Սերժ Սարգսյանը «սուրը» տվեց կառավարության ձեռքն ու հրահանգեց` առաջ

- in Հասարակություն
Serj Sargsyan

Կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում Սերժ Սարգսյանի ելույթից այնպիսի տպավորություն էր ստեղծվեց, որ ոչ թե հոկտեմբերն է, այլ սեպտեմբերի 1-ը, իսկ ելույթն էլ ոչ թե կառավարության նիստում է, այլ հանրակրթական դպրոցներից մեկի առաջին դասարանում, որտեղ ուսուցիչը դիմավորում է առաջին անգամ դպրոց ոտք դրած աշակերտներին:

Մյուս կողմից, չնայած գործ ունենք նոր կառավարության և, բնականաբար, նախարարական պաշտոններ ստացած հասուն մարդկանց հետ, այնուամենայնիվ ակնհայտ է, որ հայաստանյան իշխող համակարգում նրանց զգալի մասը իսկապես «առաջին քայլերն» անող աշակերտի կարգավիճակում է, և այս իմաստով, իհարկե, նրանց գործունեության հարցում շատ կարևոր է լինելու այն, թե ինչպես կպահի իրեն «ուսուցիչը»` Սերժ Սարգսյանը:

Այս կառավարությունը, ըստ էության, ապաքաղաքական կառավարություն է՝ այն իմաստով, որ այս կառավարությունը չունի քաղաքական հենարան, չունի քաղաքական արմատներ: Իսկ առանց դրա չի կարող աշխատել որևէ կառավարություն: Սերժ Սարգսյանն ապահովելու է քաղաքական արմատը: Այսօր Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ կապահովի: Նա հայտարարել է, որ պետական կառավարման բոլոր օղակները կաջակցեն նոր կառավարությանը, բայց գործ անողն իհարկե պետք է լինի կառավարությունը:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանն ըստ էության ակնարկել է, որ ամենևին կաշկանդված չի լինելու նոր կառավարությամբ, և եթե չլինի գործ, չի լինի նաև աջակցություն: Այս ակնարկը Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 6-ի ելույթի տողատակերում բավական ուշագրավ է: Ըստ էության, Սարգսյանը դնում է կառավարության հանդեպ իր վերաբերմունքի հիմքում մի բանաձև, որը նրա հմար հետագայում ճկունություն է ապահովելու կառավարության հանդեպ վերաբերմունքի հարցում: Որովհետև ինքնին պարզ է, որ ինչպիսին էլ լինի այս կառավարությունը, առնվազն առաջիկա տարիներին այն, ինչպեսև ըստ էության որևէ կառավարություն, չի կարողանալու լինել այնպիսին, որ առնվազն հնարավոր չլինի ցանկության դեպքում աշխատանքը գնահատել անբավարար:

Այս տեսանկյունից, Սերժ Սարգսյանն ընդհանուր առմամբ քաջալերելով և հայտնելով իր աջակցությունը նոր կառավարությանը, նախարարներին, նրանց հռչակելով փոփոխությունների լոկոմոտիվ և կոչ անելով նայել ու շարժվել առաջ, մյուս կողմից իր վերաբերմունքի առանցքում դրել է ըստ էության շատ ավելի զուսպ և չափավոր մի նշաձող, որն ինչ-որ իմաստով նաև քաղաքական դամոկլեսյան սուր է նոր կառավարության գլխին: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը մի կողմից «սուրը» տվեց կառավարության ձեռքն ու հրահանգեց` առաջ, մյուս կողմից էլ մեկ այլ սուր կախեց կառավարության գլխին:

Spread the love