Խուլիո Կորտասար. «Գրավված տունը»

- in Մշակույթ
Tun

Կիրակնօրյա ընթերցումներ.

Տունը մեզ դուր էր գալիս, որովհետև մեկուսացած էր, ընդարձակ ու հին (այսօր նման տները զիջում են վաճառքի տեսակետից շահավետ տներին)։ Այն պահպանում էր մեր նախնիների, հայրական պապի, մեր ծնողների ու մանկության հուշերը։

Ես ու Իրենեն արդեն սովորել էինք այնտեղ երկուսով ապրելուն, իսկ դա անմտություն էր, որովհետև այդ տանը կարող էին ազատ ապրել ութ հոգի։ Սենյակները մաքրում էինք առավոտները։ Վեր էինք կենում ժամը յոթին, և մոտավորապես մինչև ութը ես Իրենեին թողնում էի, որ մաքրի սենյակները, իսկ ինքս գնում էի խոհանոց։ Նախաճաշում էինք միշտ կեսօրին, ու հետո մեզ ոչինչ չէր մնում անելու, բացի մեկ-երկու կեղտոտ ափսե լվանալուց։ Մեզ հաճույք էր պատճառում այդպես նախաճաշելը՝ խորհելով մեծ ու լռակյաց տան և այն մասին, թե ինչպես ենք կարողանում մաքուր պահել այն։ Երբեմն քիչ էր մնում հավատայինք, որ հենց այս տունն է, որ մեզ չի թողել ամուսնանալ։ Իրենեն առանց լուրջ պատճառի մերժել էր երկու փեսացուների, իսկ իմ Մարիա էսթերը մեռավ՝ նախքան մենք կնշանվեինք։ Արդեն քառասուն տարեկան ենք դառնում, և խոսքեր պետք չեն հասկանալու, որ քույր ու եղբոր այս պարզ ու լռակյաց միությունը մի անհրաժեշտ ճգնակեցություն է, որի սկիզբը այս տան լքեջ դրել են մեր նախապապերը։ Մի օր մենք կմեռնենք, և տունը կմնա մեր ծույլ ու անհաղորդ ազգականներին, որոնք հողին կհավասարեցնեն այն, որպեսզի օգտագործեն հողամասն ու աղյուսները։ Իսկ ավելի լավ չէ՞ մենք ինքներս ամեն ինչ տակնուվրա անենք օրինավոր կերպով, քանի դեռ ուշ չէ։

Իրենեն մի աղջիկ էր, որն իր կյանքում չէր խանգարել և ոչ ոքի։ Առավոտյան գործերից հետո օրվա մնացած մասը նա անց էր կացնում գործելով, ննջարանի բազմոցին նստած։ Չգիտեմ, թե ինչի համար էր նա այդքան գործում։ Կարծում եմ, որ կանայք գործում են, որովհետև այդ աշխատանքով զբաղվելը ծանրակշիռ պատճառ է՝ ուրիշ ոչինչ չանելու համար։ Բայց Իրենեն դրանցից չէր։ Նա միշտ գործում էր ամենաանհրաժեշտ բաները, ինձ համար՝ ձմեռային հագուստներ ու գուլպաներ, իսկ իր համար՝ ձեռնոցներ ու բաճկոնակներ։ Լինում էր այնպես, որ նա քանդում էր հենց նոր գործած բաճկոնը, քանի որ այն իր սրտով չէր։ Այդժամ հետաքրքիր էր նայել, թե ինչպես բրդյա թելերի կույտը զամբյուղի մեջ խճճվելով, ժամերով պահպանում է իր ձևը։

Շաբաթ օրերին ես գնամ էի կենտրոն՝ նրա համար բուրդ գնելու։ Իրենեն վտահում էր իմ ճաշակին, գոհանամ էր իմ ընտրած գույներով, ու այդպես էլ երբեք չստիպեց ետ տանել բերածս կծիկները։ Ես օգտվում էի քաղաք դուրս գալու այդ առիթներից, որ մտնեմ գրախանութները՝ իզուր տեղը հարցնելու, թե ֆրանսիական գրականությունից նոր բան չկա՞։ 1939 թվականից այս կողմ Արգենտինայում ոչ մի արժեքավոր բան չէր ստացվել։

Բայց տան մասին է, որ ուզում եմ պատմել, տան ու Իրենեի, քանի որ իմ մասին խոսելն այնքան էլ հետաքրքիր չէ։ Ես հարցնում եմ ինձ. ի՞նչ կաներ Իրենեն առանց գործելու։ Կարելի է վերընթերցել գիրքը, բայց երբ ջեմպրը գործել-վերջացրել ես, անհնար է այն քանդել ու նորից գործել նույն հաճույքով։ Մի օր ես տեսա կոմոդի ներքևի դարակը, որը լիքն էր սպիտակ, կանաչ, բաց մանուշակագույն գլխաշորերով։ Նավթալինոտ էին, իրար վրա դարսդարսված, ինչպես կրպսւակում, և ես չհամարձակվեցի Իրենեին հարցնել, թե ինչի համար է այդքանը։ Ապրելու համար մենք վաստակի կարիք չունեինք։ Մեր կալվածքներից ամեն ամիս փող էինք ստանում, և մեր կարողությունն անընդհատ աճում էր։ Իրենեին միայն գործելն էր հրապուրում։ Նա զարմանալիորեն արագ էր գործում, և ես ժամեր շարունակ հետևում էի նրա ձեռքերին, որոնց մեջ ցոլցլուն շյուղերը, ոզնու փշերի նման սուր, արագ-արագ գնում-գալիս էին, և մեկ էլ հատակին դրված զամբյուղներին, որոնց մեջ կծիկներն անընդհատ վեր ու վար էին թռչում։

Ինչպես կարող եմ չհիշել սենյակների դասավորությունը։ Ճաշասենյակները, գորգերով պատված դահլիճը, գրադարանը և երեք մեծ ննջասենյակները գտնվում էին շենքի մյուս ծայրին, այն մասում, որը նայում է դեպի Ռոդրիգես Պենյա։ Միայն միջանցքի կաղնեփայտե ամուր դուռն էր բաժանում այդ հատվածը մեր թևից, որտեղ գտնվում էին բաղնիքը, խոհանոցը, մեր ննջասենյակները և կենտրոնում՝ հյուրասենյակը, որին միանում էին ննջասենյակներն ու միջանցքը։ Տուն էինք մտնում նախասենյակից, որը զարդարված էր ջնարակված խեցեղեն իրերով։ Նախամուտքի դուռը բացվում էր դեպի հյուրասենյակ։ Այնպես որ, եթե մեկը մուտքից ուզում էր տուն մտնել, նախ նախամուտքով պետք է անցներ հյուրասենյակ, որի երկու կողմերին մեր ննջարանների դռներն էին, իսկ միջանցքը շարունակվում էր ուղիղ՝ ձգվելով մինչև տան մյուս, ամենահեռավոր ծայրը։ Միջանցքով առաջանալով, բացում ես կաղնե դուռը, իսկ նրանից այն կողմ սկսվում է այն մյուս հատվածը։ Իսկ եթե հիշյալ դռանը չհասած թեքվես ձախ, կարող ես նեղ միջանցքով հասնել խոհանոց կամ բաղնիք։ Երբ դուռը բաց էր լինում, թվում էր, թե տունը շատ է մեծ, իսկ երբ փակ էր, այն տպավորությունն էր ստեղծվում, թե միայն սա է, այս սենյակը՝ նման ներկայումս կառուցվող այն սենյակներին, որոնց մեջ շարժվելու գրեթե տեղ չի լինում։ Իրենեն ու ես միշտ ապրել ենք շենքի այս հատվածում և գրեթե չէինք անցնում կաղնե դռնից այն կողմ, բացի այն դեպքերից, երբ մաքրում էինք, քանի որ փոշին անհավատալի արագությամբ էր նստում կահույքի վրա։ Բուենոս Այրեսը մաքուր քաղաք է, բայց դրա համար նա պարտական է միայն ու միայն իր բնակիչներին, որովհետև օդն այստեղ շատ է փոշոտ։ Հենց որ քամի է բարձրանում, փոշին անմիջապես նստում է մարմարի, կահույքի վրա, ուղեգորգերի հյուսվածքների արանքը խցկվում։ Դժվար է այդ փոշին մաքրել ավելով, այն թռչում ու տարածվում է օդում և մի վայրկյան անց նորից է նստում կահույքների ու դաշնամուրների վրա։

Ես դա չեմ մոռանա, որովհետև նման բաները չեն մոռացվում։ Իրենեն իր ննջասենյակում գործում էր, երեկոյան ժամը ութն էր, ու հանկարծ իմ մեջ մատե խմելու ցանկություն առաջացավ։ Անցա միջանցքով մինչև կաղնե դուռը, որը կիսաբաց էր, ու երբ թեքվեցի դեպի խոհանոց տանող միջանցքը, ինչ-որ ձայն լսեցի։ Ճաշասենյակից էր կամ գրադարանից։ Ձայնը խուլ էր, հազիվ լսելի։ Այդպես աթոռն է ուղեգորգին ընկնում։ Այդպես զրուցելիս խեղդում են շշնջոցը։ Այդ պահին, կամ միակնթարթ անց, նույն ձայնը լսեցի նաև միջանցքի խորքից, որը տանում էր դեպի այն դուռը, որը մեր հատվածը բաժանում էր մյուսից։ Ես նետվեցի այդ դռան մոտ ու, քանի դեռ ուշ չէր, փակեցի այն շրխկոցով ու մարմնով վրան ընկա։ Բարեբախտաբար բանալին դռան վրա էր, մեր կողմից։ Բայց ես, դրանից բացի, գցեցի նաև մեծ նիգը՝ ավելի ապանով լինելու համար։

Մտա խոհանոց, տաքացրի մատեն, ու երբ սկուտեղը ձեռքիս ետ եկա, Իրենեին ասացի.

