Anahit Baxshyan

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ցավով արձանագրեցի, որ Դուք էլ (ում նկատմամբ կարծես ինչ-որ չափով հավատ կա հասարակության որոշ մասի մոտ), չեք լսում նույնիսկ խորհրդարանական ընդդիմությանը: Միանգամից ասեմ, որ այդ փաստից շատ վատ տպավորություն ստացա: Այս նամակիս արձագանքից կհասկանամ Ձեր՝ պատասխանատվություն ստանձնողի խոսքերին որքանով կարելի է վստահել: Շատ կուզենայի ԱԺ-ից ստացած տպավորությունս վրիպման արդյունք լիներ, որը յուրաքանչյուրիս հետ էլ կարող է պատահել:

Այդ օրը կրթության ոլորտում պաշտոնավարման ժառանգականության մասին ասացիք. «Սերնդափոխություն է պետք, չպետք է թողնենք պապական նստեն»: Հենց Ձեր այս պնդման օրինականության հիմքն ամրագրվել է 2009-ին ընդունված՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով, ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք՝ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ կոչվող փաստաթղթով, որը տրվում է 5 տարով, և նորը ստանալու համար տնօրենի թեկնածուից Օրենքը պահանջում է վերապատրաստվել ու հանձնել նոր քննություն:

«Օրենքը պետք է գործի, դա ակնհայտ ճշմարտություն է»,- ասացիք Դուք:

Ստիպված եմ հրապարակային նամակով դիմել Ձեզ՝ հայտնելով, որ ԿԳ նախարար պարոն Լևոն Մկրտչյանի 18.05.2010թ. N 395-Ն հրամանը հակասում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված՝ ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման եւ ընտրության ընթացակարգին:

Ըստ օրենքի՝ ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար հայտարարվում է մրցույթ, որին մասնակցելու իրավունք է ստանում այն անձը, ով վերջին 10 տարվա մեջ ունի 7 տարվա մանկավարժական ստաժ, անցել է վերապատրաստում համապատասխան լիցենզավորված կազմակերպության կողմից, այնուհետեւ քննություն՝ գրավոր եւ բանավոր փուլերով և ստանում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք՝ հավաստագիր: Հստակ գրված է, որ ղեկավարման իրավունքի հավաստագիրը տրվում է 5 տարի ժամկետով:

Նույն օրենքի 15-րդ կետն ասում է. «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձը կարող է մինչեւ հավաստագրի ժամկետի լրանալը դիմել եւ անցնել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված վերապատրաստումը եւ ստանալ ուսումնական հաստատության ղեկավարման ՆՈՐ հավաստագիր»:

Օրենքի 12-րդ հոդվածի 15-րդ կետում շեշտված «հավաստագրի ժամկետ» ու «նոր հավաստագիր» նորմերի անհրաժեշտությունն ամրագրված է Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար քննության կազմակերպման և անցկացման կարգի 82-րդ և 83-րդ կետերով, որտեղ սահմանված է ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ՝ «Վերապատրաստված, քննությանը մասնակցած և Հավաստագրման հանձնաժողովի որոշումով «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի)» շնորհման ենթակա հավակնորդին շնորհվում է «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր»՝ 5 տարի ժամկետով, որը նա ստանում է քննության արդյունքները ամփոփելուց հետո 10-օրյա ժամկետում»: Միանշանակ է՝ միայն վերապատրաստված, ՔՆՆՈՒԹՅԱՆԸ մասնակցած հավակնորդը կարող է ստանալ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ, այն էլ քննությունների արդյունքները ամփոփելուց 10 օր հետո:

Ըստ նախարարի 18.05.2010թ. N 395-Ն հրամանի՝ մեկ անգամ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստացած անձինք վերապատրաստումից հետո այլեւս քննություն չեն հանձնելու և այս անօրինական հրամանն արդեն մտել է ուժի մեջ:

Պարոն Վարչապետ, Ձեզ եմ դիմում, որպեսզի կառավարությունը կասեցնի ԿԳ նախարարի անօրինական հրամանի գործունեությունը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.