Ասադը չհամաձայնեց Թուրքիայի ոչ մի առաջարկին, Թուրքիան առանց վարանելու միացավ իր «դաշնակիցներին»

- in Միջազգային
Asad

2016 թ. օգոստոսի 24-ին Թուրքիան ԴԱԻՇ-ի դեմ սկսեց «Եփրատի վահան» գործողությունը: Թուրքիայի ցամաքային զինված ուժերի օգնությամբ Սիրիայի ազատագրական բանակը, որը բաղկացած է սիրիական ընդդիմադիր ուժերից, անցավ սահմանը և հետ շպրտեց ԴԱԻՇ-ին դեպի հարավ:

Այդ գործողության արդյունքում Սիրիայի տարածքում ստեղծվեց «անվտանգության գոտի», որի խորությունը տեղ-տեղ հասնում է 40 կմ-ի: Հենց այդպիսի անվտանգության գոտի ստեղծելու մասին էլ Թուրքիան պնդում էր սիրիական ճգնաժամից ի վեր:

Այդ տարածաշրջանից արտագաղթ չեղավ: Իսկ նրանք, ովքեր ԴԱԻՇ-ի տիրապետության ժամանակ փախել էին Թուրքիա, սկսեցին վերադառնալ: Եթե այդ նույն տարածքում օդային անվտանգության հարցում համաձայնության գան Ռուսաստանը և ԱՄՆ-ը, ապա սիրիացիները օթևան և պաշտպանություն կգտնեն հենց Սիրիայում: Ինչո՞ւ դա հնարավոր չեղավ անել ավելի վաղ, երբ ԴԱԻՇ-ը գրավեց Քոբանին և Թել-Աբիադը:

Երբ սիրիական հարցը վերաբերում էր «ժողովրդավարացմանը», Թուրքիան փորձում էր Ասադի հետ միասին լուծում գտնել: Թուրքիան բանակցություններ էր վարում Ասադի հետ՝ հակառակ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դիրքորոշման ու ճնշման: Երբ Ասադը չհամաձայնեց Թուրքիայի ոչ մի առաջարկին, Թուրքիան առանց վարանելու միացավ իր «դաշնակիցներին»: Այս անգամ դաշնակիցները քայլեր ձեռնարկեցին հակառակ ուղղությամբ:

Այդպիսով Թուրքիան չտեսավ իր կողքին դաշնակիցների ո՛չ այն ժամանակ, երբ փորձում էր ճնշում գործադրել Ասադի վրա, և ոչ էլ այն ժամանակ, երբ որոշեց աջակցել սիրիական ընդդիմությանը: Թուրքիայի սխալն այն է, որ նա միշտ փորձել է լուծում գտնել իր «դաշնակիցների» հետ համատեղ:

Հակառակ դեպքում դա կարող էր լինել այնպես, ինչպես Ռուսաստանի դեպքում, երբ Ռուսաստանի հետ համաձայնության գալով՝ Թուրքիան զորք մտցրեց Ջերաբլուս: Երբ ԴԱԻՇ-ը հասել էր Մոսուլ, Թուրքիան կարող էր, Իրաքի հետ համագործակցելով, պաշտպանել այդ քաղաքը:

Եթե այդ ամենը այդպես լիներ, ապա ինչպիսի՞ն կլիներ այսօր Սիրիայի քարտեզը: Անկասկած, 5 մլն սիրիացի քրդեր և արաբներ ստիպված չէին լինի ապաստան փնտրել Թուրքիայում և իրաքյան Քուրդիստանում: Մի՞թե այդ ամենը հնարավոր չէր կանխատեսել:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պայքարը հանգեցրեց նրան, որ Սիրիայում մարդիկ շարունակում են ապրել ռումբերի սպառնալիքի ներքո: Փաստ է, որ պատերազմը Սիրիայում ոչ թե սիրիացիների պատերազմն է, այլ ուրիշների՝ ամենաքիչը հինգ մասնակիցների: Սակայն այդ հինգը միայն հարվածներ են հասցնում, և չկա մեկը, որ կանգ առնի, ինչպես նաև չկա մեկը, որ ասի՝ կա՛նգ առեք: Եվ այդ հնգյակը աշխարհին աղետ է գուժում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20