ Սարգսյանը, ևս դժվար է ասել, քանի որ Սարգսյանին բնորոշ չեն կտրուկ շարժումները, կտրուկ դիմակայությունների մեջ մտնելը: Սակայն մյուս կողմից, այդ դեպքում Կարեն Կարապետյանի հանդեպ համակարգի ռևանշը նշանակելու է արդեն ռևանշ նաև Սերժ Սարգսյանի հանդեպ: Իսկ դա էլ նշանակում է, որ եթե այսօր Հովիկ Աբրահամյանն է նեղացած մեկնել Դուբայ, վաղը Դուբայ կարող է մեկնել Սերժ Սարգսյանը: Ըստ այդմ, ներիշխանական իրավիճակը զգալիորեն անցել է հետդարձի կամ շրջադարձի կետից՝ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությամբ, և այստեղ արդեն տեղի ունեցող զարգացումների շարունակությունը հրամայական է նաև 2017-ից հետո, առնվազն մինչև 2018-ի ապրիլ՝ ստատուս-քվոն պահելու և ներիշխանական նոր թավշյա հեղափոխության ռիսկ առաջ չբերելու համար:

Կարդացվել է 11 459 անգամ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.