Հայաստանը մտել է սուր շնչառական վարակների սեզոն

- in Առողջություն
grip

Հայաստանն արդեն հոկտեմբերի սկզբից մտել է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոն: Այդ սեզոնը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլ ամբողջ աշխարհի ու հատկապես եվրոպական և մեր տարածաշրջանի երկրներին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերացման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

«Յուրաքանչյուր տարի հոկտեմբերն արդեն համարվում է շնչառական վարակների արձանագրման սեզոն, որն օրինաչափ է և պարբերական»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Թորոսյանը:

Նա հայտնեց, որ հիմա առողջապահության նախարարության կողմից շաբաթական մոնիթորինգ է իրականացվում. բոլոր շնչառական վարակներով հիվանդ անձինք, ովքեր դիմում են պոլիկլինիկական ծառայություններ կամ հիվանդանոցներ, նրանց բոլոր տվյալները հավաքվում են, վերլուծվում են, համեմատվում են ընթացիկ տարվա մի քանի շաբաթների հետ և համեմատվում է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի հետ:

«Վկայակոչելով մոնիթորինգի արդյունքները՝ արդեն կարող եմ ասել, որ իրավիճակի բարդացում այս պահի դրությամբ հանրապետությունում չի դիտարկվում՝ կապված սուր շնչառական վարակների հետ: Իսկ այն հիվանդությունները, այն դեպքերը, որ այսօր արձանագրվում են, սեզոնին բնորոշ են, որովհետև մենք գտնվում ենք սեզոնի մեջ»,- մանրամասնեց մասնագետը:

Լիանա Թորոսյանը հավելեց, որ անցած և նախանցած շաբաթների համեմատ նկատվում է սուր շնչառական վարակներով հիվանդանալու դեպքերի աշխուժացում՝ հստակեցնելով, որ դրանք ոչ թե գրիպի, այլ շնչառական վարակների դեպքեր են:

«Իսկ անցած տարիների նույն ժամանակահատվածի համեմատ մենք այս պահին գտնվում ենք բավականին շահեկան վիճակում: Այսինքն, արձանագրվող դեպքերը 200-400 դեպքով պակաս են, քան նախորդ տարիներին: Արձանագրվող շնչառական վարակները կարող են պայմանավորված լինել մրսածության գործոնով, քանի որ շնչառական վարակները ուղիղ համեմատական են ջերմաստիճանի հետ. ջերմաստիճանն իջնում է, շնչառական վարակները գլուխ են բարձրացնում: Կարող են դիտվել նաև այլ շնչառական վարակների հարուցիչներ՝ ռինովիրուսներ, ադենովիրուսներ և այլն, որոնք գրիպ չեն, սակայն կարող են առաջացնել գրիպանման երևույթներ: Որպես կանոն՝ նման դեպքերում ճիշտ բուժման դեպքում հիվանդները կարող են 3-4 օրվա ընթացքում այդ իրավիճակից դուրս գալ: Իհարկե, այդ շնչառական վարակները կարող են արտահայտվել հարբուխով, քթահոսությամբ, ջերմաստիճանի բարձրացմամբ, մկանացավերով, ջարդվածության զգացումով, ինչը հիմնականում կարող է վերջանալ 3-4 օրվա ընթացքում: Իհարկե, խոսքը երեխաներին չի վերաբերում, որովհետև երեխաների մոտ կարող է բարդանալ՝ ելնելով նրանց իմունային համակարգից, ավելի խոցելի լինելուց»,- պարզաբանեց Լիանա Թորոսյանը՝ մայրիկներին ու հղի կանանց հորդորելով անպայման բժշկի դիմել և չզբաղվել ինքնաբուժմամբ:

Այս շաբաթների ընթացքում իրականացված հետազոտությունների արդյունքում գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել: Լիանա Թորոսյանը վստահեցրեց, որ գրիպի վիրուս հիմա չի կարող շրջանառվել, որովհետև եղանակը տաք է:

«Գրիպի վիրուսները բավականին կայուն են ցուրտ ջերմաստիճանի պայմաններում: Իսկ արևային եղանակը դրանց վրա անմիջական ազդեցություն է ունենում, և ներկայում մենք շրջանառվող գրիպի հարուցիչներ չունենք, սակայն ունենք շրջանառվող այլ հարուցիչներ՝ ռինովիրուսներ, որոնք բերում են գրիպանման երևույթների: Թե ինչ կլինի մյուս ամիսների ընթացքում, մենք կհետևենք զարգացման միտումներին, համաճարակաբանական տվյալները կհամադրենք նաև լաբորատոր տվյալների հետ: Հայաստանն անմիջական կապի մեջ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ, և մենք այնտեղից ստանում ենք տեղեկություններ, որոնք վերաբերում են թե մեր տարածաշրջանի երկրներին, թե եվրոպական երկրներին, թե ամբողջ աշխարհում տիրող վիճակին»,- ասաց մասնագետը:

Նա բնակչությանը կոչ արեց խուճապի չմատնվել, սակայն հավելեց, որ բոլորը պետք է զգոն լինեն: Թորոսյանը կոչ արեց հագնվել եղանակին համապատասխան, հիվանդանալու դեպքում հնարավորության սահմաններում հարկավոր է աշխատանքի չգնալ, երեխաներին մանկապարտեզ կամ դպրոց չուղարկել, որպեսզի վիճակը չբարդանա ու նրանք վարակի աղբյուր չդառնան շրջապատի այլ առողջ անձանց համար:

Մասնագետը հորդորեց հետևել անձնական՝ հատկապես ձեռքերի հիգիենային, չընդունել հակաբիոտիկներ, որովհետև դրանք վիրուսների վրա բացարձակապես ազդեցություն չունեն:

«Մյուս խնդրանքս մեր բնակչությանը՝ լինենք առողջ ապրելակերպի ջատագովը, ապահովենք վիտամիններով հարուստ սննդակարգ, որպեսզի բարձրացնենք մեր իմունային համակարգը, քանի որ դիմացը ձմեռ է, իսկ ձմռան երկրորդ ամսից հանրապետությունում դիտվում է որոշակի սրացում, ինչը օրինաչափ է ու արդեն այդ ժամանակ պայմանավորվում է գրիպի հարուցիչներով»,-եզրափակեց նա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20