Մովսես Հակոբյանի նշանակման մարտավարական և ռազմավարական մոտիվները

- in Հասարակություն
movses-hakobyan

Մոտ մեկ տարի առաջ՝ 2015 թ. հունիսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախկին նախարարի պաշտոնից Հայաստանի պաշտպանության փոխնարարի պաշտոնում, իսկ 2016 թ. մայիսի 20-ին ՀՀ ԶՈՒ շտաբի պետի տեղակալի պաշտոնում նշանակված Մովսես Հակոբյանի՝ ՀՀ Զինված ուժերի շտաբի պետի պաշտոնում նշանակելու վերաբերյալ անցյալ երկուշաբթի՝ հոկտեմբերի 3-ին, Սերժ Սարգսյանի կայացրած որոշումը դիտարկելիս հարկ է ուշադրություն դարձնել երկու հանգամանքի վրա:

Նախ անհրաժեշտ է մի քիչ հեռուն գնալ և հասկանալ Մովսես Հակոբյանին Արցախից Հայաստան տեղափոխելու նպատակահարմարությունը։ Ընդհանրապես որքանո՞վ է հիմնավոր Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնատար անձանց տեղափոխումը Երևան, երբ նրանք թողնում են իրենց կարևոր պաշտոնները Ղարաբաղում և տեղափոխվում: Որքանո՞վ է այս երևույթը տեղավորվում Լեռնային Ղարաբաղի անկախ պետություն, անկախ սուբյեկտ լինելու տրամաբանության մեջ, որով առաջնորդվում են հայկական կողմերը միջազգային գործընթացներում, հակամարտության կարգավորման գործընթացում: Արդյոք այս տեղափոխությունները ցույց չե՞ն տալիս, որ իրականում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ֆիկտիվ բնույթ ունի, եթե մեկ հրամանատարով հնարավոր է Ղարաբաղի նախագահին Հայաստանում վարչապետ դարձնել, Ղարաբաղի պաշտպանության նախարարին Հայաստանում՝ կամ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, կամ պետի տեղակալ:

Սրան զուգահեռ, սակայն, հասկանալի է նաև, որ Հայաստանն ու Ղարաբաղն ըստ էության մեկ միավոր են, և այստեղ առանձին սուբյեկտներ գտնելու փորձերն են երևի թե ավելի արհեստական: Այսինքն՝ ըստ էության առաջանում է որոշակի հակասականություն և բախում: Մի կողմից՝ հասկանալի է, որ կարևոր է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման, սուբյեկտության գործոնն առաջ մղելը միջազգային ասպարեզում, մյուս կողմից՝ պետք չէ արհեստականորեն կաշկանդվել ու տարանջատվել միմյանցից: Այս իրավիճակը, սակայն, այս հակասականությունը, սակայն, ունի լուծում:

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պետք է որպես երկու սուբյեկտներ մշակեն նմանօրինակ համագործակցության իրավապայմանագրային դաշտ: Դա կարող է չլինել ուղղակի ճանաչման ակտը, որից խուսափում է Հայաստանը: Թե ինչքանով է այդ խուսափումն արդարացված՝ այլ քննարկման նյութ է: Սակայն հնարավոր է համագործակցության իրավապայմանագրային այլընտրանքային ձևաչափերի մշակում, որը կհարթի ԼՂՀ պետական սուբյեկտության և Հայաստանի հետ միասնականության որոշակի հակասականությունը:

Այսօր միջազգային ասպարեզում այդ հակասականությունը խնդիրներ առաջացնում է, թե ոչ՝ այնքան էլ պարզ չէ, քանի որ գործընթացների մի հսկայական մասը տեղի է ունենում կուլիսներում: Սակայն, ամեն դեպքում, պետք է մտածել, այսպես ասած, ապահովագրվելու մասին, որովհետև այսօր խնդիր չառաջացնող հակասականությունը վաղը կարող են խաղարկել հայկական կողմի դեմ:

Հաջորդ խնդիրն արդեն բուն նշանակումն է, դրա անհրաժեշտությունը: Ինչո՞ւ հիմա առաջացավ Հայաստանի ԶՈՒ շտաբի պետի փոփոխության անհրաժեշտություն: Սա, այսպես ասած, մարտավարակա՞ն անհրաժեշտություն է և պայմանավորված է արդեն այսօր առկա խնդիրներով, թե՞, այդուհանդերձ, տեղի է ունենում ռազմավարական քայլ, այսինքն՝ Մովսես Հակոբյանը դեռ 2015թ. հունիս ամսին Երևան էր տեղափոխվել 2017-18 թվականների ընտրական ցիկլից հետո կադրային վերադասավորումների համար. պարզապես այս ժամակահատվածը նրա համար եղել է, այսպես ասած, ադապտացիոն շրջան:

Այս ամենում, իհարկե, այսօր գերհրամայականը Հայաստանի զինված ուժերի կառավարման խնդիրն է: Եթե Մովսես Հակոբյանի՝ Երևան տեղափոխումը նպաստելու է այդ կառավարման արդյունավետությանը, ապա կարող է ողջունելի լինել, անգամ եթե կատարվում է ներիշխանական ռազմավարության շրջանակներում: Վերջիվերջո այստեղ ըստ էության առանց դրա կատարվողը, այսպես ասած, ավելի դրական չէր, որպեսզի այդ քայլն էլ որակվի վտանգավոր կամ բացասական: Բայց եթե ներիշխանական ռազմավարության տրամաբանությամբ կատարվող այս փոփոխությունները կարող են հանգեցնել բանակում կառավարման թեկուզ փոքր խնդիրների, արդյունավետության թեկուզ փոքր տատանման, ապա այդ քայլը միանշանակ դատապարտելի է:

Բոլոր հարցերի պատասխաններն, իհարկե, կստացվեն առաջիկա ամիսներին, որոնք Հայաստանի համար և տնտեսության, և ռազմական ուղղություններով կարող են լինել շրջադարձային իրողությունների ամիսներ:

Spread the love