Ծառուկյանի վերադարձն անխուսափելի է, դա ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի փրկությունն է, ՀՅԴ-ի «վախճանը»

Serzh Gagik

Կամ՝ Նաիրա Զոհրաբյանի վարած քաղաքականության արդյունքն ու հետևանքները.

Վերջին օրերին ծավալված կամ ավելի շուտ ակտիվացված թեման՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական վերադարձի խնդիրը, երեկ ստացավ նոր զարգացում և ինտրիգ:

Այն ավելացրեց հենք ինքը՝ Ծառուկյանը՝ ըստ էության չհերքելով, որ կարող է վերադառնալ քաղաքականություն, եթե «քաղաքականության կարկառուն գործիչները չկարողանան փոխել վիճակը»: Թե հատկապես ում նկատի ուներ Ծառուկյանը՝ կարկառուն գործիչ ասելով, շատ դժվար է ասել:

Համենայն դեպս, խոսքը հնչեցվել է հրապարակավ, հետևաբար՝ դրա տակ հնարավոր է նկատի ունենալ շատերին, այդ թվում նաև՝ Ծառուկյանի նախկին կուսակիցներին, որոնք հանդես էին գալիս ԲՀԿ-ի առավել կոշտ գործողությունների դիրքերից և Ծառուկյանին էլ մղում էին առավել կոշտ կեցվածքի: Այս գործիչները, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի թեթև ձեռքով, իմա՝ կուսակցության ներսում վարած անհեռատես քաղաքականության արդյունքում, հիմնականում հանգրվանել են ԲՀԿ-ից դուրս եկած Վարդան Օսկանյանի կուսակցությունում՝ «Համախմբումում»:

ԲՀԿ-ում Վարդան Օսկանյանն էր այդ կոշտ թևի դե ֆակտո առաջնորդը, և այս առումով հիշարժան է, որ Գագիկ Ծառուկյանն ու նրա, այսպես ասած, թևակիցները պարբերաբար հայտարարում էին՝ Սերժ Սարգսյանի իշխանության հասցեին Օսկանյանի կոշտ ելույթների կապակցությամբ, որ դա նրա անհատական, անձնական կարծիքն է: 2015 թվականի փետրվարից հետո այս առումով ստեղծվեց իսկապես ուշագրավ ու երկակի մի վիճակ, երբ կոշտ գծի կողմնակիցները Ծառուկյանին մղում էին Սերժ Սարգսյանի հայտնի ելույթին կոշտ պատասխան տալու և գործողությունների, իսկ Ծառուկյանն ի վերջո ընտրեց տեղի տալը, հեռանալն ու Սարգսյանի հետ հաշտության գալը: Եվ այսօր, կարկառուն գործիչների մասին խոսելով՝ Գագիկ Ծառուկյանը հավանական է՝ նկատի ունի առաջին հերթին հենց ԲՀԿ-ին այն կոշտ թևը, որն այսօր կազմում է «Համախմբում» կուսակցության կորիզը:

Այս տեսանկյունից, Ծառուկյանի վերադարձը կարող է յուրօրինակ մարտահրավեր լինել հենց Վարդան Օսկանյանի կուսակցությանը, որի համար, ըստ որոշ տեղեկությունների, որ հրապարակվել են մամուլում, այսօր ակտիվորեն սկսել է աշխատել ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Այդ իմաստով չի բացառվում նաև, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը միտված է թուլացնել այն էֆեկտը, որ Սամվել Բաբայանի ակտիվ աշխատանքը կարող է թողնել Վարդան Օսկանյանի կուսակցության նախընտրական հեռանկարների համար: Մյուս կողմից, Ծառուկյանի վերադարձի բացասական էֆեկտը իրենց վրա կզգան ընդդիմադիր դիրքերից հանդես եկող բոլոր կուսակցությունները, ոչ միայն «Համախմբումը»:

