Նոր սերունդն ավելի ազնիվ է բեմում. «Էտյուդ» փառատոնը շարունակվում է

- in Մշակույթ

Արդեն 3 օր է «Զեյթուն» մշակութային կենտրոնում անցկացվում է «Էտյուդ» մրցույթ փառատոնի թատերարվեստի և ասմունքի մրցութային փուլը:

Ժյուրիի պատվավոր անդամներ` թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեժիսուրայի ամբիոնի դասախոս,դոցենտ Մարգարիտա Մնացականյանը, դերասանուհի, թատրոնի և կինոյի ինստիտուտի բեմական խոսքի ամբիոնի դասախոս, դոցենտ, Սոֆիկ Սարգսյանը, ռեժիսոր Արթուր Վարդանյանը և ասմունքող, Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոս Արսեն Ղազարյանը  3 օր դիտում և քննարկում են ինչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի մի շարք մարզերի թատերախմբերի և ասմունքող երեխաների ու պատանիների ելույթները: Մարգարիտա Մնացականյանի խոսքով  նոր սերունդն ավելի ազնիվ է բեմում: Ինչպես նա, այնպես էլ ժյուրիի մյուս անդամները համոզված են, որ հենց այս փառատոնի մասնակիցներից շատերը տարիներ հետո մեծ բեմեր են գրավելու:

Կապանի արվեստի դպրոցի սաների համար «Էտյուդը» առաջին փառատոնը չէ: Նրանք մասնակցել են Գյումրիում անցկացված «Վերածնունդ» փառատոնին և  գրավել առաջին հորիզոնականը: Այսօր նրանք ևս մարտական էին տրամադրված. ներկայացրին Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» հեքիաթը: Երեխաներին եկել էր ոգևորելու արվեստի դպրոցի տնօրեն՝ Մարինա Նահապետյանը, ով  նշեց ,որ  երեխաների ոգևորությունը և անկաշկանդ խաղը բեմում, միանշանակ, կտա  արդյունք: Մարինա Նահապետյանի կարծիքով մարզերի երեխաները ոգևորությամբ են մասնակցում նման փառատոնների, քանի որ կտրում են երկար ճանապարհ:

Փառատոնային ելույթների արդյունքները կամփոփվեն և հաղթողների անունները կհայտարարվեն նոյեմբերի 4-ին Երևանի պետական համալսարանի դահլիճում:

Արևիկ Ղարիբյան

Լուսանկարը` Անի Մնացականյանի

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments