Կառավարությունը չունի զարգացման տեսլական

- in Կարծիք
Levon Zurabyan

ԱԺ-ում ճեպազրույցների մասին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ Կառավարության որոշ դիրքորոշումներ կան, որոնք ցույց են տալիս, որ այս կառավարությունը չունի զարգացման տեսլական:

Ըատ նրա, «Ճիշտ է դեռ նրանք պետք է ներկայացնեն իրենց ծրագիրը, բայց որոշ հարցադրումների կառավարության ներկայացուցիչների պատասխանները արդեն տարակուսանք են առաջացնում: Հարցին, թե երկրի թոշակառուները, որոնք թվով 463 հազար մարդ են, ի՞նչ հեռանկար կարող են սպասել թոշակի բարձրացման հարցում, մենք ոչ միայն պատասխան չենք ստանում, այլև ստանում ենք սոցապ նախարարի և ֆինանսների նախարարի հավաստիացումը, որ թոշակները չեն բարձրացվի։ Մինչդեռ, կառավարությունը պետք է ասի, թե ինչ է պատրաստվում անել։ Սա համարում եմ ծայրաստիճան վտանգավոր… Կարող էր, չէ՞, ասել, որ 3 տարում, 5 տարում կբարձրացնենք թոշակները, չեն ասում»։

Ըստ Լևոն Զուրաբյանի, սա պատասխանատվությունից խուսափելու հարց է, եթե խոստում չի տալիս, չի ուզում պատասխանատվություն վերցնել. «Ինչպե՞ս կարող է կառավարությունը պրոֆեսիոնալ կառավարիչներ բերել կառավարություն այս աշխատավարձերով. Ի՞նչ է պատասխանում վարչապետը այս հարցին։ Ասում է՝ չգիտեմ։ Սա ցույց է տալիս, որ կառավարությունը տեսլական չունի։ Որևէ լուծում, հեռանկար չի տալիս այս կառավարությունը։ Սա մտահոգիչ է, մենք գործ ունենք մի կառավարության հետ, որը չի սիրում որևէ պատասխանատվություն ստանձնել»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20