Ակնհայտ է, որ եթե Գագիկ Ծառուկյանի վերադարձի որոշումը կայացվում է, և նա մտնում է ակտիվ քաղաքականություն ԲՀԿ-ի նախագահի պաշտոնում, նա վերստին համապետական մասշտաբով իր վրա է վերցնելու բողոքական ընտրազանգվածին, դժգոհ ընտրազանգվածի մի ահռելի մասի լիցքերը և իր ֆինանսական ռեսուրսների և ժողովրդական խարիզմայի միջոցով զգալիորեն չեզոքացնելու է դրանք: Այդ տեսանկյունից Գագիկ Ծառուկյանը ընդդիմադիր բոլոր ուժերին կարող է զրկել առաջին հերթին լյումպեն ընտրառեսուրսից, ինչը Հայաստանում քիչ չէ, և դրանից բացի, նաև այսպես ասած հավասարակշռված դժգոհությամբ ընտրական ռեսուրսից, որը լյումպեն չէ, սակայն քաղաքական պրոցեսներին մոտենում է ծայրահեղ պրագմատիզմով և տարբեր պատճառներով կնախընտրի քաղաքականության մեջ ծառուկյանական սոցիալ-տնտեսական ռեսուրսի հետ թեկուզ փոքր ծավալի և կարճաժամկետ պայմանավորվածությունը, քան հավերժ տեսական ընդդիմադիր քվեարկությունը:

Լավ է սա, թե վատ, բոլորովին այլ խոսակցության առարկա է, բայց դա իրականությունն է, որը իր ամբողջ հասակով կանգնած էր բոլորի առաջ մինչև 2015 թվականի փետրվարը, և կկանգնի նաև 2017 թվականի ապրիլին, եթե մինչ այդ Գագիկ Ծառուկյանը որոշի վերադառնալ ակտիվ քաղաքականություն: Այդպիսով, եթե մինչև 2015-ի փետրվար նրա ներկայությունը մարտահրավեր էր իշխանության համար, ապա այժմ արդեն դա մարտահրավեր է լինելու ընդդիմության համար: Նվազեցնելով ընդդիմության ընտրական ռեսուրսը՝ Գագիկ Ծառուկյանը ընդդիմադիր ուժերին կթողնի միայն շատ փոքր մաս կազմող գաղափարա-արժեքային ինտելեկտուալ, քաղաքացիական ընտրազանգվածը, ինչը նաև կսրի ներընդդիմադիր՝ առանց այդ էլ բավականին թեժ մրցակցությունն այդ փոքր շերտի համար:

Ընդ որում՝ Ծառուկյանի վերադարձը ոչ միայն ընդդիմադիր դիրքերից ներկայացող ուժերի համար էապես կսրի ընտրական ռեսուրսն ու ներքին պայքարը, այլև զգալիորեն կսահմանափակի խորհրդարանի մանդատների ծավալը, քանի որ ակնհայտ է, որ վերադարձի դեպքում Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ն վերստին կհավակնի ՀՀԿ-ից հետո երկրորդ ուժը լինելուն: Այստեղ հարցեր են առաջանում նաև ՀՅԴ-ի համար, որովհետև չի բացառվում, որ ՀՀԿ-ն ընտրությունից հետո որոշի պայմանավորվել երկրորդ տեղում հայտնված ԲՀԿ-ի հետ` խորհրդարանական մեծամասնության հարցում, և այլևս չդիմել ՀՅԴ օգնությանը:

Ի վերջո, Ծառուկյանի վերադարձը` այն էլ այդպիսի աղմկոտ հեռացումից հետո, ցույց կտա, որ ոչինչ երաշխավորված չէ, առավել ևս՝ ՀՅԴ-ի հետ ՀՀԿ հետխորհրդարանական կոալիցիան: Ծառուկյանի վերադարձի պարագայում ՀՅԴ-ի համար ոչ թե կոալիցիան, այլ նույնիսկ խորհրդարանի 5 տոկոսը կարող է լինել հաջողություն:

Դավիթ ԼՈՐԵՆՑ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments