Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգին գրեթե ոչնչով չզիջող վրացական համակարգի դիմադրությունը

Serj Sargsyan

Երբ խոսք է գնում համակարգային փոփոխությունների մասին, հաճախ է մեջտեղ բերվում այն «փաստարկը», թե Հայաստանում արագ փոփոխություններ հնարավոր չեն, քանի որ եթե Սերժ Սարգսյանն ուզենա էլ, չի կարող միանգամից հաղթահարել քրեաօլիգարխիկ համակարգի դիմադրությունը:

Իսկ որ քրեաօլիգարխիկ համակարգը, առավել ևս Կարեն Կարապետյանի վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո կդիմադրի՝ թերևս աներկբա է: Ի վերջո, համակարգային փոփոխությունն անխուսափելիորեն ենթադրում է քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդում՝ դրանից բխող անգամ քրեական պատասխանատվության դրսևորումներով: Խոսքը վհուկների որսի մասին չէ, այլ տարրական արդարադատության, որովհետև Հայաստանում ներկայումս խոշոր կապիտալիստներից շատերը պարզապես քրեական ճանապարհով են ձեռք բերել և պահում իրենց հարստությունը, հետևաբար արդարադատությունը ուղղակիորեն կարող է վարկաբեկվել, եթե իշխանափոխությունից հետո նրանց հանդեպ չկիրառվի:

Սակայն, ի վերջո, պետք է նաև ընդունել, որ Հայաստանի խոշոր կապիտալիստների շարքերում կան անհատներ, որոնք այս տարիների ընթացքում այդուհանդերձ կարողացել են գիտակցական զգալի աճ ունենալ պետական կարգի և հասարակարգի շուրջ պատկերացումների և ընկալումների առումով ու հասկանում են, որ իրենց համար երաշխիքային է նոր միջավայրը, քան այն, որը կա և գործում է օրենքից ու Սահմանադրությունից դուրս պայմանավորվածությունների մեխանիզմով: Այդ մեխանիզմն ինքնին ական է ցանկացած խոշոր գործարարի տակ, և դրանից հրաժարվելը, թեկուզ և մենաշնորհից կամ օլիգոպոլիայից հրաժարվելու տեսքով, կարող է զգալիորեն ավելի կայուն և անվտանգ միջավայր ապահովել իրենց համար:

Այդ իմաստով կասկած չկա, որ համապատասխան աշխատանքի պարագայում, Հայաստանում կարող է գտնվել խոշոր գործարարների այն շերտը, որն իսկապես կարող է գործընկեր լինել երկրում համակարգային փոփոխությունների գործընթացում: Եվ եթե Սերժ Սարգսյանն իսկապես ուզում է այդպիսի փոփոխություններ իրականացնել, ապա այդ գործարարներին գտնելը, նրանց հետ թիմ կազմելն ու այդ թիմով իսկապես լուրջ գործընթաց սկսելը կդառնա միանգամայն իրատեսական:

Միակ խնդիրն այստեղ ՀՀԿ-ի ներսում խոշորների հնարավոր դիմադրությունն է, որովհետև չի բացառվում, որ եթե Սերժ Սարգսյանը հանկարծ մի օր հրաշքով որոշի գնալ համակարգային փոփոխությունների, հրաշքով քաղաքականություն վերադաձած Գագիկ Ծառուկյանն ու մյուսները որոշեն ինչ-որ պատրվակով Ազատության հրապարակում շաբաթներ շարունակ դուրս չգալ հրապարակներից:

Ահա այդ պայմաններում, համակարգային փոփոխությունների հարցում, այսպես ասած, քրեաօլիգարխիկ ռեսուրսի հնարավոր դիմադրությամբ արդարանալը Սերժ Սարգսյանի մոտ դառնում է արդեն խրոնիկ հիվանդության նման հիմնավորում-պատճառաբանություն:

Ի վերջո, Սաակաշվիլիի հուսադրող փորձը մեր աչքի առջև է, երբ նա շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ կոտրել Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգին գրեթե ոչնչով չզիջող վրացական համակարգի դիմադրությունը:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.