Հայաստանի հասարակությունը` «բարեխիղճ մոլորության» մեջ

- in Հրապարակ
Serj Sargsyan

ՏԻՄ ընտրությունները Հայաստանում արժանացան հանրության այն մեծամասնական արձագանքին, թե այդպիսով բացահայտվեց, որ բարեփոխումների մասին խոսակցությունները Հայաստանի իշխանության համար ընդամենը հռչակագրեր են, իսկ բարեփոխումների իրական մտադրություն բացարձակապես չկա:

Փաստորեն ստացվում է, որ մի ամբողջ հանրություն ընկել է մոլորության մեջ և սպասել, որ ՏԻՄ ընտրություններից պետք է սկսեր Հայաստանի համակարգային բարեփոխումը: Եվ դա այն դեպքում, երբ իշխանությունը մեծ հաշվով այդպիսի բան չի էլ խոստացել:

Այսինքն՝ իշխանությունը բարեփոխումների մասին խոսել է ոչ թե այն կոնտեքստում, որ պատրաստ է հանրային քվեի արդյունքում իշխանափոխության, այլ հակառակը` իշխանությունները բարեփոխումների մասին են խոսում, որովհետև պատրաստ չեն իշխանափոխության, անգամ ՏԻՄ մակարդակում: Եթե իշխանությունը լիներ իշխանափոխության, հասարակական քվեի արդյունքում հեռանալուն պատրաստ, թեկուզ ՏԻՄ մակարդակներում, ապա բարեփոխումների մասին ոչ թե կխոսեր, այլ պարզապես կիրականացներ դրանք:

Այսպիսով, պետք է արձանագրել, որ Հայաստանի հասարակությունը գտնվել է «բարեխիղճ մոլորության» մեջ, կամ այդպիսի մոլորության մեջ են գտնվում մարդիկ, որոնք հավակնում են լինել հասարակության համար այլընտրանքային վերնախավ կամ ընտրախավ: Պարզվում է, որ իշխանություններն ունեն իրենց տրաֆարետները, իսկ ընդդիմադիր ուժերը, հասարակական-քաղաքացիական տարբեր ակտիվ խմբերն էլ ունեն իրենցը, երբ ամեն ընտրությունից հետո կարող են հայտարարել, որ հերթական անգամ իշխանությունները ցույց տվեցին, որ պատրաստ չեն բարեփոխումների: Մինչդեռ ամբողջ խնդիրը այն է, որ իշխանությունները երբեք էլ իրականում ցույց չեն տվել, որ պատրաստ են բարեփոխումներին իրապես, անկեղծ ու ազնիվ մղումով: Պարզապես, Հայաստանում ներքաղաքական վակուումի և մեթոդաբանական սնանկության պայմաններում, հասարակական-քաղաքական ուժերին և ակտիվ խմբերին շահեկան է, որ նախ ստեղծվի իրական բարեփոխումների հեռանկարի պատրանք, որպեսզի հետո արդարացվի հերթական անգամ ընտրական պրոցեսներին ավանդական մասնակցությունը, և այդ մասնակցության անհաջողությունից կամ հերթական անարդյունավետությունից հետո վերստին հղում արվի, թե, տեսեք, իշխանությունները հերթական անգամ խաբեցին: Իրականում, եթե արդեն մեկուկես տասնամյակից ավելի հասարակական-քաղաքական ակտիվը, գործ ունենալով Հայաստանի իշխանության հետ, կարող է իրական մտայնություն ունենալ, որ իշխանությունը պատրաստ է այնպիսի բարեփոխման, որի պարագայում կարող է ենթադրվել իշխանափոխություն, ապա ըստ էության ստացվում է, որ հասարակությանը խաբում է ոչ միայն իշխանությունը, այլ նաև այդ ակտիվը: Կամ այդ ակտիվը համարժեք չէ խնդիրներին, հասարակական շահերին, և գոնե հերթական անգամ խաբվելուց հետո այն պետք է, ի տարբերություն իշխանությունների, հեռանալու ազնվություն ունենա, կամա թե ակամա, իշխանական անազնվություններն ու խաբեությունները լեգիտիմացնելու փոխարեն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments