«Էտյուդ» փառատոնն՝ առաջին անգամ, հոկտեմբերի 13-ին

- in Մշակույթ

Հոկտեմբերի 13-ին կմեկնարկի «Էտյուդ» հանրապետական մանկապատանեկան առաջին մրցույթ – փառատոնը, որին կմասնակցեն 5 – 18 տարեկան սկսնակ նկարիչներ, ասմունքողներ եւ դերասաններ: Մրցույթ – փառատոնը կազմակերպում է «Մինորա» մշակութային կենտրոնը, որը 14-ամյա գործունեության ընթացքում տնօրեն Ռոլանդ Աբրահամյանի գլխավորությամբ բազմաթիվ փառատոններ է կազմակերպել՝ համագործակցելով  հանրապետության գեղագիտական կենտրոնների, արվեստի և երաժշտական դպրոցների եւ շատ մշակութային կրթօջախների հետ:

«Մինորա»-ի հերթական նախաձեռնություն՝  «Էտյուդ» փառատոնն անցկացվելու է առաջին անգամ, բայց ըստ կազմակերպիչների, կան բոլոր նախադրյալները միջազգային հարթակ դուրս գալու համար: Փառատոնի հիմնադիր Ռոլանդ Աբրահամյանի փոխանցմամբ աչքի ընկած եւ տաղանդավոր երեխաներին «Մինորա» մշակութային կենտրոնը կաջակցի միջազգային հարթակ դուրս գալ, քանի որ կենտրոնն իր գործունեությունը ծավալում է նաև երկրի սահմաններից դուրս:  Փառատոնը նաև հետաքրքրական է նրանով, որ հանձնաժողովի կազմը գաղտնի է մասնակիցների համար, իսկ ներկայացված աշխատանքների հեղինակները՝ հանձնաժողովի համար: Կազմակերպիչների խոսքով, փառատոնը նպատակ է հետապնդում  բացահայտել ոչ միայն Երևանի, այլև՝ մարզերի շնորհաշատ երեխաներին:

«Էտյուդ»  մրցույթ-փառատոնի արդյունքները կամփոփվեն եւ արժանիներն իրենց պարգևները կստանան նոյեմբերի 6-ին կայանալիք մրցանակաբաշխությանը:

Արևիկ Ղարիբյան

Spread the love