Gagik Tsarukyan

Մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Գագիկ Ծառուկյանի դղյակի ստորոտին և պահանջում էին նրա վերադարձը քաղաքականություն:

Այդ իրադարձությունը վերադարձի գործողության նոր փուլն է, որին ձեռնամուխ է լինում վերջին շրջանում, ըստ էության, արդեն պաշտոնապես այդ մտադրությունը հաստատած ԲՀԿ կուսակցությունը:

Հետաքրքրական է, թե արդյոք այս փուլը կներառի՞ մի նոր քաղաքագիտական վերլուծություն՝ այս անգամ «ազգովի խնդրանքի» վերաբերյալ, որ կարող է անել Գագիկ Ծառուկյանի քաղաքագիտական հովանավորի առաքելությունն իրականացրած Լևոն Տեր-Պետրոսյանը: Համենայն դեպս, հայաստանյան քաղաքական ավանդույթներում «ազգովի խնդրանքի» տեսության հիմնադիրը անկասկած իր մեծ վաստակն ունի այն հարցում, որ Գագիկ Ծառուկյանն այսօր փաստորեն արժանանում է նման խնդրանքի:

Ինչպես կարձագանքի այդ խնդրանքին Ծառուկյանը՝ դժվար է ասել, սակայն միանշանակ է, որ այդ արձագանքը կախված է լինելու Սերժ Սարգսյանի հետ քննարկումից: Ըստ էության, Հայաստանում ստեղծված իրավիճակում Ծառուկյանի վերադարձի տրամաբանությունը առկա է, որովհետև Հայաստանում առկա է ոչ թե դեֆոլտի վտանգ, այլ ուղղակի դեֆոլտ: Պարզապես դա այն դեֆոլտը չէ, որի մասին մի քանի օր առաջ ահազանգում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, այլ քաղաքական դեֆոլտ է, որը ակնհայտ դարձավ ՏԻՄ ընտրություններում:

Դրանք ցույց տվեցին մի պարզ իրավիճակ: Իշխանությունը, իշխանական համակարգը սնանկ է: Եվ ոչ միայն ռեսուրսներով, այլ նաև ներքին կառավարման միատարրության իմաստով: Դրան զուգահեռ՝ ակնհայտ դարձավ, որ սնանկ է նաև քաղաքական դաշտը, որտեղ չկա ուժ, որի հետ իշխանությունը կարող է պայմանավորվել ռեսուրսային իմաստով: Այսինքն՝ առաջին հայացքից լավ է, որ չկա ուժեղ ընդդիմություն, որը իշխանությունից ավելի շատ ձայներ կհավաքի: Սակայն մյուս կողմից՝ կա խնդիր, քանի որ այդ ցաքուցրիվ ձայները իշխանության համար ստեղծում են ճգնաժամային վիճակներ, ինչպես Վանաձորում և Գյումրիում:

Իշխանությունը չունի ձայներ և չունի նաև ամեն գնով իրեն ձայներ գրանցելու ռեսուրս՝ կան պարտավորություններ միջազգային հանրության առաջ: Արդյունքում ստացվում է Վանաձոր և Գյումրի, ինչը ճակատագրական ճգնաժամ չէ, քանի որ կա կենտրոնական իշխանություն: Սակայն երբ նույնը ստեղծվի կենտրոնական իշխանության համար, ապա ճգնաժամը կարող է դառնալ ճակատագրական:

Գագիկ Ծառուկյանը հավակնում է լինել ընդդիմությունների միջև ցրված ձայները համախմբողը կամ պարզապես նախընտրական աղմուկի «խլացուցիչը»: Իշխանությունը չունի այդ ձայները իրեն տանելու խնդիր: Իշխանության խնդիրը այդ ձայները «խլացնելն» է՝ համապետական մասշտաբով Գյումրի և Վանաձոր չստանալու համար:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.