Serzh Sargsyan

Նյու Յորքում կազմակերպված ներդրումային համաժողովը, որին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը, ըստ էության անցել է առնվազն հրապարակային մակարդակում առանց որևէ տպավորիչ արդյունքի և նույնիսկ ընթացքի:

Ինչ խոսք, նմանօրինակ միջոցառումները սովորաբար ավելի շատ նման են այսբերգի, և դրանց ոչ տեսանելի, ստորջրյա հատվածն ավելին է, քան այն, ինչ կա և երևում է մակերևույթին: Մյուս կողմից, սակայն, Հայաստանի տնտեսական իրավիճակը, միաժամանակ նաև միջազգային վարկանիշը հատկապես սեպտեմբերի 3-ից հետո այնպիսին է, որ առկա է հրապարակային զարգացումների էական անհրաժեշտություն, և եթե դրանք չկան, հազիվ թե հնարավոր է պատկերացնել, որ ինչ-որ բան կատարվում է, այսպես ասած, ստորջրյա մակարդակում: Առավել ևս, որ այդ իմաստով Հայաստանի պարագան ունի մի առանձնահատկություն, որն ամենևին չի խոսում Հայաստանի ներդրումային գրավչության մասին:

Բանն այն է, որ հրապարակային մակարդակում քննարկելով միջազգային տնտեսության և քաղաքականության տեսանկյունից բավականին համարժեք հարցեր, բարձրացնելով համարժեք խնդիրներ և գծելով հեռանկարներ՝ Հայաստանի իշխանությունը ստորջրյա մակարդակում գործում է միարժեք տրամաբանությամբ, և այդ միարժեքությունը միտված է լինում ռուսական քաղաքականության շահերի շրջանակը սպասարկելուն, Հայաստանի քայլերն այդ շրջանակին հարմարեցնելուն:

Ահա այս տեսանկյունից, մակերևույթին և ստորջրյա հատվածում տեղի ունեցողը Հայաստանի պարագայում չափազանց հակասական և անվստահելի է, և այդ անվստահությունն առկա է առաջին հերթին հենց միջազգային ներդրողների համար, որոնք չգիտեն, թե իրենց հետ ինչ-որ հարցեր քննարկելուց հետո ի՞նչ կանի Հայաստանի իշխանությունը, ինչքանով կլինի այդ քննարկումներին հավատարիմ:

Եվ այս իմաստով, երբ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում հայտարարում է, որ Հայաստանը բարենպաստ ներդրումային խաչմերուկ է, դա իսկապես այդպես է, բայց դա առավել անվստահելի հայտարարություն է «իրական քաղաքականության»՝ ռեալ պոլիտիկի ռեժիմում, քան եթե Սարգսյանը հայտարարի, որ Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ տնտեսական և քաղաքական համաձայնություններին և հետևողական է լինելու այդ հարցում, Հայաստանն էլ հետևողական է լինելու ռուսական քաղաքականության կցորդի իր կարգավիճակում:

Դա գոնե ներդրողների համար ստեղծում է ավելի կանխատեսելի իրավիճակ: Իսկ կանխատեսելիությունը ներդրողի համար առաջնային չափանիշ է: Իհարկե, ընդհանուր առմամբ պետության վարկի տեսանկյունից դա բացարձակապես գրավիչ չէ, և հակառակը: Սակայն դա է իրականությունը: Եվ այստեղ մենք հանգում ենք ընդհանուր, խոշոր խնդրի, որ առկա է Հայաստանի հարցում ներդրումային գրավչության, առավել ևս՝ միջազգային խոշոր ներդրողների համար վստահելիության և հետաքրքրության տեսանկյունից: Այդ խնդիրն այն է, որ իրական քաղաքականության` ռեալ պոլիտիկի ռեժիմում Հայաստանի թե՛ կարգավիճակը, թե՛ քայլերը, թե՛ քաղաքականության տրամաբանությունը որևէ կապ չունեն Հայաստանի իրական շահերի հետ՝ որպես ինքնիշխան պետական սուբյեկտի, որպես անկախ պետականության:

Այս առանցքային խնդիրը պահանջում է լուծում, և քանի դեռ Հայաստանի պետական քաղաքականությունը ներդաշնակ չէ իր իսկ պետական շահերի հետ, հազիվ թե միջազգային ներդրողները շահ տեսնեն այդպիսի Հայաստանում, կամ այնպիսի շահ, որը ևս համարժեք ու ներդաշնակ լինի հայկական պետականության շահերին:

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.