Հայաստանի զարգացման և մրցունակ լինելու գլխավոր խոչնդոտը իշխանության մեջ բույն դրած քրեաօլիգարխիան է

- in Տնտեսական
Oligarxner Serj Lfik Samvel

Հայաստանի իշխանական համակարգի բնույթն ու հոգեբանությունը, երևի թե, այլևս գաղտնիք չէ որևէ մեկի համար: Անցած ութ տարիների իրադարձությունները լավագույնս բացահայտեցին այդ ամենը նույնիսկ նրանց համար, ովքեր մինչև այդ չէին նկատել, թե ինչ որակ ունի այն: Իսկ քանի որ այդ առումով արդեն որևէ մեկի համար գաղտնիք կամ անհասկանալի բան չի մնացել, կարելի է վստահ լինել երևույթների հանդեպ հանրային արձագանքի համարժեքության հարցում:

Թերևս դա է պատճառը, որ հասարակությունը ոչ մի կերպ չի արձագանքում իշխանական ելույթներին ու խոստումներին: Ամեն ինչ շատ ավելի հանգիստ է, քան կարելի էր պատկերացնել: Դա հենց նշանակում է, որ հասարակությունը, քաղաքացիները, երկրում տեղի ունեցող ամեն ինչ սկսել են պատկերացնել հստակ, հատկապես իշխանության խոսքի և գործի տրամաբանության մասով, ու այլևս չեն տածում այդ կապակցությամբ որևէ պատրանք:

Թյուր է այն կարծիքը, որ իշխանությունը չի կարող օլիգարխներին ստվերից բերել հարկային դաշտ, քանի որ նրանք են իշխանության համար կեղծում ընտրությունները և ապահովում, այսպես կոչված, հաղթանակը: Իրականում իշխանությունը լավ էլ կարող է ցանկացած օլիգարխի հետ վարվել այնպես, ինչպես ինքը կկամենա, քանի որ բոլոր այդ օլիգարխները աշխատում են ոչ թե սեփական խելքի, մտքի, ինտելեկտի հիմքով, այլ իշխանության հովանավորության, հետևաբար հազիվ թե որևէ մեկն ունենա այդ իշխանությանը հակադրվելու դեպքում իր շահերը հետապնդելու բավարար խելք, միտք, ինտելեկտ: Խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերելու մասին հայտարարության հանդեպ հասարակության թերահավատության հիմքը բոլորովին այլ է, ոչ թե պարզունակ, այլ պարզ:

Պարզ է, որ Հայաստանի զարգացման և մրցունակ լինելու գլխավոր խոչնդոտը իշխանության մեջ բույն դրած քրեաօլիգարխիան է: Ամեն Նոր տարուց առաջ մենք չենք դադարում հուսալ, որ իշխանությունն օլիգարխիային իր միջից արմատախիլ անելու այլընտրանք չի ունենալու, որովհետև երկրի ռեսուրսների սղությունը, արտագաղթի ծավալները ցանկացած բանական իշխանության կմղեին հանգել այդպիսի որոշման:

Սերժ Սարգսյանի նախագահության ողջ ժամանակահատվածում կառավարությունների ղեկավարները խոստացել են, որ կառավարության հարկային քաղաքականության թիվ մեկ թիրախը դառնալու է խոշոր բիզնեսը: Ամեն այդպիսի խոստումից հետո թվում էր` կառավարությունը վերջապես խոսեց ժողովրդի սրտից, թվում էր, թե փոքր ու միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողները վերջապես պետք է թեթևացած շունչ քաշեին ու հանգստանային, որ հարկային վարչարարություն ասված հրեշը մի քիչ հանգիստ կթողնի իրենց: Ոգևորություն չկա: Խանդավառություն՝ նույնպես: Բանն այն չէ, որ հասարակությունը չի հավատում խոշոր բիզնեսին հարկելու իշխանության վճռականությանը կամ հնարավորությանը: Խնդիրը այժմ ավելին է, քան այդ արդեն պարզունակ պատկերացումը:

Խնդիրը սակայն նրանում է, որ իշխանությունն իսկապես կարող է ձեռնամուխ լինել այդ գործընթացին և սկսել հարկել խոշոր բիզնեսի, այսինքն` օլիգարխիայի ներկայացուցիչներին: Սակայն ամբողջ հարցն այն է, թե դրանով ինչ խնդիր է հետապնդում իշխանությունը: Իհարկե, մի քիչ կլցվի բյուջեն, սակայն հիմնական խնդիրը բոլորովին այլ է ու կապ չունի ոչ բյուջեի, ոչ պետական այլ նշանակության հարցերի հետ: Խնդիրը ընդամենը սեփականության վերաբաշխման միջոցով իշխանություն ամրապնդելու մտադրությունն է: Մի կողմ թողնենք, թե Հայաստանում իրականում ինչ որակի է իշխանության ձևավորման մեխանիզմը: Դրա մասին շատ է խոսվել, դա շատ է քննադատվել, դա գաղտնիք չէ որևէ մեկի համար, և խնդիրը այլևս պետք է լինի բացառապես դրա դեմ պայքարը, ոչ թե դրա քննադատությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20