Վրաստանում սկսվել են խորհրդարանական ընտրությունները

Georgia

Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժամը 8.00-ին։ 

Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի ավելի քան 3.51 մլն մարդ։ ԿԸՀ-ն կազմակերպել է 3645 ընտատեղամասերը 73 ընտրատարածքներում քվեարկության համար։ Դրանք բաց կլինեն մինչև ժամը 20.00-ն։

150 տեղանոց խորհրդարանի պատգամավորներն ընտրվում են 4 տարով։ Ընտրություններն անցկացվում են խառը ընտրական համակարգով՝ 77-ն ընտրվում են կուսակցական ցուցակներով (համամասնական համակարգ), 73-ը՝ մեծամասնական համակարգով։

Կուսակցական ցուցակներով խորհրդարանում տեղերին հավակնում են 19 կուսակցություն և 6 ընտրական բլոկ։ Անցման շեմը կազմում է 5 տոկոս։ Քվեարկությանն ընտրողների մասնակցության շեմը բացակայում է։

Ավելի վաղ երկրում իրականացվել են սահմանադրական փոփոխություններ, որոնք սահմանափակում են նախագահի իրավունքներն ու ընդլայնում վարչապետի ու խորհրդարանի լիազորությունները։ Առավել մեծ թվով ձայներ հավաքած կուսակցությունը կառաջադրի վարչապետի թեկնածու։

Գլխավոր մրցակիցներ են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ու ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը»։

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին խորհրդարանական ընտրություններից առաջ դիմել է երկրի բնակչությանը և բոլորին կոչ է արել գնալ ընտրատեղամասեր ու կատարել իրենց ընտրությունը.

«Վրաստանում ժողովուրդը իշխանության աղբյուր է։ Ժողովուրդն այդ իշխանությունն իրականացնում է ընտրությունների ճանապարհով։ Մենք գնում ենք ընտրությունների, որպեսզի հզորացնենք մեր հայրենիքը։

Մենք գնում ենք ընտրությունների, որպեսզի հստակեցնենք մեր ապագան և ամրապնդենք ժողովրդավարությունը։ Ազատ մարդիկ ազատ ընտրություններում հստակեցնում են երկրի ապագան։

Մենք պետք է մասնակցենք ընտրությունների և պատասխանատվություն ստանձնենք երկրի ապագայի համար»։

Վրաստանի արդարադատության նախարարության փոխանցած վերջին  տվյալների համաձայն՝  երկրում  3 մլն 473 հազ. 316 ընտրող կա: Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 29 կուսակցություն/բլոկ։

Խորհրդարանում հայտնվելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5% ընտրական շեմը, իսկ մեծամասնական ընտրատարածքներում 50%-ից ավելի ձայն հավաքող թեկնածուն կլինի հաղթողը:

Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորներից  77-ն ընտրվելու համամասնական ընտրակարգով, 73-ը՝ մեծամասնականով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝Վրաստանում 73 միամանդատ ընտրատարածքներից 12-ում մեծամասնություն են կազմում էթնիկ փոքրամասնությունները:

Ներկայիս խորհրդարանում 3  հայ կա՝ Ռուսլան Պողոսյանը, Հենզել Մկոյանն ու Սամվել  Պետրոսյանը, ով այս ընտրություններում չի առաջադրվել:

Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական ընտրատարածքում 8 թեկնածու է պայքարում, սակայն հիմնական պայքարն ընթանում է ընդդիմության թեկնածու, Նինոծմինդայի նախկին ոստիկանապետ Արսեն Կարապետյանի և իշխանության թեկնածու, գործող պատգամավոր Հենզել Մկոյանի միջև, ով «Միացյալ ազգային շարժումը» լքել է  2012 թ.-ին:

Ախալքալաքում մեծամասնական ընտրատարածքում «Վրացական երազանքից» առաջադրվել է Հենզել Մկոյանը, «Միացյալ ազգային շարժումից»՝ Արսեն Կարապետյանը, «Ազգային ֆորումից»՝ Արմենակ Փոլորչյանը, ինքնաառաջադրվել են Ռոբերտ Ջաղացպանյանը և Արտաշես Պալանջյանը, «Դավիթ Թարխան Մոուրավի, Իրմա Ինաշվիլի, Վրաստանի հայրենասերների դաշինքը, միացյալ ընդդիմությունից» առաջադրվել է Մերուժան Կարախանյանը, «Պաատա Բուրճուլաձեի – Պետությունը Ժողովրդի համար» բլոկի կողմից՝ Շաքրո Այվազյանը, «Հանրապետական կուսակցության» կողմից առաջադրվել է Աշոտ Սահարյանը: Ընդհանուր առմամբ, Վրաստանում տարբեր քաղաքական ուժերի կողմից մասնակցում է 26 հայ թեկնածու:

2015 թվականին  Վրաստանի խորհրդարանի ընդունած Ընտրական օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված որոշ ընտրատեղամասեր միավորվել են մեկ ընտրատարածքում ընտրողների 47 000 թիվն ապահովելու համար: Սրանով պայմանավորված, հայաբնակ Ախալքալաքն ու Նինոծմինդան միավորվել են մեկ ընտրատարածքում և հետևաբար ունենալու են մեկ մեծամասնական թեկնածու:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.