Վարչապետը պայթեցրեց ԲՀԿ-ին

Naira Zohrabyan

Խորհրդարանում կառավարության ծրագրի ընդունումից հետո ամփոփիչ ելույթ ունենալով, վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է ԱԺ խմբակցությունների դիրքորոշումներին: Երբ հերթը հասել է Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, նա ասել է «Բարգավաճ հանրապետական», ինչը պայթեցրել է դահլիճը:

www.lragir.am Բոլորն սկսել են հռհռալ, իսկ Կարեն Կարապետյանը դեմքի անմեղ արտահայտությամբ ասել է, թե դիտմամբ չի արել, բայց այդպես էլ չի արտաբերել այդ կուսակցության անունն ամբողջությամբ:

Շարունակելով խոսքը, նա ասել է, թե իր համար այդպես էլ հասկանալի չի դարձել Բարգավաճի դիրքորոշումը եւ թե ինչու է կուսակցությունը հրաժարվել քվեարկելուց:

Սա սակայն այն դեպքն է, երբ ԲՀԿ-ի համար ավելի «լավ» կլիներ, որ վարչապետը դիտմամբ ասեր, քան լեզվի սայթաքում ունենար, եւ կարելի կլիներ այդ դիտավորությունը վերագրել ինչ որ բաների, իսկ այս դեպքում փաստացի վարչապետն ասել է այն, ինչ մտածել է, կամ պատկերացրել: Առավել եւս, հաշվի առնելով, թե ով է ԲՀԿ-ի ներկայիս «հովանավորը»:

Խոշոր հաշվով, նա չի սխալվել, նկատի առնելով ԲՀԿ-ի դերն ու նշանակությունը ՀՀԿ-ի իշխանության եւ մեծամասնության ձեւավորման գործում: ԲՀԿ-ն մի կողմից «փակել» է ընդդիմության դաշտն իր ահռելի ռեսուրսով, մյուս կողմից ապահովել «երկրորդ համարի» գործառույթը, ինչպես դիպուկահարների պարագայում:

Այս հանգամանքը հատկապես վառ արտահայտվեց 2012-ի խորհրդարանի ընտրությանը, երբ ԲՀԿ-ի վրա կառուցվեց ՀՀԿ արդեն բացարձակ, սահմանադրական մեծամասնությունը:

Դրանից հետո ԲՀԿ-ն սկսեց կետային հարվածներ հասցնել ՀՀԿ-ի բոլոր հակառակորդներին, իսկ նրա շուրջ հավաքված «բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը» ապականեց քաղաքական ու մեդիա դաշտը:

2014-ը ԲՀԿ-ի գործունեության պիկն էր. «բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը» հասավ եվրասիական դամբարանին Հայաստանի բռնակցման անշրջելիությանը, իսկ ներքին դաշտում՝ ներքին հեղաշրջմանը եւ օլիգարխիայի կառավարության կազմավորմանը Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

Այսպիսով, ԲՀԿ-ն նույն «կաթսայում» հավաքեց բոլորին, որից հետո էլ սկսվեց այդ կառավարության ապամոնտաժման գործը: Նախ քաղաքականությունից հեռացվեց ԲՀԿ առաջնորդը, ապա ներքին ու արտաքին որոշակի իրադարձությունների՝ ապրիլյան պատերազմի, ՊՊԾ գնդի գրավման շուրջ ստեղծված իրավիճակի արդյունքում հասունացվեց օլիգարխիայի կառավարությունը ցրելու գործընթացը:

ԲՀԿ գաղափարախոսությունն ու դիրքորոշումներն այդպես էլ երբեւէ հայտնի չդարձան հանրությանը, փոխարենն առանցքային հարցերում, որոնք վերաբերվում են արտաքին քաղաքականությանն ու ներքին տնտեսա-քաղաքական կառուցվածքին, այդ կուսակցությունը լիովին համերաշխ է իշխանության դիրքորոշման հետ: Իսկ վերը նկարագրված իրադարձությունների արդյունքում այդ կուսակցության գոյությունը դարձավ լիովին անհասկանալի ու ինչ որ առումով անհեթեթ, առավել եւս այն հրապարակումների ֆոնին, որ կուսակցությունը «պահում» է Հովիկ Աբրահամյանը: Այսինքն, ՀՀԿ առանցքային դեմքերից մեկը հովանավորում է ԲՀԿ-ն, որպես իր քաղաքական հենարան:

Կարեն Կարապետյանի «լեզվի սայթաքումն» ըստ էության այս իրողությունների արդյունքն էր: Նա այսպես ասած տեխնոկրատ կառավարիչ է, որի հայացքներն ու գնահատականները գտնվում են այլ հարթությունում, խիստ որոշակի չափանիշներով: Այդ առումով, նա հանգիստ խղճով կարող էր ասել Հայ բարգավաճ կոնգրես կամ Հայ հանրապետական կոնգրես, Հայ բարգավաճ դաշնակցություն կամ Հայ հանրապետական դաշնակցություն (նայած թե պատմական տվյալ հանգրվանում ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն ում հետ են «երկխոսության» կամ կոալիցիայի մեջ), Բարգավաճ վերածնունդ կամ Հանրապետական վերածնունդ եւ այլն:

Իսկ Կարեն Կարապետյանից դժգոհելու պատճառ նրանք չեն կարող ունենալ, իրավունք չունեն ունենալ՝ թող հիշեն 2014 թ. դեկտեմբերի քվեարկությունները Ազգային ժողովում:

Մանրամասները կարդացեք www.lragir.am-ում

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments