Սերժ Սարգսյանը բարձրացրել է ներիշխանական կոմպրոմիսի գինը

- in Հրապարակ
Serzh Sargsyan

Հանրության տարբեր շերտեր ակտիվորեն քննարկում են նոր վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը, որ նա ունեցել է կառավարության ծրագրի ընդունումից հետո հինգ հեռուստաընկերությունների լրագրողների հետ:

Այդ հարցազրույցում սակայն առավել աչքի ընկնողը ոչ թե Կարապետյանի արտահայտած մտքերն ու մոտեցումներն էին, որոնք նա արդեն իսկ հասցրել էր տարբեր առիթներով ներկայացնել հասարակությանը, այլ հարցազրույցի ընդհանուր տոնայնությունը: Կարեն Կարապետյանը հարցազրույցի ընթացքում կրկնեց այն միտքը, որ արտահայտել էր նաև մի քանի օր առաջ ԱԺ ամբիոնից, առ այն, որ ինքը պետք է փորձի մոտիվացնել, ակտիվացնել հասարակությանը, գործարար աշխարհին հանել ապատայից:

Այն, որ Կարապետյանը հստակ է սահմանել թիրախը, այսինքն՝ հասարակությանն ապատիայից հանելը, գործարար աշխարհին, ասել կուզի առաջին հերթին չտանիքավորված, հովանավորչությունից դուրս բիզնեսին մոտիվացնելը, անհերքելի է և անվիճելի: Առանց դրա չի ստացվի ոչինչ: Սակայն, մյուս կողմից, Կարեն Կարապետյանի հարցազրույցի, պատասխանների, իրավիճակի գնահատականների, հեռանկարների վերաբերյալ արտահայտությունների, պատասխանների տոնայնությունը ոչ թե մոտիվացնող, այլ ըստ էության ավելի հուսալքող է:

Խնդիրը այն չէ, որ վարչապետը պետք է տա խոստումներ, անի հայտարարություններ, որոնք վարդագույն ապագայի, ֆանտաստիկ հեռանկարների մասին են, տարածաշրջանային կենտրոնների և այլնի վերաբերյալ, ինչպես մեր նախկին վարչապետներից մեկի պարագայում էր: Խնդիրը ամենևին իռացիոնալ հայտարարությունների մասին չէ, այլ պարզապես հասարակությանը, գործարար աշխարհին մոտիվացնող էներգետիկայի, որ պետք է բխի Կարեն Կարապետյանի հանրային ելույթներից, որը սակայն բացակայում է: Մի կողմից մենք հասկանում ենք, որ Հայաստանում իրավիճակը այնպիսին չէ, Կարապետյանը այնպիսի տնտեսություն չի ժառանգել, որն առանձնապես մեծ էներգետիկայով խոսելու տեղիք կտա, հիմքեր կտա: Սակայն, մյուս կողմից, այս հագմանքն էլ ստեղծում է տպավորություն, որ Կարեն Կարապետյանը իրավիճակին սկսել է մոտենալ դատապարտվածության զգացումով, այն զգացումով, որ պարզապես իր վրա ինչ-որ բան են պատրաստվում դուրս գրել, կամ ավելի կոնկրետ՝ դուրս գրել ներիշխանական ճգնաժամը, ինչի համար էլ Սերժ Սարգսյանը չափազանց սրել է իրավիճակը «նոր ոգու» մասին հայտարարությամբ:

Սրելով իրավիճակը ՀՀԿ-ի մեծամասնության առաջ՝ Սերժ Սարգսյանն ըստ էության բարձրացրել է ներիշխանական կոմպրոմիսի գինը: Թե հատկապես ինչի շուրջ կլինի այդ կոմպրոմիսը, մի կողմից դժվար է ասել, մյուս կողմից երևի թե ոչ այնքան՝ հավանաբար Սերժ Սարգսյանի առաջնորդության շուրջ: Այսպես թե այնպես, երբ ձեռք բերվի այդ կոմպրոմիսը, Կարեն Կարապետյանն իր կառավարության հետ միասին ըստ ամենայնի կզոհաբերվի: Կարապետյանը չի կարող չզգալ ու չհասկանալ այս խնդիրները, հատկապես այն բանից հետո, երբ ՀՀԿ-ականները որոշակի դադարից և կարկամումից հետո ներկայումս այնպես են լծվել Կարապետյանի շուրջ սպասումների ձևավորմանը, որ այդպես կարող է լինել կամ լիակատար տնտեսա-քաղաքական անմեղսունակության պայմաններում, կամ էլ պարզապես այդ սպասումներով բարձրացված կառավարությանը հնարավորինս ավելի ներքև գլորելու դիտավորությամբ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments