Levon Mkrtchyan

Նախարարության կայքի գլխավոր էջում 17.10.2016թ. դրված է հաղորդագրություն այն մասին, որ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի  անդրանիկ նիստը, որտեղ ներկայացվել է «Կրթության զարգացման 2016-2025թ.թ.  պետական ծրագիրը» նախագիծը  և  արժանացել հավանության:

Նախ, հաղորդագրության մեջ  կարելի էր նշել այդ նիստի կայացման օրը՝  14.10.2016թ., երկրորդ՝ չնայած բանախոսը հայտարարել է, որ  այդ նախագիծը  քննարկման է դրվում և առաջարկների են սպասում, սակայն  այն դրված չէ  կայքի  ո՛չ   «Նախագծեր», ո՛չ «Հանրային քննարկումներ» վերնագրերի տակ, որտեղ որպես նախագիծ է դրված նախորդ պետական ծրագիրը, որի գործողության ժամկետն արդեն անցել է: Ընդհանրապես նախարարության կայքէջը կարիք ունի լուրջ վերանայման, որտեղ դրված պետք է լինեն ինչպես բոլոր կարևոր օրենքների (ինչպիսին է «Կրթության զարգացման  2016-2025թ.թ. ծրագիրը» և  «Ազգային կրթակարգ»-ի) նախագծերը, այնպես էլ` ոլորտին վերաբերող  ֆինանսական տարբեր փաստաթղթեր: Կայքէջի  ցանկացած  վերտառության տակ չափազանց հին տեղեկատվություն է, օրինակ՝ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ վերտառության տակ դեռևս  2012-2013թ.թ. հանրակրթության տվյալներն են ու նման  շատ ու շատ փաստեր:

Նախարարին կից հասարակական խորհրդի  անդրանիկ նիստի բանախոսը այդ պետական ծրագրում կարևորել է. «Ծրագրի պետական քաղաքականության սկզբունքները` ներառականություն, տարածքային համաչափ զարգացում, ազգային և համամարդկային արժեքների համադրում, թափանցիկություն և հաշվետվողականություն»: Ծրագրի այս պահանջները իրականացնելու համար նախարարությունում կառուցվածքային բարեփոխման  անհրաժեշտություն կա: Մասնավորապես, նախ՝ ներառականության քաղաքականության  իրականացման համար անհրաժեշտ է ունենալ ներառական կրթության  բաժին և  պատասխանատու պաշտոնյաներ:

Երկրորդ, ԿԳ նախկին և գործող նախարարները  ամենուրեք խոսում են ներառական կրթության ոլորտում մեզանում ունեցած առաջընթացի մասին, սակայն եթե  դրսից  մեկն ուզենա մեր ԿԳՆ-ի կայքից որևէ տեղեկություն ստանալ, ապա այնտեղ ոչ  նման վերտառությամբ բաժին կգտնի, ոչ էլ այն պաշտոնյաներին կամ պաշտոնյանին, ով  հանրակրթության վարչությունում պատասխանատու  է  հենց այդ  գործընթացի համար, չնայած՝ ԿԳ նախարարից սկսած՝  բոլորն են պատասխանատու:

  1. Հանրակրթության վարչությունն իր կազմում   ունի ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ, որտեղ պաշտոնապես չկա  ներառական կրթության  պետական քաղաքականության համար  պատասխանատու բաժին կամ պաշտոնյա  ու  այս  կարևոր ոլորտը համակարգող  ու   շատ երկար տարիներ պատասխանատու անձը հրամանագրված է որպես «հատուկ կրթության»  մասնագետ:
  2. Բացե՛ք, խնդրում եմ կայքն ու նախարարության  կառուցվածքում  «Հանրակրթություն»   վերնագրի տակ փորձեք գտնել «Ներառական կրթություն»  վերնագիրը: Չկա, ավելին՝ այնտեղ շարունակում է մնալ «Հատուկ  կրթություն»  վերնագիրը, որին արդեն օրենքով փոխարինում է  ներառական կրթությունը:
  3. Այստեղից էլ հետևում է, որ  նախարարության կայքէջը հետաքրքրվողին չի  տեղեկացնում Հայաստանում այս քաղաքականության ներդրման գործընթացի կամ պատմության մասին, այնինչ՝ պետք է  առաջին տեղեկացնողը  լինի  ԿԳՆ-ի կայքը:

ԿԳՆ-ի կայքի մի այլ բացթողման մասին. պետական ծրագրի պահանջն է ԿԳՆ-ի    գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

Կայքէջը նախարարության հրապարակային ու թափանցիկ գործունեության հայելին  է, ու այսօր այն    պատշաճորեն    չի ապահովվում: Կայքում չեք գտնի ԿԳ նախարարությանը ենթակա դպրոցների ֆինանսական փաստաթղթերի մասին տեղեկատվություն, որի կարիքն ունի հասարակությունը: Դպրոցների ֆինանսական փաստաթղթերի հրապարակայնացման օրինակ Հայաստանում կա:  Երևանի քաղաքապետարանի Yerevan.am կայքի ֆինանսական վարչության  էջում   դրված են Երևանի ենթակայության բոլոր դպրոցների և մանկապարտեզների ֆինանսական փաստաթղթերը՝ հաստիքացուցակները, տարիֆիկացիայի թվային տվյալները, նախահաշիվներն ու տարեկան հաշվետվությունները, որտեղից կարելի է ցանկացած դպրոցի ֆինանսական գործունեության մասին տեղեկություններ ստանալ՝ որպես  ժողովրդավարական կառավարման ցուցանիշ:

Կարծում եմ՝ ԿԳՆ-ի ֆինանսական վարչության համար  դժվար չէ նույն գործողությունն իրականացնել և կայքում դնել այդ տեղեկությունները: Ընդ որում, այս պահանջը պետք է դրվի նաև մարզպետարանների  ֆինանսական վարչությունների առջև:

Ընդհանրապես, ԿԳՆ-ում անհրաժեշտություն կա նաև վերանայել կադրային քաղաքականությունը. աշխատում են մարդիկ, ովքեր պատասխանատու են այնտեղ առկա  բազմաթիվ բացթողումների համար, որոնց երկարատև գործունեության անարդյունավետությունն ակնհայտ է:

Անահիտ  Բախշյան

Կրթության փորձագետ

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.