Առանց որևէ աղմկոտ առիթի Լիսկայի հեռացումը ինքնին գործ է

- in Կեղտոտ լվացք
Surik Khachatryan

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի պաշտոնանկությունն իսկապես նշանակալից քայլ է իշխող համակարգի տրամաբանության տեսանկյունից՝ առավել ևս նկատի ունենալով այն հանգամանքը, որ պաշտոնանկությունը տեղի է ունենում ոչ ինչ-որ աղմկոտ առիթով, ինչպես նախորդ անգամ: Նախորդ անգամ Լիսկան պաշտոնանկ եղավ Բուդաղյանների հետ հայտնի միջադեպից հետո, բայց մի քանի ամիս անց վերադարձավ մարզպետի պաշտոնին:

Այժմ Սուրիկ Խաչատրյանը հեռանում է առանց որևէ աղմկոտ առիթի, ինչը անկասկած թույլ է տալիս իշխանությանը այդ հեռացումը դարձնել սկսված փոփոխությունների անկեղծության «համոզիչ» փաստարկ:

Այն, որ Լիսկայի պաշտոնանկությունը խոսուն փաստ է՝ կասկածից վեր է, իսկ փոփոխությունների անկեղծության առումով համոզչականության հարցում, անշուշտ, շատ հեռու է բավարար լինելուց: Ակնհայտ է, որ առայժմ դա ևս շարունակում է լինել առավելապես քարոզչական էֆեկտի տրամաբանության մեջ:

Իհարկե, այստեղ արժե արձանագրել, որ ներկայումս առկա սոցիալ-հոգեբանական վիճակում քարոզչական էֆեկտիվության միտված քայլերը անխուսափելիորեն լինելու էին առաջինների թվում, քանի որ անկասկած դժվար է պատկերացնել, որ նոր կառավարությունն ու վարչապետը անելու էին գործնական այնպիսի քայլեր, որոնք հասարակության կյանքը փոխելու գործով էին ցույց տալու փոփոխություններին նվիրվածությունը:

Մյուս կողմից՝ առանց որևէ աղմկոտ առիթի Լիսկայի հեռացումը ինքնին գործ է, քանի որ եթե անգամ կատարվում է քարոզչական էֆեկտի տրամաբանությամբ, միևնույն է՝ այդ հեռացումը չի կարող չբերել որոշակի փոփոխությունների՝ ժամանակի մեջ, եթե նույնիսկ Լիսկան հեռանա միայն դե յուրե, իսկ դե ֆակտո շարունակի ազդեցություն և անպատժելիություն ունենալ Սյունիքում:

Վերջին հաշվով՝ այդօրինակ քայլերը ինչքան միտված են հանրության վրա տպավորություն թողնելուն, նույնքան էլ դրանք անկասկած ազդեցություն են թողնում իշխող համակարգի, այսպես ասած, «հնաբնակների» կամ այն շերտի վրա, որի վառ ներկայացուցիչներից մեկը Լիսկան էր: Ինչքան էլ այդ շերտը հավաստիացած լինի, որ փոփոխությունները կատարվում են ընդամենը հասարակական դժգոհությունը լիցքաթափելու և իշխանության դեմքին նոր շպար հաղորդելու համար, միևնույն է՝ դրանք, իհարկե, հոգու խորքում մտածել են տալիս յուրաքանչյուրին:

Իսկ Լիսկան այդ իմաստով չափազանց խորհրդանշական ֆիգուր է, որը ըստ էության եղել է անպատժելիության կամ անձեռնմխելիության խորհրդանիշը, նրան և նրա ընտանիքին ներվել են այնպիսի աղաղակող իրողություններ, որոնք բավարար հիմքեր են ստեղծել եզրակացնելու, որ պետությունը պարզապես ծառայության է եղել Խաչատրյանների ընտանիքի մոտ՝ առնվազն Սյունիքի մարզում:

Այդ տեսանկյունից Լիսկայի հեռացումը գուցե նույնիսկ առավել խորհրդանշական է, քան անգամ Հովիկ Աբրահամյանի հեռացումն էր, էլ չասած՝ Գագիկ Բեգլարյանի և Գագիկ Խաչատրյանի մասին:

Սակայն դեռևս, իհարկե, բաց է մնում ամենակարևոր հարցը՝ ի՞նչ է գալիս հեռացողների փոխարեն, և գալիքը նրանց քողարկո՞ղ, թե՞ փոխարինող է լինելու: Այդ առումով էֆեկտիվ քայլերը դեռևս բացակայում են, մինչդեռ դրանցից է կախված լինելու նաև հեռացումների քարոզչական երկարաժամկետ էֆեկտիվությունը, ինչը կարևոր է առավել խորքային փոփոխությունների հեռանկարի համար՝ գոնե տեսականում:

Spread the love