Հին հաշիվները փակելու համար Պետրոս Պապյանի առևանգումն սկսվել է Ռուսաստանում ու չի ավարտվել Երևանում

- in Իրավունք
Bant

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Սարգսյանի նախագահությամբ ընթանում է Կարեն Բենիկի և Սերոբ Կարենի Հովհաննիսյանների գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Կարեն Հովհաննիսյանը, նախնական համաձայնության գալով ոմն Գագոյի հետ, Ռուսաստանում՝ Ռոստովի մարզի Գրաչի գյուղից առևանգել է Երևան քաղաքի բնակիչ Պետրոս Պ.-ին:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 2014 թվականի սեպտեմբերի 1-ին, առավոտյան ժամը 8-ին Կարեն Հովհաննիսյանը գնացել է Պետրոս Պ.-ի՝ Գրաչի գյուղում բնակվող հոր տուն, Պետրոսի կյանքի և առողջության նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու՝ մեքենա չնստելու դեպքում նրան սպանելու սպառնալիքով, շահադիտական դրդումներով, Պետրոսի կամքին հակառակ նրան դուրս է բերել հոր տանից, տեղափոխել է Կրասնոդարի երկրամասում իր կողմից վարձակալված առանձնատուն:

Պետրոսին առևանգելով ու հիշյալ առանձնատանը պահելով՝ ապօրինի զրկելով ազատությունից՝ իր ընկեր Արթուր Գ.-ի հետ Կարեն Հովհաննիսյանը Պետրոս Պ.-ից շորթում է կատարել՝ նրան ներկայացնելով 70-80 հազար դոլար գումարի պահանջ:

Մի քանի օր անց Պետրոս Պ.-ն կարողացել է փախչել այդ առանձնատնից:

Դրանից հետո, արդեն Հայաստանում՝ 2015 թվականի նոյեմբերի 22-ին Կարեն Հովհաննիսյանը վերը հիշատակված Արթուր Գ.-ի ու ևս մի ընկերոջ՝ Արսեն Պ.-ի հետ գիշերվա ժամը 1-ի սահմաններում Երևանի Կոմիտասի պողոտայում գործող «Արևելյան խոհանոց»-ի դիմաց հանդիպել է Պետրոս Պ.-ին, նստել վերջինիս վարած «Մերսեդեսը» ու սպառնացել է, թե իրենց մեքենան չնստելու դեպքում ծեծելով կտեղափոխեն նրան ու կսպանեն:

Այդպես Պետրոսի կամքին հակառակ նորից նրան առևանգել ու տեղափոխել են Արարատի մարզի Նորամարգ գյուղ՝ Արսեն Պ.-ին պատկանող ձկնաբուծարանի տարածքում գտնվող տնակ, ու այնտեղ ստիպողաբար պահել են նրան՝ ապօրինի կերպով զրկելով ազատությունից:

Կարեն Հովհաննիսյանը, Արթուր Գ.-ն, ինչպես նաև ձկնաբուծարան ժամանած Սերոբ Կարենի Հովհաննիսյանը Պետրոսից պահանջել են դեռ նախորդ առևանգման ժամանակ պահանջած գումարը, մի բան էլ ավելի՝ 80-100 հազար դոլար կամ դրան համարժեք գույք: Հակառակ դեպքում Պետրոսին սպառնացել են սպանել, գցել Արաքս գետը:

Արթուր Գ.-ն իրականացրել է շուրջօրյա հսկողություն՝ Պետրոս Պ.-ի կողմից իրենց պահանջը կատարելու դեպքում նրան բաց թողնելու պայմանով:

Գույք հանձնելու պահանջի կատարումն ապահովելու նպատակով 2015 թվականի դեկտեմբերի 2-ին Կարեն Հովհաննիսյանի հանձնարարությամբ ու Սերոբ Հովհաննիսյանի հսկողությամբ, իսկ դեկտեմբերի 7-ին Կարեն և Սերոբ Հովհաննիսյանների հսկողությամբ Պետրոս Պ.-ն գնացել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղ՝ գյուղապետարանից ստացել ու Հովհաննիսյաններին է հանձնել իր պապիկին պատկանող հողամասի հասցեի վերաբերյալ փաստաթուղթը:

Այնուհետև դեկտեմբերի 7-ին, ժամը 22-ի սահմաններում Սերոբ Հովհաննիսյանը Կարեն Հովհաննիսյանի պահանջով Պետրոսին ուղեկցել է Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող շենքերից մեկի մոտ, որպեսզի Պետրոսն ընկերոջից ոսկի վերցնի, գրավ դնի ու ստացված գումարը հանձնի Սերոբին: Պետրոսն օգտվել է մի պահ մենակ մնալու հանգամանքից ու դիմել է փախուստի:

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 8-ին, Կարեն և Սերոբ Հովհաննիսյանները գնացել են Պետրոսի բնակարան, թակել են դուռը, բայց դուռը չի բացվել:

Այդ ընթացքում Սերոբը «Վայբեր» կապի միջոցով հաղորդագրություններով սպառնալիքներ է ուղարկել Պետրոսի ընկերուհուն: Մասնավորապես գրել է. «Ես գիտեմ ինչպես գտնեմ քեզ, եթե չպատասխանես քեզ շատ վատ կլինի… Դուք փախչելու տեղ չունեք… Poxancir Petrosikin vor sa verjn e»:

Կարեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրված մարդու առևանգման ու շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով, 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Սերոբ Հովհաննիսյանը մեղադրվում է շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Spread the love