– Ստիպված եղա միջանցքի դուռը փակել։ Խորքի սենյակները գրավել են։

Նա ցած դրեց գործվածքը և ինձ նայեց իր լուրջ, հոգնած աչքերով.

– Վստա՞հ ես։

Ես գլխով արի։

– Ինչ արած,- ասաց նա, նորից շյուղերը ձեռքը վերցնելով,- կապրենք այս հատվածում։

Ես մատեն լցնում էի մեծ զգուշությամբ, իսկ նա միայն մի պահ կորցրեց իրեն, նախքան իր ձեռագործը կվերսկսեր։ Հիշում եմ, որ նա այդ պահին գործում էր գորշ գույնի մի բաճկոն, և այն ինձ դուր էր գալիս։

Առաջին օրերին մեզ համար դժվար էր, քանի որ երկուսս էլ գրավված մասում մեզ սիրելի շատ բաներ էինք թողել։ Իմ բոլոր ֆրանսերեն գրքերը, օրինակ, գրադարանում էին։ Իսկ Իրենեն զրկվել էր իր անձեռոցիկներից, իր մի զույգ տնային կիսակոշիկներից, որ ձմռանը տաք էին պահում իր ոտքերը։ Ես ափսոսում էի գիհու փայտից սարքված իմ ծխամորճը, իսկ Իրենեն, հավանաբար, շատ կուզենար այնտեղից գոնե մի շիշ հին գինի վերցնել։ Հաճախ (բայց դա լինում էր միայն առաջին օրերին) իզուր փնտրելով որևէ բան, փակում էինք այս կամ այն դարակը և տխրությամբ նայում իրար.

– Այստեղ չէ։

Իսկ ամենից ավելի զգում էինք կարիքն այն բաների, որ կորցրել էինք տան մյուս կեսի հետ։

Բայց այս վիճակն իր առավելություններն էլ ուներ։ Տունը մաքրելու հոգսը կիսով չափ կրճատվեց, ու հիմա, արթնանալով ուշ, ասենք՝ ժամը ինն անց կեսին, տասնմեկի մոտերքում այլևս անելիք չէինք ունենում։ Իրենեն հիմա միշտ ինձ հետ խոհանոց էր գալիս ու օգնում նախաճաշը պատրաստելուն։ Երկար մտածեցինք ու որոշեցինք, որ քանի դեռ ես նախաճաշն եմ պատրաստում, Իրենեն սառը խորտիկներ կպատրաստի ընթրիքի համար։ Եվ դա մեզ ուրախացրեց։ Չէ՞ որ միշտ էլ ծանր է իրիկնապահին թողնել ննջարանը ու գնալ խոհանոց՝ ընթրիք պատրաստելու համար։ Իսկ հիմա մեզ լիովին բավարարում էին Իրենեի ննջարանի սեղանին ընթրիքի համար դրված սառը խորտիկները։

Իրենեն գոհ էր։ Չէ՞ որ գործելու համար նա հիմա ավելի շատ ժամանակ ուներ։ Ես էի, որ չգիտեի, թե ինչով զբաղվեմ։ Դրա պատճառը գրքերն էին, բայց քրոջս չվշտացնելու համար սկսեցի կարգի բերել հորս նամականիշերի հավաքածուն, և դա օգնում էր ինձ՝ ժամանակ սպանելու։ Գրեթե միշտ, երբ Իրենեի ննջասենյակում էինք լինում, իսկ այն ամենահարմարավետն էր, մենք հրճվում էինք՝ ամեն մեկս՝ իր ունեցածով։

Երբեմն Իրենեն ասում էր.

– Ուշադրություն դարձրու, թե ինչպիսի հանգույց է ստացվել, երեքնուկի նման է, չէ՞։

Մի պահ չանցած, ես էի նրա աչքին դեմ անում այս կամ այն նամականիշը, որ նա որոշի դրանց արժեքը։ Լավ էինք ապրում և կամաց-կամաց սովորում չմտածել։ Չէ՞ որ հնարավոր է ապրել նաև առանց մտածելու։

(Երբ Իրենեն քնի մեջ բարձր ձայնով խոսում էր, ես անմիջապես արթնանում էի։ Երբեք չկարողացա սովորել այդ ձայնին, որն ասես ոչ թե մարդկային կոկորդից էր ելնում, այլ՝ քնի խորքերից։ Իրենեն ասում էր, որ քնած ժամանակ ես էլ անընդհատ շուռումուռ եմ գալիս, որի պատճառով էլ վերմակս շուտ–շուտ ցած է ընկնում իմ վրայից։ Մեր ննջասենյակները միմյանցից բաժանվում էին հյուրասենյակով, և գիշերները տանը ինչ-որ ձայն էր լսվում։ Մենք լսում էինք, թե ինչպես են այնտեղ շնչում, հազում, պատկերացնում էինք այն շարժումը, որով մեզ հետևող ինչ-որ մեկը, որ հաճախ մեզ նման անքուն է մնում, կպտտի բանալին փակի մեջ։

Միայն դա։ Մնացած ամեն ինչ տանը արվում էր լռությամբ։ Կաղնե դուռը, ինչպես արդեն ասել եմ, ամուր էր։ Խոհանոցում և բաղնիքում, որոնք կպած էին գրավված հատվածին, մենք խոսում էինք չափազանց բարձր, իսկ Իրենեն, նույնպես չափազանց բարձր, օրորոցային երգեր էր երգում։ Խոհանոցում էլ էինք զգալի աղմուկ բարձրացնում հախճապակին ու սպասքեղենը օգտագործելիս, որպեսզի ուրիշ ձայներ չներխուժեին այնտեղ։ Հազվադեպ էր լինում, որ այնտեղ լռություն պահպանեինք, բայց երբ վերադառնում էինք մեր ննջասենյակները կամ հյուրասենյակ, այդ ժամանակ տունը թաղվում էր լռության ու կիսամութի մեջ։ Ոչ մեկին չանհանգստացնելու համար նույնիսկ քայլում էինք ոտնաթաթերի վրա։ Ես կարծում եմ՝ դա էր պատճառը, որ գիշերները Իրենեն բարձրաձայն խոսում էր քնի մեջ, իսկ ես էլ անմիջապես արթնանում էի)։

Մնամ է միայն պատմել, թե ինչով ավարտվեց այս բոլորը։ Երեկոյան պառկելուց առաջ զգացի, որ ծարավ եմ և Իրենեին ասացի, որ խոհանոց եմ գնում մի բաժակ ջուր խմելու։ Երբ ննջասենյակից դուրս էի եկել, աղմուկ լսեցի։ Կամ խոհանոցում էր, կամ բաղնիքում, քանի որ ձայնը միջանցքում խլանում էր։ Ես միանգամից քարացա տեղում, և դա գրավեց Իրենեի ուշադրությունը։ Նա անխոս եկավ ինձ մոտ։ Մենք պապանձված լսում էինք ձայները, պարզորոշ զգալով, որ դրանք գալիս են կաղնեփայտե դռան այս կողմից, խոհանոցից, բաղնիքից կամ հենց այնտեղից, որտեղ միջանցքը թեքվում է և ուղիղ գալիս մեր կողմը։

Մենք չէինք համարձակվում իրար նայել։ Ես բռնեցի Իրենեի ձեռքը, և մենք, առանց ետ շրջվելու, վազեցինք դեպի նախասենյակ։ Աղմուկը, ավելի ուժեղ, բայց միշտ նույն կերպ խուլ, լսվում էր մեր թիկունքում։ Թափով փակեցի նախասենյակի դուռը, և մենք մնացինք նախասրահում։ Այստեղ ոչինչ չէր լսվում։

– Այս մասն էլ գրավեցին,- ասաց Իրենեն։

Նրա ձեռքին գործվածքն էր, որի թելերը ձգվում էին մինչև նախասենյակի դուռը ու կորչում նրա տակ։ Երբ տեսավ, որ կծիկները մնացել են դռան այն կողմում, ցած գցեց գործվածքը՝ առանց նրան նայելու։

– Ժամանակ չեղա՞վ՝ մի բան վերցնեիր,— հարցրի ու զգացի, որ իմ տված հարցը անհեթեթ է։

– Չէ, և ոչ մի բան։

Մեզ մնացել էր այն, ինչ այդ պահին կար մեզ վրա։ Ես հիշեցի, որ իմ ննջարանի պահարանում տասնհինգ հազար պեսո կա։ Բայց արդեն ուշ էր։

Եվ քանի որ իմ թևին մնացել էր ժամացույցը, տեսա, որ գիշերվա ժամը տասնմեկն էր։ Ես գրկեցի Իրենեի ուսը (նա, կարծես, լաց էր լինում), ու այդպես մենք դուրս եկանք փողոց։ Հեռանալուց առաջ զգացի, որ սիրտս սեղմվում է ցավից։ Ես պինդ փակեցի մուտքի դուռը ու բանալին ջրանցքը գցեցի։ Դժվար թե որևէ աղքատի մտքով անցնի այս ժամին գողության համար տուն խցկվել, առավել ևս՝ որ այն գրավված է։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments