ԱԺ-ն Տիգրան Մուկուչյանին ընտրել է ԿԸՀ նախագահի պաշտոնում

KYH

Ազգային ժողովը Տիգրան Մուկուչյանին ընտրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը՝ ներկայացնելով քվեարկության արդյունքները:

«Ազգային ժողովի 130 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 103-ը: Անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ: Տիգրան Մուկուչյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 96, դեմ՝ 4 պատգամավոր: Արձանագրում ենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Տիգրան Մուկուչյանը»,- հայտարարել է Ավետիսյանը:

Նա ներկայացրեց նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընտրության քվեարկության արդյունքները: «Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովն արձանագրում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընտրության համար առաջադրվել են Լաուրա Գալստյանի, Նունե Հովհաննիսյանի Սիլվա Մարկոսյանի, Գիորգի Մարտիրոսյանի, Սեյրան Շահսուվարյանի և Արմեն Սմբատյանի թեկնածությունները»,- ասաց Ավետիսյանը:

ԱԺ 130 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 103-ը: Ընդհանուր առմամբ 21 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Լաուրա Գալստյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 93, դեմ՝ 5 պատգամավոր, Նունե Հովհաննիսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 96, դեմ՝ 4 պատգամավոր: Սիլվա Մարկոսյանի օգտին կողմ է քվեարկել 94, դեմ՝ 6 պատգամավոր: Գիորգի Մարտիրոսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 94, դեմ՝ 6 պատգամավոր: Սեյրան Շահսուվարյանի օգտին կողմ է քվեարկել 91, դեմ՝ 8 պատգամավոր: Արմեն Սմբատյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 96, դեմ՝ 4 պատգամավոր:

ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովն արձանագրում է, որ ԿԸՀ անդամներ են ընտրվել Լաուրա Գալստյանը, Նունե Հովհաննիսյանը, Սիլվա Մարկոսյանը, Գիորգի Մարտիրոսյանը, Սեյրան Շահսուվարյանը և Արմեն Սմբատյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20